Ուրախանալու մեթոդաբանություն՝ Դավիթ Անանյանից

Ուրախանալու մեթոդաբանություն՝ Դավիթ Անանյանից

ՊԵԿ կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության եւ իր համար ոչ բարենպաստ իրողությունները լավատեսական լույսի ներքո ներկայացնելու հանճարեղ ձեւ է գտել։ Փաստորեն, հարկային եկամուտների  նվազումը բացատրվում է ոչ թե տնտեսական իրողություններով կամ նոր կառավարության թերի աշխատանքով, այլ կոծկվում է հարկային մուտքերի հաշվարկի նոր մեթոդով, որը 2018 թվականի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուն պես փոխվել է։ Այլ կերպ ասած՝ մենք լավ ենք աշխատել, ուղղակի, հաշվելու մեթոդը փոխվել է, ահա ինչու չի երեւում, որ մենք լավ ենք աշխատել։

Սա Դավիթ Անանյանի «նոու հաուն» է։ Ուրեմն լսենք, թե ինչպես է ՊԵԿ կոմիտեի նախագահը երկու օր առաջ ասուլիսի ժամանակ ներկայացնում մեթոդաբանության փոփոխությունը։ Նա ասում է, որ մինչեւ 01.01.18 թվականը բյուջեի եկամուտները հաշվելիս, փաստացի վճարված հարկային մուտքերից հանում էին հարկ վճարողներին վերադարձված գումարները՝ ԱԱՀ, եկամտահարկ եւ այլն։ Իսկ 2018 թվականի հունվարից եկամուտները հաշվում են՝ փաստացի մուտք եղած գումարներից հանելով միայն այն վերադարձված գումարները, որոնց վերաբերյալ ներկայացվել է հաշվետվություն կամ ստուգման ակտ։

Պարզ ասած՝ նախկինում բյուջեի եկամուտը զուտ փողերի հոսքն էր դեպի գանձապետական հաշիվներ, իսկ անցյալ տարվա հունվարից բյուջեի եկամուտ է համարվում միայն այն հոսքը, որի վերաբերյալ ներկայացված է հարկային հաշվարկ։
«2018 թվականի հունվարի մեկից բյուջեի հարկային եկամուտ է համարվում հարկային հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը, որի դիմաց կատարվել է վճարում»,- ասում է ՊԵԿ նախագահը՝ եզրակացնելով, որ եթե մեթոդաբանությունը չփոխվեր, ապա 2018 թվականի ընթացքում զուտ մուտքերի առումով պետբյուջեի եկամուտները կլինեին 1 տրլն 306 մլրդ դրամ, այսինքն՝ պետբյուջեով բոլոր ծախսերի ֆինանսավորման համար ամրագրված 1 տրլն 248,5 մլրդ դրամը կատարվել է 103,5 տոկոսով։  «Նախորդ տարվա համեմատ փաստացի աճը կազմել է 14,5 տոկոս»,- ուրախանում է Դավիթ Անանյանը։ Ահա, հարկային եկամուտների թերակատարումներն արդարացնելու այսպիսի մեթոդ է գտել ՊԵԿ նախագահը։ Որովհետեւ եթե բացում ես այդ օրենքը, ապա բոլորովին այլ տեսարան է բացվում։

 Նախ, բյուջեի մասին օրենքով՝ 2018 թվականի համար նախատեսված էին 1 տրլն 343 մլրդ-ից մի քիչ ավելի եկամուտներ։ Հարկերի հավաքագրումը, ըստ ՊԵԿ կայքի, եղել է 1 տրլն 257 մլրդ դրամ։ Կա ԱԺ-ի կողմից հաստատված պետական բյուջե, որը չի կատարվել, բայց մեզ եկել են, բացատրում են․ «Այո, մեր թղթով չի կատարվել, բայց իրականում կատարվել է»։ Նման աբսուրդ չենք լսել մինչ օրս պաշտոնավարած երկրի ֆինանսական պատասխանատուներից ոչ մեկից։  
Հարց Դավիթ Անանյանին․ եթե այդքան լավ փաստացի ցուցանիշներ ունենք, ինչո՞ւ ենք դեսպանատներ փակում, նախարարություններ միավորում, աշխատողներ կրճատում։ Լավ կյանքի՞ց է։