ՀՀ-ում իշխանափոխության ազդակը պետք է գա Արցախից

ՀՀ-ում իշխանափոխության ազդակը պետք է գա Արցախից

Երկրի գլխավոր պատուհասի վերջին ճամարտակություններից ավելի է հստակվում այն դավաճանական ուղեգիծը, որ որդեգրել է ՀՀ իշխանությունը. միայն տկարամիտը կարող է չհասկանալ, որ նփ-ն ու նրա հաճկատար գործակիցները պատրաստվում են Արցախը հանձնել Ադրբեջանին, ավելի ստույգ՝ թողնել բախտի քմահաճույքին, ինչի համար նոր հիմնավորում են հորինել՝ պահպանել Հայաստանի ինքնիշխան տարածքը:

Ակնհայտ է դառնում, որ սահմանային վերջին թեժ բախումները «կենսագործվել» են հենց այդ նպատակով՝ հայ հանրությանը ցույց տալ, որ այժմ ունենք տարածքային ամբողջականությունը պահպանելու խնդիր, եւ դրանից դուրս այլ նպատակներ հետապնդելն անհնար է: Եթե մինչ այժմ նփ-ականներն Արցախից հրաժարումը տողատակերով ու մանվածապատ դատողություններով փորձում էին պատճառաբանել երկրամասի բնաջնջման սպառնալիքով, ապա հիմա ժողովրդին վախեցնում են Հայաստանի տարածքային կորուստներով: Իշխանությունն ահաբեկում է մեր ազգաբնակչությանը՝ իր դավադիր ծրագրերը կյանքի կոչելու համար: Ահաբեկում է լկտիաբար, երբ վաղուց տեսանելի է, որ առանց Արցախի ՀՀ ինքնիշխանությունը վտանգվում է հիմնավորապես: 

Ներկա պահին ավելի քան համոզված եմ՝ պետք է շատ վճռականորեն գործի արցախյան հանրությունը, Ստեփանակերտի պաշտոնական պատվիրակությունների հանդիպումները ՀՀ իշխանավորների հետ ոչ մի լուրջ ու դրական արդյունք չեն կարող տալ, նփ-ն դարձյալ կխաբի ու կշարունակի իր սեւ գործը: Արցախը պետք է կարողանա կանխել իր ճակատագիրը մթագնող որեւէ փաստաթղթի վավերացումը, կանխի ցանկացած գնով: Իշխանության մնալով՝ նփ-ն ստորագրելու է հակահայկական փաստաթղթեր, չկամենալու դեպքում անգամ ստորագրելու է, քանի որ նա այլեւս ներգրավված է տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մի այնպիսի կեղտոտ խաղի մեջ, որից դուրս գալ նրան պարզապես թույլ չեն տալիս:

Միակ ճանապարհը, որպեսզի տեղի չունենա հակահայ որոշումների կայացում, ՀՀ ներկա իշխանության տոտալ հեռացումն է: Եվ այդ գործում մեծ դերակատարում կարող է ունենալ հենց արցախյան հանրությունը. Արցախը չի կարող հանգիստ հետեւել, թե ինչպես են դավադիրները տնօրինում իր բախտը: Հայաստանում իշխանափոխությունն ավելի արագ կկայանա, եթե այդ գործընթացում ներգրավվեն արցախյան հասարակական-քաղաքական բոլոր ուժերը՝ իրենց ամբողջ գործիքակազմով: Հայաստանի ներքաղաքական կյանքին Արցախի մասնակցությունն ավելի քան օրախնդիր է, ինչը բխում է համազգային մեր ընդհանուր շահերից: Եվ կա հիմնավոր հույս, որ ձեւավորվելիք ազգային նոր կառավարությունը Հայաստանը Արցախի հետ դուրս կբերի այն նույն ճանապարհի վրա, որ տանում է դեպի միասնություն, ամբողջականություն ու անվտանգություն՝ մնացյալ չափումներով հանդերձ։

Հրանտ Ալեքսանյան

Գրող, հրապարակախոս