Ռանչպար՝ հայ նորագույն գյուղագրության գագաթը

Ռանչպար՝ հայ նորագույն գյուղագրության գագաթը

Բոլոր տագնապներս դնում եմ մի կողմ: Վարչապետս արդեն բանաստեղծություններ է գրում, իսկ դա չափազանց գրավիչ զբաղմունք է, որպեսզի նա աստիճանաբար թողնի պետական կառավարման անիմաստ զբաղմունքը, որին տրվեց ոչ լրիվ մեկ տարի առաջ: Դե իսկ բանաստեղծություն գրելուց մինչև լրագրողական աշխատանքի անցնելը մեկ քայլ է: Ուշ լինի՝ նուշ լինի, եղբայր, բարի գալուստ մեր աշխարհ:

«Ռանչպար» բանաստեղծությունը, որն այսօր գրել և հրապարակել է Նիկոլ Փաշինյանը, պատկերում է հայ գյուղը, հայ գյուղացուն, նրա ծանր կյանքը և հուսահատ վիճակը: Գյուղացին, ըստ Փաշինյանի, գյուղացի է հենց այն պատճառով, որ իրեն քաղաքացի չի համարում և տակավին չգիտի ինչպես ելնել «տառապանքի մութ հատակից այս անողոք»: Բայց ինքը (իրենք) արդեն հայտնաբերել է այդ գյուղը և վեր բարձրանալու ճանապարհն է ցույց տալիս. 

Երազանքը երազելու համար չէ լոկ,
Երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր,
Տառապանքի մութ հատակից այս անողոք,
Մեր երազի թեւով պիտի թռչենք մենք վեր։

Գյուղացուն այսպես «դուխ» տալուց հետո ամենատես Փաշինյանը մեկ էլ նկատում է մանուկների «բորբ աչքերի կարոտը» և դա վերագրում «ստվերի պես» գյուղից «դառն ու մրմուռ» հեռացող նրանց հայրերին: Փաշինյանը դա համարում է ամոթ, բայց շարունակում է դուխ տալ.

 Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից,
Մեծ տունդարձի արահետը ձեր կդառնանք,
Այս գյուղերի ամեն անկյուն ու ամեն թիզ,
Ձեր ձեռքերի կախարդանքո՛վ պիտ շենանա:

Այստեղ հայ գյուղացու մեջ հարց է առաջանում՝ էդ ո՞նց, էդ ի՞նչ եք անելու, որ հեռացողները վերադառնան ու շենացնեն գյուղը: Փաշինյանը ունի նաև դրա պատասխանը: Փրկվելը, ինչպես ամեն խեղդվողի, այնպես էլ ռանչպարցու սուրբ գործն է, իսկ ինքն ու իր կառավարիչները պատրաստ են միշտ դուխ տալու:

Մենք կվառենք ձեր աչքերի կրակն անթեղ,
Երազանքը ձեր սրտերում կբորբոքենք,
Կթրթռանք ձեր ճամփեքին որպես կանթեղ,
Ու վերքերը հոգիների ձեր կամոքենք:

ՀՀ Ռանչպար գյուղին նվիրված թերևս միակ բանաստեղծությունն ավարտվում է, կարելի է ասել, հանկարծակի՝ գյուղի հասարակությանը թողնելով անորոշ վիճակի մեջ: Մարդիկ հիմա միմյանց հարցնում են՝ մեր գյուղը աշուղ էր եկել, թե՞ վարչապետ: Բայց ինչ էլ լինի, պետք է բարձր գնահատել Փաշինյանի մոտեցումը, այն, որ նա ոչ«լայվ» մտավ, ոչ ստատուս գրեց, ոչ էլ մի ուրիշ անկարևոր բան ասաց, այլ նստեց ու բանաստեղծություն ձոնեց գյուղին:

Գալով բանաստեղծության գեղարվեստական կողմին նշենք, որ Փաշինյանի լիրիկական հերոսը, այսինքն՝ ինքը, շատ ընդհանրություններ ունի Մուրացանի հերոսի՝ Պետրոս Կամսարյանի հետ, որն իր գյուղափրկիչ ծրագրերով մինչ այս եզակի երևույթ էր հայ իրականության մեջ: Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, նոր Հայաստանի առայժմ միակ գյուղագիր բանաստեղծն է, և, ինչպես ինքն է գրում նախաբանում, այս բանաստեղծությունը կարող է ոգևորել ոչ միայն գյուղացիներին ու պաշտոնյաներին, այլև, սա արդեն մեր կարծիքով՝ բանաստեղծների, որոնք տակավին չեն կողմնորոշվել մուսաների հարցում:

Եթե մեկ խոսքով բնութագրենք Փաշինյանի բանաստեղծության լեզուն և արտահայտամիջոցները, ապա կարող ենք առանց որևէ դաժանության ասել, որ Փաշինյանը գերազանցել է Ավետ Բարսեղյանին բոլոր առումներով: Որևէ մեկնաբանության ենթակա չէ, օրինակ այս քառատողը.

Մանուկների բորբ աչքերի կարոտը տես,

Ու՞մ ճամփան է պահում նրանց հայացքը լուռ՝

Հույսից զրկված հայրերիդ, որ ստվերի պես

Եկող ճամփով հեռանում եք դառն ու մրմուռ:

Հավանաբար, գործ ունենք դեմքի համաձայնության հարցում շփոթի, ինչպես նաև «մրմուռ» գոյականի ոչ ճիշտ ածականացման հետ, ինչը, մեր կարծիքով միանգամայն ուղղելի է, և Փաշինյանը բանաստեղծությունների իր լիակատար ժողովածուում նման բաները հաշվի կառնի: Անհնարին է նաև չնկատել, որ «Ռանչպար» բանաստեղծությունը զուրկ է որևէ տիպի երաժշտություն փոխանցելու հատկությունից: Տրիոլետ տողերի կողքին մեկ էլ հայտնվում են բոլորովի խառը տաղաչափությամբ տողեր ու ջարդում ամեն ինչ: Բայց եկեք չմոռանանք, որ սա վարչապետի ստեղծագործություն է: Նախկին վարչապետներն, ի՞նչ է, Փաշինյանից ավելի լավ էին գրո՞ւմ…