Նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման ապօրինի գործընթացը

Նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման ապօրինի գործընթացը

Կառավարությունը մայիսի 4-ի նիստում բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման կարգի մեջ փոփոխություն անելու որոշում ընդունեց, համաձայն որի՝ բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ից դառնում է 20, ըստ այդմ՝ կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%)։ Կառավարության այս գործելակերպը դատապարտեցին ոչ միայն համալսարանականները՝ արձանագրելով, որ կառավարության նման որոշումը վտանգավոր է բուհերի ինքնավարության, ակադեմիական ազատության համար ու անդառնալի վնաս կհասցնի բուհերի գործունեությանը:

Ինչպես հայտնի է՝ ԵՊՀ գիտական խորհուրդը դիմեց Մարդու իրավունքների պաշտպանին՝ Սահմանադրական դատարանում ՀՀ կառավարության նշված որոշման սահմանադրականությունն անհապաղ վիճարկելու խնդրանքով։ Բայց մինչ ՍԴ-ում քննվում է կառավարության որոշման սահմանադրականության հարցը, ԿԳՄՍՆ-ն արդեն սկսել է գործընթացը՝ պահանջելով համալսարանին ներկայացնել իր թեկնածուներին՝ խորհրդի ձեւավորման համար։ Ակնհայտ է, որ սա միայն ձեւական բնույթ է կրում, քանի որ եթե անգամ պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողները բոյոկտեն ու չմասնակցեն նոր խորհրդի ձեւավորման գործընթացին, կառավարությունը վարչապետի հրամանով կարող է հոգաբարձուների խորհուրդ ձեւավորել նաեւ 13 հոգուց, առանց ԵՊՀ-ի կողմից առաջադրված 7 ներկայացուցչի։ Հարցն այն է՝ կգնա՞ կառավարությունը դրան, թե՞ ոչ։ Ամեն դեպքում, ԵՊՀ մի շարք դեկաններ եւ տնօրեններ նամակ-հայտարարություն են տարածել՝ հրաժարվելով մասնակցել ՍԴ-ում վիճարկվող որոշման հիման վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման ապօրինի գործընթացին: 

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ, հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ թեպետ ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ վիճարկելու կառավարության ընդունած որոշումը, բայց, ըստ էության, այս «ապիկար իշխանությունների» կողմից ոչ մի նշանակություն չի տրվել այդ փաստին։ «ԿԳՄՍ նախարարությունն արդեն գրություն է ուղարկել ԵՊՀ, որ կազմավորեք խորհրդի կազմը եւ ներկայացրեք ձեր ներկայացուցիչներին ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմից, բայց թե՛ ուսանողական, թե՛ պրոֆեսորադասախոսական հատվածը մերժում է եւ կառավարման խորհրդի անդամության թեկնածու չի ներկայացնում, որը իշխանություններն ապօրինի կերպով առաջ են տանում»,- նշում է Սողոմոնյանն ու նկատում, որ միայն ֆիզիկայի ֆակուլտետի կողմից է առաջադրում եղել՝ ֆակուլտետի գիտխորհուրդն առաջադրել է նախկին դեկան Ավագյանին, որը, ինչպես հետո է պարզվել, տեղյակ չի եղել, որ իր թեկնածությունն են առաջադրել։ 

ԵՊՀ-ի կողմից իր ներկայացուցիչների առաջադրման վերջնաժամկետը լրացել է նախօրեին․ «Երեկվա դրությամբ տեղեկացանք, որ միայն ֆիզիկայի ֆակուլտետն է թեկնածու առաջադրել՝ նախկին դեկանին, ով տարակուսել է այդ առաջադրումից, որովհետեւ ինձ ասացին, որ առանց իր համաձայնության է դա տեղի ունեցել»։ 

Հնարավոր համարո՞ւմ է, որ կառավարությունը, ԵՊՀ-ին շրջանցելով, ձեւավորի բուհի հոգաբարձուների խորհուրդ։ «Իհարկե, իրենցից ո՞նց կարելի է դա չսպասել, եթե ավելի ծանր բաներ են անում, նման ապօրինի քայլ անելն ի՞նչ է իրենց համար՝ արեւածաղկի պես մի բան, նույնիսկ համոզված եմ, որ ռեկտոր էլ կընտրեն, որովհետեւ այդ որոշման մեջ նման կետ էին ամրագրել, որ խորհուրդը համարվում է ձեւավորված, եթե նրա կեսից ավելին ձեւավորվել է, այսինքն՝ միայն 11 հոգուն կարող են նշանակել, ու դա արդեն բավական կլինի, իրենց հիմք կտա անել ամեն ինչ՝ խորհրդի հետ կապված, այդ թվում՝ ռեկտոր նշանակել։ Ստացվում է՝ ՍԴ-ում վիճարկվող ապօրինի որոշման համաձայն, իրենք կարող են ձեւավորել խորհուրդ։ Այն խոսքը, որ մեխն էլ է իրենց ձեռքը, մուրճն էլ, այս պարագայում լրիվ կիրառելի է։ Թեպետ նախարարը եկավ համալսարան, տեսավ բոլորի դժգոհությունը, բայց բառացիորեն ոչինչ հաշվի չեն առնում, անգամ այս վիճակում, երբ երկիրը նոր պատերազմի շեմին է կանգնած, եւ հասարակությանը համախմբել է պետք, բացարձակապես ոչ մի պետական մտածելակերպ չեն դրսեւորում։ Ամեն ինչ արվում է տխրահռչակ իշխանությունը պահելու համար, բոլոր քայլերը դրան են տանում»։

Այսօր ԵՊՀ-ում պարզ կդառնա․ եթե, այնուամենայնիվ, կա առաջադրում համալսարանից՝ կկայանա գիտխորհրդի նիստ, եթե այդ մեկ հոգին էլ չեղարկի իր առաջադրումը, ստացվում է՝ համալսարանական համայնքը չի արձագանքի ԿԳՄՍՆ-ի գրությանը։ Քանի որ դեկանների բաց նամակ-հայտարարության տակ ոչ բոլորն էին ստորագրել, եւ կա նաեւ մեկ առաջադրում, սա արդյո՞ք նշանակում է, որ այնքան էլ համերաշխ չէ ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական համայնքը։ «100 տոկոսանոց միասնականություն չի էլ կարելի ակնկալել ցանկացած հարցի շուրջ։ Տարբեր տիպի տեսակետներ ու շահեր կարող են լինել, բայց, ընդհանուր առմամբ, համալսարանն այս հարցում միասնական է եւ չի ընդունում այս պարտադրովի, ստիպողական տարբերակները, որ իրեն դեմ են տալիս»։   

Երեկ հայտարարություն տարածեց նաեւ ԵՊՀ ուսանողական խորհուրդը՝ հայտնելով, որ հրաժարվում է մասնակցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացին՝ այն որակելով ապօրինի: 

Մենք նաեւ ՄԻՊ մամլո խոսնակ Նունե Հովսեփյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ՄԻՊ-ը ՍԴ-ին ներկայացրե՞լ է գործընթացը կասեցնելու պահանջ։ «Մենք ՍԴ դիմելուց պահանջել էինք բարձր դատարանից, որպեսզի կասեցնի գործընթացը, մինչեւ վերջնական որոշման կայացումը»,- նշեց նա։