Ավետարանոցից մինչև Մարտունիի հատված․ ադրբեջանական ուժերի հարձակման ուղղությունը

Ավետարանոցից մինչև Մարտունիի հատված․ ադրբեջանական ուժերի հարձակման ուղղությունը

Չնայած հրադադարի պայմանավորվածությանը, որը պետք է ուժի մեջ մտներ առավոտյան 08։00-ին, Ադրբեջանը շարունակում է հարձակումները Լեռնային Ղարաբաղում։

Այն ժամից սկսած, երբ պետք է ուժի մեջ մտներ հրադադարի մասին պայմանավորվածությունը, Ադրբեջանը տարբեր միջոցներով կոպտորեն խախտել է այդ պայմանավորավածությունը։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ 

Նրա խոսքերով՝ եղել են և՛ դիվերսիոն գործողություններ, որոնք այս պահի դրությամբ շարունակվում են, և՛ հրթիռակոծություններ։  «Թե՛ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թե՛ մարտական դիրքերի, նաև ռազմական ավիացիա է կիրառել՝ պատճառելով նյութական տարբեր վնասներ, նաև ունենք քաղաքացիական զոհ»,- նշեց Պողոսյանը։ 

Թշնամին հարձակումներ է գործում հարավ-արևելյան ուղղությամբ՝ Ավետարանոցից մինչև Մարտունիի հատված։ Արցախի նախագահի մամուլի խոսնակն ասաց, որ ադրբեջանական ուժերն իրենց զինանոցում եղած գրեթե բոլոր միջոցներն այս պահի դրությամբ կիրառում են, այդ թվում՝ «Սմերչ», անօդաչու թռչող սարքեր։ 

Ճշտող հարցին՝ ժամը 08։00-ից սկսա՞ծ են եղել հարձակումները, պատասխանեց, որ մինչև ժամը 8։00-ն էլ են եղել, իսկ 8-ից հետո շատ ավելի ինտենսիվ գործողություններ են սկսվել։ «Եվ դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները հակված չեն որևէ ձևով պահպանելու ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանով նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ չեն հարգում համանախագահող երկրների կողմից գործադրված ջանքերը»,- եզրափակեց Վահրամ Պողոսյանը։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Հրապարակին» փոխանցեց, որ Հայաստանի սահմաններին հարձակումներ, ռմբակոծություններ չեն եղել։