Տնազի երկիր Հայաստանս

Տնազի երկիր Հայաստանս

Շատերին ծանոթ մի հին անեկդոտ կա․ մատուցողը կակազող հաճախորդին սպասարկելիս նույնպես կակազում է, իսկ հարեւան սեղանի հաճախորդին սպասարկելիս շփվում է նորմալ խոսակցականով։ Երբ կակազող հաճախորդը վիրավորված ու վրդովված հարցնում է, թե ինչու մատուցողը քիչ առաջ իր տնազն արեց, մատուցողը լուրջ տոնով ու նորից կակազելով նրա ականջին շշնջում է, թե ինքն իրականում մյուս հաճախորդի տնազն էր անում։

Վերհիշելով մեր երկրի վերջին տասնամյակների իրադարձությունների ընթացքը, ցավով վերլուծելով վերջին տարիների ու ամիսների չդադարող, օրեցօր ավելի խորացող մղձավանջը, առավել սարսափեցնում է երկրում տիրող հասարակական մթնոլորտը, որին շատերն անտարբերություն են անվանում, ոմանք՝ շոկ եւ այլն։ Հիմա մենք ազգովի, գրեթե բոլոր մակարդակներում, լուրջ դեմքով ինքներս մեզ ու շրջապատին փորձում ենք համոզել, որ մեր հասարակության իրական դեմքը հենց սա է, ինչ այս պահին ունենք եւ առաջներում նույնպես չենք տարբերվել մեր այս կերպարից։ Ուղղակի նախկինում պետականություն կերտած ժողովրդի տնազն էինք անում։ Որ ԽՍՀՄ փլուզման հետեւանքով ակամայից անկախացել ենք եւ ստիպված էինք սուվերեն պետություն կառուցողի տնազն անել։ Որ վերջին տասնամյակների ընթացքում պետական համակարգն իրականում փլուզված է եղել, սակայն կապկելով տարածաշրջանի այլ պետություններին՝ կառուցողականի տնազն է արել։ Թալանված բանակը ողջ ընթացքում հաղթանակած, մարտունակ բանակի տնազն է արել։

Կոռումպացված ԱԱԾ-ն լրջագույն սատանայաորսը,
ՀԴՄ-աորսը, դղյակաթափությունը թողած՝ չգիտես որ ազգի անվտանգության երաշխավորի տնազն է արել։ Եվ ընդհանրապես՝ կառավարման փտած, քայքայված համակարգով թե ոնց ենք Նիկոլի թվից մինչեւ Նիկոլի թիվ տնազ անելով անփորձանք ձգել, որ նույնիսկ հարիֆ թշնամիները գլխի չեն ընկել ու առիթից չեն օգտվել։ Էլ չենք խոսում ժողովրդից կտրված մտավորականների, ստեղծագործողների, մշակույթի ու քաղաքական գործիչների, ինչպես նաեւ եկեղեցու մասին, որոնք մեր «տաղավարի» արտաքին տեսքն ապահովելու համար տարիներ շարունակ խոսել են ինչ-որ անիմաստ ու անշոշափելի եզրույթների մասին, ինչպիսիք են, օրինակ, պետականաշինությունը, ավանդապաշտությունը, արժանապատվությունը եւ այլն։ Եվ դա այն դեպքում, երբ մեր հանրությունը միշտ էլ նյութապաշտ է եղել։ Չէ՞ որ հենց մենք ենք հեղինակն ու շահառուն «իմաստուն» խոսքերի՝ որտեղ հաց, այնտեղ կաց։

Տպավորություն կա, որ նույնիսկ հարեւանների մի մասը համբերատար, իսկ մի մասն էլ ջղաձգումներով, սպասում է, որ մենք՝ ինքներս կողմնորոշվենք ու ի վերջո իրական տեսքով ներկայանանք։

Արդյո՞ք տարիներ առաջ ինքնիշխան, կայացած երկրի խաբուսիկ տպավորություն ենք թողել, թե՞ հիմա ենք ձախողված, պարտված ու նսեմացած երկրի՝ կարեկցանք հայցող ազգաբնակչության տնազն անում։ Իսկ քանի որ ինձ նման շատերն արդեն սարսափազդու լուրերի ու հոդվածների գլխագրերը ակնթարթային անցնելիս խուսափում են ողջ հոդվածն ընթերցել կամ ահասարսուռ տեսանյութերն ամբողջությամբ դիտել, նշանակում է, որ շատ լավ գիտակցելով, թե ինչքան ենք խեղաթյուրված, սարսափում ենք հայելու մեջ նայել։

Ենթադրում եմ, որ սույն հոդվածն ընթերցողներից ոմանք կհարցնեն՝ տեսնես էս հոդվածագիրը Սերժի վախտով գրել-խոսե՞լ է, թե՞ հիմա ուղղակի հայրենասերի տնազ ա անում։ Ասեմ, որ այլեւս էական չէ։ Որպես չգիտեմ ինչպիսի հանրության մի մասնիկ, շատերի նման՝ ստիպված միանում եմ չգիտեմ իրական, թե տնազ իշխանությունների նախաձեռնած եւ չգիտեմ իրական, թե տնազ ընդդիմության կողմից քաջալերված, չգիտեմ իրական, թե տնազ ընտրարշավին։ Շատերի նման ստիպված հույս փայփայելով, որ մինչ այդ մեր ուզողներն ու չուզողները չեն ցնցի այսքան դաժան գնով «վաստակած» ներկայիս թունավոր, պայթյունավտանգ մթնոլորտը։

Արա Սամսոնյան 
Ինժեներ 

Գերմանիա