«Հրապարակ». Պաշտոններից ու մանդատներից զրկվելուն ընդդիմությունը փիլիսոփայորեն է վերաբերվում 

«Հրապարակ». Պաշտոններից ու մանդատներից զրկվելուն ընդդիմությունը փիլիսոփայորեն է վերաբերվում 

Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ նիստ է գումարել եւ որոշել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ ՔՊ-ում քննարկում են նաեւ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը՝ ելնելով նրանց բացակայությունների մեծ թվից, սակայն այս պահին որոշել են դեռ բավարարվել պաշտոններից զրկելով։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ մանդատներից զրկելու թեմայով ասել էր. «Նախ կքննարկենք խմբակցությունով, նաեւ վարչությունով կքննարկենք՝ արդյոք արժի՞ այդ քայլին գնալ, թե՞ չարժի, որովհետեւ օրենքը դրա հնարավորությունը տալիս է: Կա երկու կարծիք։ Կա կարծիք, որ, այսպես թե այնպես, ընդդիմությունն իրեն արդեն մանդատներից զրկել է, անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնում՝ մեր գործընկերներն այդքան բարձր նշաձող դնելուց հետո ու այդ նշաձողի տակ մնալուց հետո ոնց են վերադառնալու էս դահլիճ։ Այն, ինչ մահացած է, չես կարող զրկել մանդատից ու սպանել։ Եվ կարծիք կա, որ պետք է մինչեւ վերջ «մաշեցնել» այն ամենը, ինչն իրենք արեցին»։ Այս լեքսիկոնն ու ցինիզմը, իհարկե, նոր բան չեն, սա ՔՊ-ի քաղաքական առաջնորդի թելադրած ոճն է, որը շղթայական կարգով փոխանցվում է նրա բոլոր թիմակիցներին: Սիմոնյանն ասել է նաեւ, որ առնվազն տասը պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլատրելիից բավականին ավելի են։ Մինչ այդ 11-ն են եղել, բայց քանի որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դրել մանդատը, մնացել է 10 պատգամավոր։ Մեզ հայտնի դարձավ, թե խոսքը որ պատգամավորների մասին է․ բոլորը, ի դեպ, «Հայաստան» խմբակցությունից են։ Այսպիսով, ըստ ԱԺ ղեկավարության հաշվարկների՝ ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակը գլխավորում է Արմեն Չարչյանը, որը 248 բացակա ունի, որից 34-ը՝ հարգելի։ Հաջորդը Գեղամ Մանուկյանն է՝ 225 բացակայությամբ, այնուհետեւ՝ Անդրանիկ Թեւանյանը՝ 199, Ասպրամ Կրպեյան՝ 198, Իշխան Սաղաթելյանն ու Արմեն Ռուստամյանը հավասար թվով են բացակայել՝ 197, Արթուր Ղազինյանն ու Լիլիթ Գալստյանը՝ նույնպես, նրանք 194 բացակա ունեն, հաջորդը Վահե Հակոբյանն է՝ 193 բացակայությամբ, իսկ տասներորդն Արթուր Խաչատրյանն է, որն ունի 192 բացակա։ Նշված բոլոր պատգամավորների բացականերից միայն մեկն է հարգելի։ Թույլատրելի շեմը, ըստ իշխանությունների, 192-ն է:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը պատկանող ԱԺ պաշտոններին, դրանք ընդդիմադիրներին հասնում են Սահմանադրությամբ սահմանված կարգով` պառլամենտական կառավարման կարգավորումների շրջանակներում: Սակայն պաշտոնների ընտրության ժամանակ` քվեարկության ընթացքում դեր են խաղացել նաեւ ՔՊ-ի ձայները, որովհետեւ խորհրդարանում մեծամասնություն ունեցող խմբակցությունը «Քաղպայմանագիրն» է։ Օրենսդիրը սահմանել է սահմանադրական իրավունքը` որ ընդդիմությանը պետք է այսքան պաշտոն հասնի, սակայն չի սահմանել, թե ինչ պետք է արվի, եթե իշխող խմբակցությունը հրաժարվում է ընտրել ընդդիմության ներկայացուցիչներին: 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից մեկնաբանություն խնդրեցինք՝ մանդատներից զրկելու թեմայով։ Նա ասաց, որ ՔՊ-ի այս որոշման մասով որեւէ մեկնաբանություն չունի․ «Փիլիսոփայորեն եմ վերաբերվում»։ 

Մեր դիտարկմանը, թե երբ իրենք վերցնում էին այդ պաշտոնները, իրենց քննադատում էին, որ բարոյական չէ ՔՊ-ի ձայներով պաշտոն ստանալը, հիմա, փաստորեն, ՔՊ-ն «վերականգնում է» քաղաքական արդարությունն ու բարոյականությունը, Մանուկյանն ասաց․ «ՔՊ-ի ձեռքից ոչ ոք պաշտոն չի վերցրել, դա ՀՀ Սահմանադրությամբ տրված է ընդդիմությանը։ Էդ նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ նույն դահլիճում չէր կարելի նստել, որովհետեւ ՔՊ-ի շնչած օդն ենք շնչում»։ Ուստի նա մեզ առաջարկեց նման որոշում կայացնողներին հարցնել, թե ինչպես են Սահմանադրությամբ ընդդիմությանը տրված պաշտոնները վերցնում իրենց ձեռքից։ 

Հարցին՝ հնարավո՞ր է, որ դիմեն դատարան եւ փորձեն վերականգնել իրենց պաշտոնները, Մանուկյանն ասաց, որ դեռ չեն քննարկել, որոշում չունեն, թե ինչ են անելու։ Ի դեպ, այնպես չէ, որ ՔՊ-ն որոշեց, եւ ընդդիմադիրները զրկվեցին մանդատներից, այդ հարցերը պետք է քննվեն Սահմանադրական դատարանում: Թեեւ ՍԴ-ի կազմը Նիկոլ Փաշինյանն այնպես է ձեւել, որ այնտեղ դժվար թե իշխանությունը խնդիր ունենա: Այ, հենց նման դեպքերի համար էր Փաշինյանը հալածում Հրայր Թովմասյանին: