Վարչապետը զայրացավ․ «Այլեւս ոչ մի ֆեյք ընկերություն չի կարող գնումներին մասնակցել»

Վարչապետը զայրացավ․ «Այլեւս ոչ մի ֆեյք ընկերություն չի կարող գնումներին մասնակցել»

«Պետգնումների հետ կապված տասնյակ քրեական գործեր ունենք, և էդ քրեական գործերը՝ հինգ ամիս փորձաքննություն, վեց ամիս՝ բան․․․ էդ ընթացքում փախնեն գնան,ոչ մեկին չկարողանաս բռնել։ Էդ հեչ հաճելի գործ չի։ Եկեք դնենք հասկանանք՝ ով ա լուրջ, ով ա անլուրջ»,-այսօր կառավարության նիստին պետգնումների մասին օրենքի քննարկման ժամանակ զայրացած հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այստեղ խնդրեց, որ քննարկվող օրենքն ուժի մեջ մտնի եկող տարի, որպեսզի հնարավոր լինի ռիսկերը կառավարել, գնումներին մասնակցող ընկերություններին տեղեկացնել այդ մասին:

Փաշինյանը դարձյալ զայրացավ․ «Չենք կարող, դեռ անցած տարվա հունվարի 1-ից պետք է ուժի մեջ մտներ: Պետք չի հիմա ասել, թե սա ռիսկեր կառաջացնի: Կառաջացնի, կկառավարենք: Եկեք բարձր նշաձող դնենք, տեսնենք՝ ինչ է տեղի ունենում: Չենք կարա թռնենք այդ նշաձողով, կիջեցնենք: Ոչ թե ցածրը թռնենք, հետո դրա վրա սովորենք»։

Փաշինյանի խոսքով՝ այսօր բազմաթիվ ընկերություններ կան, որոնք ցույց են տալիս, որ ընկերություն են, բայց իրականում ընկերություն չեն:

«Պետք է հրաժարվել դրանցից: Գնումներին շինծու մասնակցությունների հարցը սրանով լուծվում է: Այլեւս ոչ մի ֆեյք ընկերություն չի կարող գնումներին մասնակցել: Թող գնան բերեն բանկային երաշիք: Հեչ հաճելի չէ գնում անել, մրցույթ կազմակերպել, տալ, հետո քրեական գործ հարուցել եւ 5 տարի քննել այդ գործը: Պետք է ռիսկերը նախապես կառավարել: Երկիրը բոլոր ոլորտներում յոլա գնալու տրամաբանությունից պետք է դուրս գա»,-ասաց վարչապետը։