Ինչպե՞ս կարելի է 80 տոկոսի կարծիքին դեմ գնալով՝ ինչ-որ գործողություն անել

Ինչպե՞ս կարելի է 80 տոկոսի կարծիքին դեմ գնալով՝ ինչ-որ գործողություն անել

Վերջերս ՌԴ ԳԱԱ ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ լույս է տեսել «Ինտեգրո՞ւմ, թե՞ հայրենադարձություն. հայկական սփյուռքի սոցիալ-տնտեսական ներուժը» ծավալուն ուսումնասիրությունը, որը պատասխանում է մի շարք հարցերի, թե ռուսաստանյան որ շրջաններում են հայեր ապրում, ինչպիսին է նրանց սոցիալ-տնտեսական ներուժը, ինչ պայմաններում կհամաձայնեն վերադառնալ Հայաստան։ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանն ասում է, որ ուսումնասիրվել են նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ՀՀ ներգաղթի չափերը։ Ինչ վերաբերում է հարցին, թե 44-օրյա պատերազմից հետո՝ հետպատերազմյան շրջանում ինչ հարցումներ են արվել, ինչ անելիքներ կան այս ուղղությամբ, եւ պետությունը որքանով է հետաքրքրված հասարակական տրամադրություններով, ապա․ «Պետության կողմից ո՛չ հարցման պատվեր է եղել, ո՛չ էլ հարցման անհրաժեշտության արտահայտում, բայց հարցումներ արվել են այլ՝ գիտական, ուսումնական նպատակներով, բայց դա էլ՝ դարձյալ ոչ թե պետական, այլ մասնավոր, գիտական, արտասահմանյան ֆոնդերի պատվերով ու ցանկությամբ»։

Թե ինչ տեսակի հարցադրումներ են հետաքրքրում դրսի, մասնավոր ֆոնդերին, Գեւորգ Պողոսյանը բերում է վերջերս անգլիական մի հիմնադրամի կողմից Արցախում իրականացված ուսումնասիրության մի օրինակ, որտեղ հիմնական հարցադրումները վերաբերում են նրան, թե Արցախի բնակչությունն ինչպես է իր ապագան տեսնում․ «Ո՞ւմ կուզենար տեսնել Արցախի նախագահ, որ դա լինի հայաստանցի՞, արտասահմանցի՞, դրսի՞ հայ, թե՞ ներսի հայ, հարցնում էին, թե ինչպես են գնահատում իրավիճակը, այս կարգի հարցադրումներ էին։ Արված էր ճիշտ ձեւով ու հաշվարկով, ներկայացուցչական հարցում էր՝ 871 չափահաս բնակիչների շրջանում։ Չէի ասի, որ շատ անսպասելի պատասխաններ կային, բայց հետաքրքիր էր, որ արցախցիներն իրենց ներկա իշխանություններին գնահատում էին շատ ցածր, վստահությունը շատ ցածր էր նաեւ նախագահի նկատմամբ, մնացածների հետ համեմատած՝ բավականին բարձր էր վստահությունը Ռուբեն Վարդանյանի, նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Այդ առումով ինձ համար մի քիչ անսպասելի էր, բայց կարելի էր ենթադրել, որ նման արդյունք կլինի»։

Պատերազմներից հետո սոցիոլոգիական հետազոտությունների բնույթը բոլոր երկրներում նույնն է․ «Կարելի է ասել՝ ընդհանուր օրինաչափություն է։ Օրինաչափություն է, եթե պարտված կողմի մասին խոսենք, իսկ մենք այս պատերազմում պարտված կողմ ենք, այլ երկրներում էլ որ նայեք, պարտված կողմի բնակչությունը միշտ դժգոհ է լինում ղեկավարությունից, ընդհուպ մինչեւ հրաժարականներ, պաշտոնանկություն։ Նման դեպքեր պատմության մեջ շատ են եղել»։

Հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը, որ հենց պետությունը չի պատվիրում նման հարցումներ։ «Սա նուրբ հարց է, իմ կարծիքով՝ պետությունը պատվիրում է փակ հարցումներ, որոնք չեն տպագրվում, այսինքն՝ իրենց համար է արվում, եթե, իհարկե, դա խելոք ղեկավարություն է, իսկ խելամիտ ղեկավարությունը միշտ ուզում է բնակչության, ժողովրդի կարծիքն իմանալ։ Այսինքն՝ կան փակ հարցումներ՝ ծառայողական նպատակներ հետապնդող, որը պետություններն անում են, եւ կան բաց հարցումներ, որոնք, որպես կանոն, պետությունները եւ կառավարությունները չեն պատվիրում։ Արտասահմանում էլ որ նայեք, բազմաթիվ հարցումներ են արվում, այդ հարցումների 90 տոկոսը, եթե ոչ ավել, արվում է մասնավոր ֆոնդերի, տարբեր կազմակերպությունների պատվերով ու ֆինանսավորումով, այլ ոչ թե պետության կողմից։ Սա էլ ընդհանուր օրինաչափություն է։ Եթե պետությունն անում է, ապա հիմնականում՝ փակ հարցումների տակ, իրենց համար, ոչ հանրության։ Իսկ հանրության համար արվում են հետազոտություններ, որոնք, ինչպես սոցիոլոգներն են ասում, մենք ուսումնասիրում ենք կարծիք, որ վերադարձնենք մեր ժողովրդին։ Այդպիսի հետազոտություններ, որպես կանոն, անում են գիտական կազմակերպությունները, մասնավոր, միջազգային ֆոնդերը, բայց ոչ կառավարությունները, պետությունները»։

Պատերազմից հետո, ծառայողական նպատակով, փակ հարցումներ պատվիրե՞լ է պետությունը։ «Չեմ կարող ասել, որովհետեւ ինձ չեն պատվիրել, եւ ես չեմ արել, սակայն կարծում եմ՝ կառավարությանը կից կառույցների կողմից արվել է, բայց քանի որ տեղյակ չեմ, հստակ չեմ կարող ասել»։

44-օրյա պատերազմից հետո իշխանությունները խաղաղության օրակարգ են քարոզում, այս ընթացքում արվե՞լ է որեւէ սոցիոլոգիական հարցում՝ արդյոք մեր ժողովուրդը պատրա՞ստ է, թե՞ ոչ, եւ, ընդհանրապես, այս տեսակ հարցումների կարիք չկա՞ մեզանում։ «Իհարկե, կարիք կա, մի երկու հարցում արվել է, բայց վիճակն այսպես է՝ իշխանությունները կարող են քաղաքական որոշում ընդունել՝ ելնելով իրավիճակից, եւ այդ որոշումը հնարավոր է չհամընկնի բնակչության որոշ մասի կամ նույնիսկ մեծամասնության կարծիքի հետ։ Այդպես լինում է։ Այստեղ խնդիրն ուրիշ է, եթե մեր իշխանությունները հայտարարում են, որ իրենք ժողովրդավարական են, իրենք չեն կարող առանց ժողովրդի կարծիքն իմանալու ինչ-որ քայլերի դիմել, մանավանդ, եթե խոսքը գնում է այդ աստիճան լուրջ, ճակատագրական նշանակություն ունեցող քայլերի մասին, ինչպիսին են հայ-թուրքական, հայ- ադրբեջանական հարաբերությունները։ Այս խնդրի լուծման ընթացքում եթե իշխանությունները հարցումներ չեն անում ու ժողովրդի կարծիքը չեն ուզում իմանալ, դա նշանակում է, որ պարզապես արհամարհում են՝ համարելով, որ իրենք ճիշտ են եւ կանեն այնպես, ինչպես իրենք են համարում, բայց դա միանշանակ բերում է նրան, որ մենք ոչ թե ժողովրդավար իշխանություններ ունենք, այլ՝ ավտորիտար, դիկտատուրայի ուղիով գնացող իշխանություններ, որոնք, որպես կանոն, շատ վատ են ավարտում իրենց իշխանավարումը»։

Գ․ Պողոսյանն ընդգծում է՝ վերջին 20-30 տարում իր կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ մեր ժողովրդի կողմից ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանն ընկալվում են որպես թշնամի երկրներ․ «Ընդ որում՝ բնակչության 80-90 տոկոսն է դա նշում։ Մենք, օրինակ, հարցեր ենք գրում, թե ովքեր են մեզ բարեկամ կամ թշնամի երկրները, ու միայն Թուրքիան ու Ադրբեջանն են ընկալվում որպես թշնամի երկրներ։ Ձեզ ավելին ասեմ՝ ես ծանոթ եմ նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում կատարված ուսումնասիրություններին, եւ նույն բանն այնտեղ է՝ Հայաստանն ընկալվում է որպես թշնամի երկիր։ Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրերն առաջ տանելը շատ դժվար է լինելու ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Ադրբեջանում, որովհետեւ ժողովուրդները դեմ են։ Եթե դու շարունակում ես այդ քաղաքականությունը տանել, պիտի կարողանաս քո բնակչության հետ աշխատել, բացատրել, փորձել համոզել, հիմնավորել քո դիրքորոշումը, եթե այդպես չես անում, բռնապետական ոճ է ստացվում, որը շատ վատ է ավարտվելու։ Հիշում եմ՝ իմ հարցումներից մեկում ընդամենը 7 տոկոսն էր համարում, որ եթե Թուրքիայի հետ սահմանը բացենք, դա շահավետ կլինի մեր երկրի տնտեսության համար, բայց շատ մեծ հարց է՝ տնտեսությունը կշահի՞, թե՞ կգահավիժի։ Սա բազմաթիվ խնդիրներ առաջացնող հարց է, եւ այդպես հեշտ՝ մի ձեռքի շարժումով սահմանը բացել ու բարեկամանալ չի լինի։ Վրաստանի օրինակը հենց մեր աչքի առաջ է․ իրենք այնտեղ սահման չունեին, առանց այն էլ բաց էր, հիմա թուրքական տնտեսական էքսպանսիան ահռելի չափերի է հասել, եւ վրացիներն էլ են դա զգում, բողոքում եւ ճնշվում։ Այստեղ շատ լուրջ խնդիրներ կան՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ մշակութային, ե՛ւ հատկապես մեզ համար՝ պատմական»։

Թեպետ 44-օրյա պատերազմից հետո սոցիոլոգիական հարցումներ չեն արել, բայց Գ․ Պողոսյանը նկատում է՝ իր դիտարկումներով կարող է ասել, որ բացասական վերաբերմունքն ավելի է աճել Թուրքիայի հանդեպ, որովհետեւ «Թուրքիան պատերազմի ժամանակ անմիջապես Ադրբեջանի կողմից մասնակցություն ուներ, ու դա բոլորը գիտեին, ըստ այդմ՝ չեմ կարծում, որ դրանից հետո ավելի բարելավվեր մեր պատկերացումը Թուրքիայի մասին՝ որպես հարեւան երկրի»։

Ասում է՝ մեծ միջոցներ չունեն, որ հատուկ այս ուղղությամբ հարցումներ իրականացնեն, բայց երբ գիտական եւ այլ բնույթի պատվեր է լինում, փորձում են այդ հարցաթերթերում նաեւ իրենց հետաքրքրող մեկ-երկու հարց տեղադրել, ու, որպես կանոն, դրանք լինում են հենց այն հարցերը, որոնք բնակչությանը հուզում են․ «Բայց, իհարկե, շատ ավելի ճիշտ կլիներ մի հատ լուրջ, խորքային ուսումնասիրություն իրականացնել, որպեսզի թե՛ իշխանությունը, թե՛ հասարակությունը տեսներ՝ ինչպիսին են ազգաբնակչության տրամադրությունները, իհարկե, կան մարդիկ, որոնք կողմ են, բայց դրանք շատ քիչ տոկոս են կազմում, եւ ինչպե՞ս կարելի է 80 տոկոսի կարծիքին դեմ գնալով՝ ինչ-որ գործողություն անել»։