Դալիի եւ Պիկասոյի 260 աշխատանք կցուցադրվի Ազգային պատկերասրահում

Դալիի եւ Պիկասոյի 260 աշխատանք կցուցադրվի Ազգային պատկերասրահում

Մարտի 7-ից մինչեւ ապրիլի 26-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի «Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը, որի շրջանակներում կցուցադրվի Սալվադոր Դալիի եւ Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն՝ մեկենաս եւ հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից, ում հավաստմամբ՝ բոլոր աշխատանքները բնօրինակ են եւ ներկայացվել են բազմաթիվ երկրներում: 

«Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը յուրօրինակ երկխոսություն է երկու մեծանուն արվեստագետների, որոնք կենդանության օրոք այդպես էլ համատեղ ցուցահանդես չեն ունեցել:
Սալվադոր Դալին փարիզյան ավանգարդիստական խառնարան մուտք է գործել Պիկասոյի շնորհիվ: Նրանց առաջին հանդիպումը կայացել է 1926 թվականին, Պիկասոյի արվեստանոցում: Վերջինիս օգնությամբ Դալին մեկնել է ԱՄՆ, ինչը որոշիչ դեր է ունեցել նրա ստեղծագործական նվաճումների համար:

Անկախ այն հանգամանքից, որ Պիկասոն Դալիի համար իդեալ էր, վերջինիս փառասիրությունը խոչընդոտել է նրանց հնարավոր մտերմությանը: Դալիի էքսցենտրիկ պահվածքն ու մեծամտությունը հանգեցրել են Պիկասոյին մշտապես գերազանցելու մոլուցքին: 20-րդ դարի կերպարվեստի խորհրդանիշներ դարձած երկու նշանավոր վարպետներն ամբողջ կյանքում մշտապես շինծու եւ ցուցադրական «հակակրանք» դրսեւորելով միմյանց նկատմամբ՝ իրականում գնահատել եւ արժեւորել են մեկը մյուսի արվեստը: Հետագայում Պիկասոն կասի, որ հավանում էր Դալիի արվեստը, սակայն չէր ուզում նրան հանդիպել, որպեսզի այդ հանդիպման շնորհիվ նրա անվան շուրջ մեծ աղմուկ չբարձրանա:

Ցուցահանդեսում համադրելով երկու նկարիչների ստեղծագործությունները՝ արվեստասերին բացառիկ հնարավորություն է տրվում տեղափոխվելու նրանց երեւակայական աշխարհը: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն եւ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում:

Սալվադոր Դալիի բրոնզե քանդակները ձեռք են բերվել 2006 թվականին՝ «Դալիի աշխարհ» փարիզյան հիմնադրամից, որը ստեղծել էր նկարչի բարեկամ Բենիամին Լեւին, վիմագրանկարները` հայտնի հավաքորդ եւ Դալիի ընկեր Պիեռ Արժիլեի ընտանիքից՝ 2011 թվականին: Հաջորդ տարի հեղինակավոր «Քրիսթի» աճուրդային տնից ձեռք են բերվել Պիկասոյի խեցեգործական լավագույն աշխատանքները, որոնք վաճառքի էր ներկայացրել Ռամյե ընտանիքը: