Բաչկովն ու Թևանյանը դեռ կարող են Հայաստանին ոսկի բերել․ Տոկիո-2020․ ամփոփում

Բաչկովն ու Թևանյանը դեռ կարող են Հայաստանին ոսկի բերել․ Տոկիո-2020․ ամփոփում

Տոկիոյում շարունակում է ընթանալ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը։

17 մասնակցից բաղկացած Հայաստանի պատվիրակության անդամներից Տոկիո-2020-ում պայքարի մեջ են մնացել միայն բռնցքամարտի կրկնակի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովն ու ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթակիր Վազգեն Թեւանյանը։ Ամառային այս Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ նվաճել է երեք մեդալ, որոնցից  երկուսը արծաթ և մեկը՝ բրոնզ: Արծաթե մեդալակիրներ են դարձել Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն ու Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի հնգակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը եզրափակչում  մրցավարական ակնհայտ կողմնակալության արդյունքում  պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոեւին:

Բացի այս, Ալեքսանյանը կիսաեզրափակչի գոտեմարտի ընթացքում վնասել էր ձախ ոտքն ու եզրափակչին վնասվածքով էր մոտեցել։ Բրոնզե մեդալը նվաճել է սպորտային մարմնամարզիկ, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը։

Ի դեպ, մենք գրել էինք, որ Դավթյանն ու Սիմոն Մարտիրոսյանն արդեն իսկ վերադարձել են հայրենիք, որտեղ էլ՝ «Զվարթնոց» օդանավակայանում ջերմ ընդունելության են արժանացել հայ բազմաթիվ երկրպագուների կողմից։ Շնորհիվ Մարտիրոսյանի ու Դավթյանի տևական դադարից հետո Երևանի օդանավակայանում կրկին զուռնա-դհոլ էր հնչում։ Հատկանշական է, որ Դավթյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում պատմական նվաճում գրանցեց։ Շուրջ 41 տարվա դադարից հետո Դավթյանը անկախ Հայաստանին բերեց առաջին մեդալը Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում:  

Եթե հաշվի առնենք, որ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Հայաստանի համար արդեն իսկ ապահովել է բրոնզե մեդալը, կարող ենք նշել, որ Հայաստանն այս օլիմպիական խաղերում առնվազն 4 մեդալ կունենա։ Բաչկովը եզրափակիչ դուրս գալու համար պայքարելու է վաղը՝ օգոստոսի 6-ին։ Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթակիր Վազգեն Թեւանյանը, ումից նույնպես մեծ սպասելիքներ կան, նույնպես պայքարի մեջ կմտնի վաղը։