Ի տարբերություն Արցախի, Հայաստանի ինտեգրումը Թուրքիային տեղի է ունենալու շատ ավելի սահուն

Ի տարբերություն Արցախի, Հայաստանի ինտեգրումը Թուրքիային տեղի է ունենալու շատ ավելի սահուն

Փաշինյանը միամի՞տ է, թե՞ միամտություն է խաղում, որ հայ հասարակությունից թաքցնի իրականությունը, որն առավել քան տեսանելի է: «Բաքուն շարունակում է իր ագրեսիվ ու սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումն է։ Հիմա արդեն դա ոչ թե տեսական պնդում է, այլ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրագործվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսեւորումն էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ դեպի ԼՂ մատակարարման իսպառ բացակայությունն է՝ ԼՂ-ում հայերի բնակվելն անհնարին դարձնելու նպատակով»,- կառավարության նիստում ասում է Նիկոլ Փաշինյանը: Նա խոսում է Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու Բաքվի քաղաքականության մասին, մինչդեռ իրականությունն այն է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան նպատակ ունեն հայաթափելու ոչ միայն Արցախը, այլեւ ամբողջ Հայաստանը: Փաշինյանը չի խոսում ամբողջ Հայաստանը հայաթափելու Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության մասին, որ բթացնի Հայաստանի այլ տարածքներում ապրող մարդկանց զգոնությունը, որ Երեւանում, Արտաշատում կամ Վանաձորում բնակվող հայը մտածի, որ հայրենազրկման եւ ունեզրկման վտանգն իրեն չի սպառնում, Ադրբեջանի ախորժակը բավարարվելու է միայն Արցախը կուլ տալով:

Նույն մանկամտությունն է քարոզում նաեւ Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով օրերս Վիեննայում Ավստրիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին՝ ասել է. «Առկա են շատ քայլեր, որոնք արդեն իսկ կարող են իրականացվել երկու կողմերից՝ վստահ լինելու համար, որ մենք ճիշտ ուղու վրա ենք դեպի հարաբերությունների վերջնական, համապարփակ եւ ամբողջական կարգավորում, երկու երկրների միջեւ սահմանի բացում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Այս պարագայում ես, իհարկե, առաջին հերթին նկատի ունեմ հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների, նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիների համար։ Կան մի քանի այլ նախագծեր, որոնք եւս քննարկվում են»: Ի՞նչ կապ ունի Արարատ Միրզոյանն արտաքին քաղաքականության հետ, նրան միայն «ֆայեր» կարելի է վստահել, որ ինչ-որ տեղ վառի ու հիանա իր կատարած քաջագործությամբ:

Այն, ինչ հիմա անում է Ադրբեջանն Արցախի նկատմամբ, Ադրբեջանը եւ Թուրքիան արդեն 30 տարի փորձում են իրականացնել ողջ Հայաստանի նկատմամբ` շրջափակման միջոցով հայաթափել Հայաստանը, որը նրանց մասամբ հաջողվում է՝ նկատի ունենալով, որ անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի բնակչությունը ոչ միայն չի ավելացել, ինչպես Թուրքիայում եւ Ադրբեջանում, այլեւ անընդհատ նվազում է: Ադրբեջանը եւ Թուրքիան չեն կարողացել իրենց նպատակին հասնել միայն այն պատճառով, որ շրջափակումը լիակատար չէ, Հայաստանը բաց սահման ունի Իրանի եւ Վրաստանի հետ: 1920-ին Թուրքիային չհաջողվեց վերջնականապես ոչնչացնել Հայաստանը, չնայած նա մոտ էր այդ նպատակի իրագործմանը, եթե Ալեքսանդրապոլի համաձայնագիրը չչեղարկվեր, եւ դրա փոխարեն չկնքվեին Կարսի եւ Մոսկվայի համաձայնագրերը, որի դեմ այդքան համառորեն պայքարում են որոշ հայ «հայրենասերներ», Հայաստան վաղուց գոյություն չէր ունենա: Հայաստանի անկախացումից հետո Թուրքիան ձեռնամուխ եղավ Հայաստանի ոչնչացման ծրագրի ամբողջացմանը՝ որպես իր աշխարհաքաղաքական ծրագրերի իրագործման խոչընդոտի:

2020 թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանին եւ Թուրքիային հաջողվեց Հայաստանից պոկել եւ ամբողջական շրջափակել Արցախը, եւ հիմա նրանք փորձում են սովի միջոցով վերջնականապես լուծել Արցախի հարցը: Բայց դա ծրագրի ընդամենը մի մասն է, որովհետեւ Արցախը հայաթափելուց հետո Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանից պոկելու են Սյունիքը՝ Հայաստանը կտրելով նաեւ Իրանից: Ադրբեջանը եւ Թուրքիան չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը ոչ թե Հայաստանի տարածքով անցնող ինչ-որ ճանապարհ է, այլ Հայաստանից տարածքի գրավումը, որը կլինի իրենց ինքնիշխանության տակ: Հաջորդ քայլը լինելու է Հայաստանի մնացած հատվածին սննդի, էներգիայի եւ կենսագործունեության համար այլ անհրաժեշտ միջոցներից զրկելը: Եթե հիմա Ադրբեջանը պահանջում է, որ արցախցիներն ինտեգրվեն Ադրբեջանին, մի որոշ ժամանակ հետո Թուրքիան է Հայաստանի տարածքում մնացած հայերին ինտեգրելու Թուրքիային: Ի տարբերություն արցախցիների, ովքեր հերոսաբար դիմադրում են Ադրբեջանին ինտեգրվելու պահանջներին, Հայաստանի ինտեգրումը Թուրքիային տեղի է ունենալու շատ ավելի սահուն, առանց բողոքի գործողությունների: Հայաստանի իշխանությունն արդեն ինտեգրվել է Թուրքիային:

Փաշինյանը եւ Միրզոյանը, փոխանակ խոսելու այն մասին, որ Ադրբեջանն ու Թուրքիան նպատակ են դրել շրջափակման միջոցով հայաթափել Հայաստանը, խոսում են Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին, որ դա ներկայացնեն որպես իրենց վարած քաղաքականության խոշոր ձեռքբերում: Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացի, քանի դեռ Հայաստանն այլ երկրների, այդ թվում՝ Իրանի հետ սահման ունի: Սահմանը կբացվի միայն այն ժամանակ, երբ բոլոր մյուս սահմանները փակվեն: Այնպես, ինչպես հիմա Ադրբեջանի իշխանություններն են առաջարկում բացել Ասկերան-Ակնա ճանապարհը, որ արցախցիները հեշտությամբ ինտեգրվեն Ադրբեջանին: Քանի դեռ Արցախը Հայաստանի հետ կապ ուներ, այդ ճանապարհը բացելու մասին խոսք չկար: Երբ Ադրբեջանը գրաված լինի Սյունիքը, իսկ Մառնեուլի թուրքերը փակեն դեպի Վրաստան Հայաստանի ճանապարհը, այ, այդ ժամանակ Թուրքիան, որպես մարդասիրության դրսեւորում, կառաջարկի հայերին օգտվել Երեւան-Իգդիր ճանապարհից:

Թուրքիան իրականացնում է Մեծ Թուրանի ծրագիրը. Հայաստանն այդ ծրագրի ճանապարհին ընկած մի քար է, որ Թուրքիան ուզում է հնարավորինս արագ փշրել ու ոչնչացնել՝ առաջ շարժվելով: Թուրքիայի իշխանությունների համար մեծ բարեբախտություն է, որ Հայաստանում իշխանության են Փաշինյանի եւ Միրզոյանի նման մարդիկ, ովքեր դիմադրելու եւ սեփական երկրի շահերը պաշտպանելու փոխարեն որոշել են գնալ-հանձնելու եւ հանձնվելու ճանապարհով, որովհետեւ այդպես ավելի հեշտ է ու ապահով:
Փաշինյանն ուզում է Թուրքիայի իշխանություններին համոզել, որ Հայաստանը ոչ թե մասնատեն ու ոչնչացնեն, այլ ամբողջությամբ վերցնեն իրենց հովանավորության տակ, որպես ամբողջական միավոր՝ ինտեգրեն Մեծ Թուրանին, բայց Թուրքիայի իշխանությունները չեն շեղվում նախօրոք մշակած ծրագրից: Նրանք մտավախություն ունեն, որ եթե Հայաստանը նույնիսկ ֆորմալ մնա Թուրքիայի ենթակայության տակ, եւ այնտեղ շարունակեն հայեր ապրել, ինչ-որ պահի նրանց մոտ կարող է արթնանալ ազգային ինքնագիտակցությունը եւ արժանապատվությունը, կամ ինչ-որ արտաքին ուժեր կարող են դա արթնացնել, եւ կրկին Հայաստանն ու հայերն օգտագործվեն Թուրքիայի դեմ: Դրա համար ավելի նպատակահարմար եւ ապահով են համարում Հայաստանի եւ նրա տարածքում ապրող հայության վերացումը: Ավելի հարմար պայմաններ դժվար է մտածել` Հայաստանում իրենց համար նպաստավոր իշխանություն է, Ռուսաստանը ներգրավված է պատերազմում, Իրանն էլ միայնակ դժվար թե գործի:

Ավետիս Բաբաջանյան