Իրան-ԱՄՆ. որքա՞ն կխորանա ճգնաժամը

Իրան-ԱՄՆ. որքա՞ն կխորանա ճգնաժամը

ԱՄՆ-Իրան հարաբերություններն իրենց պատմության ամենալարված փուլերից մեկն են ապրում: Լարվածությունն աճում է, սակայն դեռեւս բաց առճակատում չկա: Չնայած Վաշինգտոնի քաղաքական վերնախավը հայտարարում է, որ իր նպատակը ոչ թե Իրանում իշխանափոխության իրականացումն է, այլ Իրանի մերձավորարեւելյան քաղաքականության զսպումը, այդուհանդերձ, ԱՄՆ-ն հարմար պահը միշտ պատրաստ է օգտագործել, եթե Իրանում ներքաղաքական գործընթացներ լինեն, սոցիալական կամ քաղաքական բողոքի ալիքներ բարձրանան: Միաժամանակ Վաշինգտոնի քաղաքական վերնախավը հասկանում է, որ Իրանի հարցում չհաշվարկված եւ անզգույշ քաղաքականությունը չափազանց վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ հենց Թրամփի վարչակազմի քաղաքական ապագայի համար:

2020թ. նոյեմբերի ընտրություններից առաջ ցանկացած ձախողում կարող է Թրամփի պարտություն նշանակել: Դրա նախադեպը կա` 1980թ. ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերը պարտվեց Ռոնալդ Ռեյգանին հենց Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով: Այս առումով ռիսկերը չափազանց մեծ են նաեւ ԱՄՆ ռազմավարական դաշնակից Իսրայելի համար: Դոնալդ Թրամփը, եթե չասենք ԱՄՆ պատմության ամենաիսրայելամետ նախագահն է, ապա պետք է ասենք, որ որպես ռազմավարական դաշնակից՝ Իսրայելի թիկունքին կանգնած է իր ողջ հզորությամբ: Թրամփի պարտությունը չնայած այս պահին քիչ հավանական է թվում, սակայն կնշանակի, հավանաբար, Ջո Բայդենի հաղթանակ, ով, լինելով Բարաք Օբամայի փոխնախագահը, Իրանի հարցում բավականին մեղմ քաղաքականության կրող է: Այսինքն՝ Թրամփի պարտությունը նշանակելու է նաեւ Իրանի նկատմամբ քաղաքականության մեղմացում, միջուկային համաձայնագրի վերաբնակեցում եւ, հավանաբար, լարվածության էական նվազում: Սա, իհարկե, ուղիղ սպառնալիք է Իսրայելի համար, որն անընդունելի էր համարում ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագիրն այն տեսքով, որով դա ստորագրեց Օբամայի վարչակազմը: Հաշվի առնելով այս ռիսկերը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Թրամփի հիմնական ընտրողն ամերիկյան եվանգելիստներն են, որոնց 81 տոկոսը 2016թ. ընտրել է Թրամփին, եւ ում համար Իսրայել պետության գոյությունն առանցքային նշանակություն ունի, ապա պատկերն առավել խոսուն է դառնում: Իսկ ԱՄՆ բնակչության շուրջ 26 տոկոսը եվանգելիստներ են, ում շրջանում Թրամփն անգերազանցելի` շուրջ 80 տոկոսանոց վարկանիշ ունի:

Պայմանավորված հենց այս հանգամանքով, ինչպես նաեւ հրեական ազդեցիկ լոբբիզմի պատճառով է Թրամփը ձեւավորել առավել կոշտ քաղաքականություն Իրանի նկատմամբ, ինչը, ի տարբերություն Օբամայի քաղաքականության, Իսրայելի համար առավել շահեկան է: Այս ամենը հաշվի առնելով՝ Թրամփի վարչակազմը, չնայած կոշտ, բայց նաեւ զգուշավոր քաղաքականություն է ցուցաբերում Իրանի նկատմամբ, եւ դրա վառ ապացույցներից մեկն ամերիկյան ԱԹՍ-ի խոցումն ու դրան հաջորդող իրադարձություններն էին: Հունիսի 20-ին Իրանը խոցեց ամերիկյան ԱԹՍ, որի ինքնարժեքը շուրջ 180 մլն դոլար է: Իրանական կողմը պնդում էր, որ այս սարքը, ինչպես նաեւ ամերիկյան օդուժի մեկ այլ ինքնաթիռ, որում շուրջ 35 զինվորականներ կային, խախտել էին Իրանի օդային տարածքը: Չնայած իրանական ՀՕՊ-ը կարող էր հարվածել նաեւ ռազմական օդանավին, այդուհանդերձ, խոհեմաբար խոցել էր հենց անօդաչու սարքը՝ խուսափելով մարդկային զոհերից: Երբ իրավիճակի մասին զեկուցել էին Թրամփին եւ նրանից պատասխան հարվածի հրաման խնդրել, Թրամփը, տեղեկանալով, որ պատասխան հարվածն առնվազն 150 մարդու կյանք է խլելու, խուսափել էր մարդկային կորուստներից՝ հիմնավորելով, որ իրանցիներն ամերիկացի որեւէ զինվորական չեն սպանել: Կողմերից եւ ոչ մեկը կարծես չի անցնում այն կարմիր գիծը, որը կարող է վճռորոշ դեր խաղալ եւ դառնալ զինված բախման հիմք: Թեհրանում հասկանում են, որ գործ ունեն միջուկային գերտերության հետ, որն աշխարհի ամենահզոր բանակն ունի: Վաշինգտոնում էլ հասկանում են, որ գործ ունեն հզոր պետության հետ` տարածաշրջանային գերտերության, որի ռազմատեխնիկական միջոցների համար հասանելի է ոչ միայն ԱՄՆ դաշնակից Իսրայելի տարածքը, այլ նաեւ տարածաշրջանի ամերիկյան բոլոր ռազմաբազաները: Իսկ ինչ վերաբերում է այս կոնտեքստում Հայաստանի անելիքներին, ապա Հայաստանը ոչ միայն ազգային անվտանգության ռազմավարություն չունի, այլեւ ԱՄՆ-Իրան հնարավոր բախման արդյունքում որեւէ գործողությունների պլան կամ քայլերի հաջորդականություն:


Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ