Ռոբերտ Քոչարյանը մոռանում է մի բան, որ…

Ռոբերտ Քոչարյանը մոռանում է մի բան, որ…

Իր վերջին ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հրապարակի» հարցին ի պատասխան ասաց, որ այս իշխանությունն առանց փողոցի չի հեռանալու, իսկ դրա համար պետք է լինի բավարար զանգված, որպեսզի ընդդիմությունը դուրս գա փողոց եւ հեռացնի իշխանությանը: Եվ հավելեց. «Փողոցը չպետք է լինի իմ մասին կամ որեւէ մեկի մասին: Եթե այդպես լինի, մենք ոչնչի չենք հասնելու: Մենք չպետք է դուրս գանք փողոց ու ասենք՝ եկել ենք Քոչարյանին իշխանության բերելու համար: Բացի ինձնից, մի 10-15 հոգի էլ են դուրս գալու եւ ասեն, որ իրենց են տեսնում որպես երկրի ապագա ղեկավար: Փողոցը պետք է լինի այս իշխանությանը հեռացնելու մասին»:

Քոչարյանն իր այս միտքը հիմնավորեց այն իրողությամբ, որ ընդդիմադիր հայացք ունեցողների մի հատվածը չի ընդունում իրեն: Այս տեսակետի հետ դժվար է չհամաձայնել, քանի որ բազմաշերտ է ոչ միայն հասարակությունը, այլեւ՝ հենց ընդդիմադիր հայացք ունեցողները. ոմանք սատարում են «Սասնա ծռերին», ոմանք՝ Սերժ Սարգսյանին, ոմանք՝ Ռոբերտ Քոչարյանին: Այս շերտերի մեջ ներքին անհամաձայնությունները դրսեւորվում են անգամ համացանցում. «ծռերը» քարկոծում են բոլորին՝ բացի «ծռերից», սերժականներից շատերը չեն հավանում Քոչարյանին, սեւ քարոզարշավ են անում նրա դեմ, թե Քոչարյանը պարում է Ռուսաստանի դուդուկի տակ եւ լուրջ քայլեր չի անում Փաշինյանին հեռացնելու համար: Քոչարյանականներից շատերը չեն ներում Սերժին՝ «դավադրաբար Նիկոլին իշխանության բերելու համար»: Ուստի դժվար է այս բոլորին հավաքել մի տեղ ու ասել, որ դուրս ենք գալիս փողոց, ու այս փողոցը «նրանցից մեկի մասին է»: 

Այն, որ այս իշխանության մնալու ամեն օրն աղետաբեր է Հայաստանի համար, եւ նրանց հեռացումը պետք է լինի հնարավորինս արագ, դրանում արդեն համոզվել են անգամ շատ մոլի նիկոլապաշտները: Բայց հայաստանյան հասարակությունը 2018 թվից այնպիսի դասեր ստացավ, որ այլեւս դժվար թե դուրս գա փողոց՝ առանց իմանալու, թե «ում մասին է» այդ փողոցը: 2018-ին հասարակությունը դուրս եկավ փողոց՝ Սերժին մերժելու. տվյալ իշխանությունն էր իր վարքուբարքով հասունացրել այդ դժգոհությունը. բոլոր ընտրությունների համատարած կեղծումը եւ անգամ ամենափոքր համայնքներում իր դրածոն ունենալու մոլուցքը, ընտրողների վրա տարբեր մեթոդներով ճնշումներ գործադրելը եւ «ուզած թվերը խփելը», ընտրողներին խաբելով Սահմանադրություն փոխելը, քրեաօլիգարխիային արտոնություններ տալը եւ հասարակության բեւեռացումը հասցրել էին ատելության այն աստիճանին, որ հասարակությունը ստեղծված առիթը բաց չթողեց եւ դուրս եկավ փողոց՝ Սերժին մերժելու: Ու առանց երկար-բարակ մտածելու, թե «ում մասին էր» այդ փողոցը, ովքեր են կանգնած հարթակում, ինչ կենսագրություն ունեն, ինչ անցած ճանապարհ ու արժեհամակարգ, որ երկրի եւ որ կառույցների հետ ինչ կապերի մեջ են նրանք:

Մարդիկ դուրս եկան փողոց՝ մտածելով, որ այդ փողոցը Սերժին մերժելու «մասին է»: Ոմանք մտածում էին, թե այն նաեւ Կարեն Կարապետյանի «մասին է», ում տվել էին իրենց քվեները: Սակայն հետո պարզվեց, որ այդ փողոցը Նիկոլ Փաշինյանի «մասին է»: Իսկ թե ով է Նիկոլ Փաշինյանը, եւ ովքեր են նրա թիմակիցները, գնահատականը տալիս են Հայաստանի գլխին պայթած պատերազմը, Արցախի կորցրած տարածքները, Հայաստանի կազմաքանդված պետական համակարգը՝ իր բոլոր գերատեսչություններով, անտերության մատնված սահմանները, թշնամու առաջ նվաստացած իշխանավորները, ազգային արժեհամակարգի ոտնահարված վիճակը: Մինչ հասարակությունն ուշքի եկավ եւ հասկացավ, թե ում «մասին էր» 2018թ․ փողոցը, արդեն շատ ուշ էր… Շատերը, ովքեր դուրս էին եկել Սերժին մերժելու, այսօր երանությամբ են հիշում Սերժի ժամանակները: Այսքանից հետո այս նույն հասարակությունը դժվար թե դուրս գա փողոց՝ առանց իմանալու, թե ում «մասին է» այս փողոցը՝ Նիկոլից լավի՞, թե՞ Նիկոլից վատի…