Ստամբուլյան կոնվենցիայի 3 հիմնական վտանգները (տեսանյութ)

Ստամբուլյան կոնվենցիայի 3 հիմնական վտանգները (տեսանյութ)

Փաստաբանների պալատի նախագահ, «Ո'չ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով Ստամբուլյան կոնվենցիան, ասաց, որ կոնվենցիան ընդունելուց հետո Հայաստանն այլ երկրների ԼԳԲՏ անձանց կարող է տրամադրել փախստականի կարգավիճակ՝ գենդերային հիմքով․

«Կոնվենցիայի 69-րդ հոդվածը նշում է, որ կոնվենցիայի հիմքերից յուրաքանչյուրը մեկնաբանվի նաև գենդերային տեսանկյունից, և որ այդ հիմքերից մեկի կամ մի քանիսի պատճառով հետապնդման երկյուղի առկայությունը հաստատելու դեպքում դիմումատուներին տրվի փախստականի կարգավիճակ։ Այս հոդվածին վերաբերող բացատրական զեկույցի 313-րդ կետը սահմանում է՝ կողմերը ցանկության դեպքում կարող են նշված մեկնաբանությունը տարածել գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների և տրանսգենդերների նկատմամբ, ովքեր նույնպես հանդիսանում են գենդերային դերակատարության հիմքով հետապնդման զոհ։ Ստամբուլյան կոնվենցիան ընդունելուց հետո մեր երկրում այլ երկրների ԼԳԲՏ անձանց կարող է տրամադրվել փախստականի կարգավիճակ՝ գենդերային հիմքով։ ԶԼՄ հրապարակումներից պարզ է դարձել, որ որոշ ԼԳԲՏ անձինք՝ իրենց երկրներում խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ, ձգտում են Հայաստան»։

Զոհրաբյանը կոնվենցիայի 3 հիմնական վտանգ առանձնացրեց․
«Մեր կարծիքով, Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից հետո 3 վտանգ կարող է լինել․ ԼԳԲՏ անձանց կողմից ընտանիք ստեղծելու, ամուսնանալու և երեխա որդեգրելու օրենսդրական խոչընդոտները կվերանան կամ էականորեն կթուլանան, ինչը բացասաբար կազդի ժողովրդագրության վրա։ 2․ Տարբեր երկրներից ԼԳԲՏ անձինք ապաստան և փախստականի կարգավիճակ կհայցեն գենդերային հիմքով, ինչի հետ կապված՝ մեր երկրի սահմանափակ միջոցները չեն բավարարի։ 3․ Ապագայում կարող է հնարավորություն ստեղծվել, որ իրենց կին համարող տղամարդիկ խուսափեն զինվորական ծառայությունից, ինչը բացասաբար կազդի բանակի մարտունակության վրա։ Եթե մեր երկիրը վավերացրեց կոնվենցիան, կստացվի, որ այն չի հակասում Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերը վավերացվելուց հետո դառնում են մեր իրավական համակարգի բաղկացուցիչ մասը, և օրենքների հետ հակասության դեպքում գործելու է այս պայմանագիրը»։

Մանրամասն՝ տեսանյութում։