Երկուսը մեկում

Երկուսը մեկում

Նախկինների ժամանակ, որոնց դեմ տարիներով կռիվ եմ տվել, չէի պատկերացնի, որ մեր երկրում հնարավոր են քաղաքական հետապնդումներ: Բայց արի ու տես, որ նիկոլական «ժողովրդի իշխանության» պայմաններում քաղաքական հետապնդումները դարձել են պետական քաղաքականության նորմ: Դա հատկապես ուղղված է ժողովրդի կողմից ընտրված համայնքապետերի, հատկապես՝ սյունիքյան քաղաքապետերի դեմ: Երբ հետապնդումներն «արդյունք» են տալիս՝ հրաժարական ներկայացրածի փոխարեն որպես ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում է իշխանության մարդը: Նախկինների օրոք ևս մեկ-մեկ հանդիպում էր ԺՊ-ների ինստիտուտի օգտագործումը ներքաղաքական իմաստով: Հիմնականում օգտագործվում էր գործող համայնքապետի նկատմամբ խնդիրներ առաջանալու դեպքում՝ սահմանափակվելով օրենքով սահմանված ժամկետով (եթե չեմ սխալվում՝ կես տարի): 

Նիկոլական «ժողովրդավարության բաստիոնի» պայմաններում իշխանությունը համատարած կիրառում է այդ պրակտիկան՝ մինչ այդ գործող համայնքապետերին պարտադրելով հրաժարականի դիմում ներկայացնել: Իսկ հունիսի 20-ի ընտրություններից հետո այդ անօրինական նորմը դարձել է օրինաչափություն: Դիմում չներկայացնողներն էլ պատժվում են քրեական գործերի հարուցմամբ և կամ նույնիսկ փողոցային տարբերակով՝ ծեծով: Նախկինում հրաժարականի պարտադրանքի դեպքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բողոքի հայտարարություններ էին տարածում, մամուլի ասուլիսներ էին տալիս: 2018-ի ապրիլ-մայիսյան իշխանափոխությունից հետո վերջիններս այս հարցում լուռ են՝ երեք կապիկների հնդկական կոմպոզիցիայի (չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում) հանգույն:

Եթե չլիներ նախորդ տարվա պատերազմը և դրանում մեր խայտառակ պարտությունը, և այդ պարտությանը հետևած՝ Ադրբեջանի կողմից սահմանային ագրեսիվ գործողությունները, դեռ կարելի էր մի կերպ դիմանալ ժողովրդի կողմից ձևավորված նման իշխանության քաղաքականությանը: Դիմանալ, սակայն ոչ համակերպվել, պայքարել «նիկոլական ժողովրդավարությունը» նորմալ կառավարման համակարգ դարձնելու ուղղությամբ: Հատկապես որ նման փորձ մենք արդեն ունեցել ենք՝ իհարկե, մի փոքր տարբեր, ու հաջողության հավանականությունը շատ ավելի բարձր կլիներ՝ միջազգային հանրություն կոչվածն, այսպես ասած, մեր դաշնակիցը կլիներ: Սակայն մենք ունենք սահմանների խնդիր հյուսիս-արեևելքում, արևելքում և հարավում: Միաժամանակ ունենք մեր պետության թիկունքը՝ Սյունիքի մարզը կորցնելու իրական խնդիր: Ու այս դեպքում Նիկոլի բռանտիրության դեմ դանդաղ պայքարի ու դրա աստիճանական փոխակերպման տեսլականը հարմար տարբերակ չի կարող լինել:

Իսկ ո՞րն է «երկուսը մեկում» բանաձևի երկրորդ բաղադրիչը՝ կհարցնի ընթերցողը: Երկրորդը հենց Սյունիքի գլխին կախված վտանգն է, որ ընդունել է ոչ միայն ադրբեջանական սպառնալիքների, այլև իշխանության կողմից սյունիքյան համայնքապետերին չեզոքացնելու տեսք: Չեզոքացնել քրեական գործեր կարելով այն մարդկանց նկատմամբ, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մեր հայրենիքը ու շարունակում են պաշտպանել: Իսկ ի՞նչ է նշանակում քրեական գործեր կարելով սյունիքյան բոլոր մեծ  (հայաստանյան մասշտաբներով) քաղաքների՝ ժողովրդի վստահությունը վայելող ընտրված ղեկավարների չեզոքացումը: Եվ եթե այդ ամենն իշխանության կողմից դրսևորվող դավաճանական վարքագիծ չէ, ապա ի՞նչ է:

Դավաճանական վարքագիծ, որ փաթեթավորված է հայաստանցիներին խաղաղություն պարգևելու կեղծ կարգախոսներով: Կեղծ, քանի որ պատերազմում պարտված պետության ղեկավարը չէ, որ ի վիճակի է խաղաղություն պարգևել իր քաղաքացիներին: Նման կարգի ստերն անմիջապես բացահայտվում են Երասխի կրակոցներով, մինչ այդ՝ Սյունիքի Տեղ գյուղի կոմբայնավարի գերեվարմամբ (լավ է, որ բաց են թողել), իսկ դրանից առաջ՝ Գեղարքունիքի Կութ գյուղի կրակոցներով և այլն: Մնում է, որ հայաստանյան գիտակից հասարակությունը ևս գործի  «երկուսը մեկում» բանաձևով՝ հեռացնելով Փաշինյան Նիկոլին իշխանությունից ու վերջ տալով իլհամական սպառնալիքներին: