Ի՜նչ ենք բաց թողել...

Ի՜նչ ենք բաց թողել...

Կորոնավիրուսը մարդու գլխին խելք է թողել, որ մի հատ էլ քաղաքականությամբ հետաքրքրվի: Բայց պատկերացրեք, որ համավարակի այս դժնդակ օրերին անգամ քաղաքական կյանքը եռում է: Ասես՝ անթեղված կրակ լինի, որի վրայի մոխիրը փչելուց հետո է միայն երեւում կարմրատակած խորքը:
Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ վերջին շրջանում, երբ Փաշինյանի տապալված թիմն ինքնամոռաց տրվել է «հնարավորությունների հիվանդության»՝ կորոնավիրուսի տարածման գործին, Փաշինյանից ու նրա թիմից ազատվելու միանգամայն տրամաբանական պահանջ ու պահանջարկ է ձեւավորվել՝ սրանք չեն կարողանում աշխատել, սրանց պետք է հեռացնել եւ ձեւավորել ազգային համաձայնության կառավարություն: Փաշինյանից ազատվելու ընդհուպ կոնկրետ առաջարկներ են հնչում: Մեկը, օրինակ, առաջարկում է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, երկրորդը խոսում է «Իմ քայլով» Փաշինյանի փոխարեն այլ վարչապետ ընտրելու մասին... Հետաքրքիր է նաեւ իշխանությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին փոխանցելու տարբերակը, բայց Արմեն Սարգսյանը, չգիտես ինչու, դրա համար նախ պետք է համաձայնի դառնալ պարետ: Մի խոսքով՝ Փաշինյանին հեռացնելու տարբերակների պակաս չկա, եւ մնում է միայն ընտրել դրանցից մեկը: Հարցնում եք՝ ե՞րբ: Ինձ որ մնար, կասեի՝ թեկուզ վաղը, բայց գիտեմ, որ բոլորի գլուխը խառն է այս ախմախ դիմակահանդեսով ու տագնապալից սպասումով, թե հաջորդ օրը ժամը 11:00-ին ինչ թվեր են կրակելու կորոնավիրուսի շտաբից:

Եվ, ահա, Լեւոն Տեր-Պետրոսյանի ճամբարում, ըստ երեւույթին, զգացել են իշխանությունից Փաշինյանի հնարավոր «մեկուսացման» վտանգը եւ վերահրապարակել ՀՀ առաջին նախագահի հայտնի ելույթը, որ նա կարդացել է 1994թ. ապրիլի 25-ին, Գերագույն խորհրդի նիստում: Ելույթի վերահրատարակիչ Ilur.am կայքը սույն ելույթին անդրադառնալու իր քայլը մեկնաբանում է այսպես. «Վերջին օրերին կրկին շրջանառության մեջ են դրվել Ազգային գաղափարախոսության ստեղծման եւ Ազգային համաձայնության կառավարության ձեւավորման գաղափարները։ Այդ թեման մոդայիկ էր 1990-ական թվականներին, եւ դրա արծարծումը դադարեց միայն 1995 թվականի Սահմանադրության ընդունմամբ»:

Կայքի գրագետներին ասեմ, որ իրենց այս փոքրիկ առաջաբանում թույլ են տվել միանգամից երկու կոպիտ սխալ: Առաջին՝ «Ազգային գաղափարախոսության ստեղծման եւ Ազգային համաձայնության կառավարության ձեւավորման գաղափարներն» ինքնանպատակ «նորաձեւություններ» չեն եւ միշտ առաջին պլան են գալիս անհետաձգելի անհրաժեշտությամբ պայմանավորված, եւ ապա՝ Տեր-Պետրոսյանի 1995թ. քյոխվայապետական սահմանադրության ընդունումով հիշյալ գաղափարների արծարծումը ոչ թե դադարեց, այլ դարձավ առավել հրատապ, ինչի արդյունքում էլ այն օրերի իշխանությունը չկարողացավ մարսել 1996թ. խայտառակ ընտրությունները, որոնք «հորով-մորով արեցին», չնայած որ արդեն փաստացի իրողություն էր իրենց սրտի սահմանադրությունը: Ուզում եմ ասել՝ ինչ ծամածռություններ էլ անես, ինչ սահմանադրություն էլ ընդունես, ում էլ նշանակես ՍԴ նախագահ, միեւնույն է, «Ազգային գաղափարախոսություն» եւ «Ազգային համաձայնության կառավարություն» հասկացությունները չեն դադարում գոյություն ունենալուց, եթե չասեմ, որ դրանց արծարծումը դառնում է առավել հրատապ, երբ իշխանությունները սկսում են քամահրանքով վերաբերվել ժողովրդի՝ երկիրը որպես ամուր, ապահով, ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն տեսնելու, քաղաքացիական հասարակություն, ծաղկող մշակույթ եւ բարգավաճող տնտեսություն ունենալու ձգտումներին ու իղձերին:

Միով բանիվ՝ Տեր-Պետրոսյանի գրասենյակը, որպես հրաժարականների գործի մասնագիտական հաստատություն, փորձ է արել փրկության ձեռք մեկնել մեր օրերի «փրկչին»՝ Նիկոլ Փաշինյանին, որ ամեն ինչ տապալել է ճիշտ այնպես, ինչպես Տեր-Պետրոսյանը 90-ականներին, եւ տրամագծորեն հայտնվել ազգային գաղափարախոսության մամլիչի տակ: Իսկ ազգային գաղափարախոսությունը, ինչպես գիտենք, «խորհրդավորության եւ միստիկայի քողով» պատված ինչ-որ բոբո չէ եւ, ինչպես իրավացիորեն նկատել է Տեր-Պետրոսյանն այս ելույթում, «պարզ, որոշակի եւ գործադրելի ծրագիր է. այն է՝ Հայաստանը տեսնել որպես ամուր, ապահով, ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն, քաղաքացիական հասարակություն, ծաղկող մշակույթ եւ բարգավաճող տնտեսություն»:

Իսկ հիմա երկու խոսք այն մասին, թե ինչու է Տեր-Պետրոսյանի գրասենյակն անհանգստացել Փաշինյանի մոտալուտ «գահընկեցության» առիթով: Ըստ իս՝ բուն պատճառը Փաշինյանի ձեռնարկած ձախավեր սահմանադրական հանրաքվեն է, որի արդյունքում պետք է կյանքի կոչվեր ոչ այնքան Փաշինյանի երազանքը, որքան Տեր-Պետրոսյանի՝ պետության կառավարման տխրահռչակ տեսությունը, թե սահմանադրության ընդունումով «էապես լիցքաթափվում է հասարակական լարվածության մթնոլորտը», իսկ մինչ այդ պետք է «մշակել գործելակերպի ժամանակավոր կանոններ»: Ակնհայտ է, որ այս տեսությունը գոյության իրավունք կարող էր ունենալ բացառապես հետխորհրդային Հայաստանի անկախության առաջին տարիներին, երբ մի կողմից սահմանադրություն չկար՝ որպես այդպիսին, իսկ մի կողմից էլ երկրի ղեկն ստանձնել էին պետական գործերից եւ ազգային գաղափարախոսությունից կիլոմետրերով հեռու մարդիկ, որոնց վարած քաղաքականության պատճառով արդեն 1994-ին կար հասարակական մեծ լարվածություն: Պետք է նաեւ ասել, որ ամենեւին էլ պատահական չէր Տեր-Պետրոսյանի հուշումով Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված «նոր Հայաստան» կեղծ կատեգորիան: Նպատակը «նոր սկիզբ» հայտարարելն էր եւ «նոր սահմանադրություն» ունենալու պատրվակով երկիրն իրար խառնելը:

Փաշինյանի վարքագիծն այսօր հուշում է, որ գործողության մեջ է դրվել 90-ականներին «մոդայիկ դարձած» տեսությունը, որ մինչեւ սահմանադրությունն ու ՍԴ կազմը փոխելը, պետք է առաջ գնանք «գործելակերպի ժամանակավոր կանոններով»: Իսկ թե ինչպիսին են Նիկոլ Փաշինյանի գործելակերպի ժամանակավոր կանոնները, ամեն օր տեսնում ու զգում ենք բոլորս՝ անհանգստանալով ազգային պետության ճակատագրով եւ ելքեր որոնելով ստեղծված իրավիճակից: 1994 թվականից 26 տարի անց, երբ Հայաստանը նախագահական միապետությունից անցում է կատարել կիսանախագահական համակարգի եւ ապա դարձել խորհրդարանական կառավարմամբ երկիր, փորձ է արվում, այսպես կոչված, «սահմանադրական փոփոխությունների» քաղածածկույթի տակ ստեղծել վարչապետական միապետություն՝ վարչապետի խորհրդարան, վարչապետի ՍԴ, վարչապետի դատարաններ, վարչապետի միահեծան կառավարություն, վարչապետի իրավապահ եւ ուժային կառույցներ: Փաշինյանը չի հանգստանա, եւ կամ նրան չեն թողնի հանգստանալ, քանի դեռ չի փոխվի սահմանադրությունը: Ոչ մի խտրություն չպետք է դրվի միջոցների մեջ՝ լինի դա սահմանադրական կարգի տապալումով, թե օտարների աջակցությամբ:

Բայց մի՞թե գործող սահմանադրության պայմաններում եւ այդ սահմանադրությամբ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մեր առաջին գործը պետք է լիներ ինչ-որ երեւակայական նոր Հայաստանի կառուցումը, մի չկշռադատված ու անհեռանկար մտասեւեռում, որ ընդամենը երկու տարում պառակտեց ողջ հասարակությունն ու պայթեցրեց ազգային պետությունը:
Ամեն ինչ, ինչպես 1994-ին, օրինաչափորեն տանում է դեպի իշխող վարչակազմի հրաժարականին կամ իշխանությունից նրա հեռացմանը: Ոչինչ չես կարող անել, այդպես է բոլոր այն ղեկավարների պարագայում, որոնք իրենց անձը սկսում են շփոթել փրկչի հետ: Թե երբ տեղի կունենա մեր փրկչին հրաժեշտ տալու արարողությունը, ցույց կտա ժամանակը, իսկ որ դրանից հետո մեզ իսկապես անհրաժեշտ կլինի ձեւավորել ազգային համաձայնության կառավարություն, միանշանակ է, եթե, իհարկե, ստիպված չլինենք նախ փրկության արտակարգ կառավարություն ստեղծել՝ հին ու նոր փրկիչների համատեղ ուժերով քանդածը հերթական անգամ վերաշինելու համար: