65 ֆիլմ՝ 13 երկրից

65 ֆիլմ՝ 13 երկրից

Նոյեմբերի 11-15-ը Երեւանում կանցկացվի «Կին» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը 16 տարի շարունակ ցուցադրում է աշխարհի ամենատարբեր անկյուններում կին ռեժիսորների հեղինակած ֆիլմերը՝ հանդիսանալով հարթակ հայ եւ արտասահմանցի կին կինոռեժիսորների միջեւ փորձի փոխանակման համար։ «Կին» 16-րդ միջազգային կինոփառատոնը, ավանդույթի համաձայն, անցկացվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում։ 

Այս տարի կինոփառատոնի միջազգային հյուրերի թվում են կանադական «Կանացի հայացք» կինոփառատոնի տնօրեն Լեսլի Անն Կոլսը եւ սցենարիստ Անաստասիա Գորյունովան՝ Ռուսաստանից։ Վերջինս կվարի սցենարագրության վարպետության դաս Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Կինոփառատոնի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու 13 երկրից ընտրված 65 ֆիլմ, որոնք ընդգրկվել են փառատոնի ծրագրերում:

Փառատոնը կարեւոր հարթակ է կին ռեժիսորների համար, ովքեր իրենց առաջին քայլերն են անում ոլորտում եւ փառատոնի ընթացքում ծանոթանում են արդեն միջազգային հաջողության հասած կինոռեժիսորների եւ նրանց աշխատանքների հետ։  «Կին» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթից զատ, կցուցադրվեն նաեւ Բրիտանական խորհրդի «Իրականությունից՝ կինոժապավեն» ֆիլմերի շարքը, կանադական «Կանացի հայացք» փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը։ 

Փառատոնի ռետրոսպեկտիվ ցուցադրությունը նվիրված կլինի ֆրանսիական «Նոր ալիքի» տատիկ Անյես Վարդայի հիշատակին, կցուցադրվի իր հայտնի «Կլեո 5-ից 7-ը» ֆիլմը։ 

Փառատոնի ընթացքում կցուցադրվի նաեւ միջազգային կինոքննադատների կողմից բարձր գնահատանքի արժանացած Մարգարեթ ֆոն Տրոտտայի «Փնտրելով Ինգմար Բերգմանին» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում։