Ատելությունն էլ վաղեմության ժամկետ ունի․ շանս տանք նախկին նախագահներին

Ատելությունն էլ վաղեմության ժամկետ ունի․ շանս տանք նախկին նախագահներին

Ատելությունը դեստրուկտիվ զգացում է։ Իմ դիտարկումները ցույց են տվել, որ այն որեւէ չափման չի տրվում, չունի պարամետրեր, չունի որեւէ կառուցողական տարր։ Ատելությունը հաճախ անգամ բացատրություն չունի․ ոմանք ատելությամբ են համակվում կոնկրետ իրենց շոշափելի վատություն արած անձի հանդեպ, բայց շատ մարդիկ էլ ատում են առանց որեւէ պատճառի ու բացատրության։ Պարզապես՝ իքս մարդու տեսքը, խոսքը, վարքն իրեն դուր չի գալիս, կամ՝ կողքից ինչ որ մեկը ներշնչել է այդ ատելությունը։ Առհասարակ՝ չկայացած, չստացված մարդիկ միշտ փնտրում են իրենց չկայացածության համար մեղավորներ եւ այդ մեղավորը կարող է լինել լավ ապրող հարեւանը, կպչուն ազգականին մոտ չթողնող բարեկամը, բարձրաստիճան պաշտոնյան, որն, իր կարծիքով, անարդար ճանապարհով է հայտնվել այդ պաշտոնին։ 

Իսկ ավելի հաճախ դա լինում է պետության առաջին դեմքը, որի պաշտոնավարման ժամանակ մարդը լավ չի ապրել, հաջողություններ չի գրանցել, առաջ չի գնացել, երկրում բազմաթիվ թերություններ է տեսել։ Այս ատելության մեջ առողջ բացատրություն փնտրելն անիմաստ է, որովհետեւ միշտ չէ, որ երկրի առաջին դեմքը մեղավոր է այն հարցում, որ դու, ասենք, քո անմիջական շեֆի հետ կոնֆլիկտ ես ունեցել եւ գործազուրկ դարձել։ Անգամ եթե դու երկրի նախագահին ու վարչապետին հեղեղել ես բողոքի նամակներով․ դրանք կարող են նրան հասած չլինել, կամ՝ ապարատը ճիշտ չզեկուցեր, կամ՝ հակառակորդդ ավելի պերճախոս գտնվեր իր փաստարկների մեջ եւ այլն։

Բայց ինչպե՞ս անել, որ այդ ատելությունը չառաջնորդի մարդկանց, մարդը կարողանա ներել ու հաշտվել իր ախոյանի հետ, վերջապես՝ չէ որ ատելությունն էլ պետք է վաղեմության ժամկետ ունենա՝ ինչ որ ժամանակ անց այդ զգացումը թուլանա եւ ատելության օբյեկտիդ շանս տաս ռեաբիլիտացվելու։ Նաեւ ատելություն ունեցող մարդիկ հասկանան, որ իրենց ատելությունը ինչ որ մարդկանց շահերից է բխում եւ այն կարող են հավերժ շիկացնել ու դրանից օգտվել, իսկ արդյունքում տուժես դու, ընտանիքդ, երկիրդ։ 

Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին կարելի էր ատել-չսիրել իրենց պաշտոնավարման շրջանում, քանի որ մենք այս 30 տարում ծանր օրեր ենք ապրել, անարդարությունների հետ ենք բախվել, դժգոհ ենք եղել երկրի կառավարումից եւ գուցե արդարացի էինք, երբ դրանք վերագրում էինք պետության առաջին դեմքերին։ Բայց ժամանակ է անցել եւ այդ ժամանակը նրանց օգտին է աշխատում՝ մեր նախկին դժբախտություններն ու դժգոհություններն անմեղ բաներ են թվում այսօրվա գլոբալ դժբախտությունների եւ դժգոհությունների կողքին։ 

Պետք է փորձենք ազատվել այդ ատելության զգացումից եւ ավելի առողջ դատենք, նաեւ շանս տանք նախկին նախագահներին՝ երկրի ղեկն իրենց ձեռքը վերցնելու, իրենց իսկ սխալները շտկելու, արդեն ավելի իմաստնացած գործելու եւ երկիրը նիկոլական մղձավանջից հանելու։