Ղեկի մոտ Նիկոլից խոսելն արգելեք

 Ղեկի մոտ Նիկոլից խոսելն արգելեք

Մի հետաքրքիր բան եմ նկատել: Մյասնիկյան պողոտայում, որով երթեւեկում եմ օրական երկու անգամ, վթարների թիվը կտրուկ աճում է, եթե Նիկոլ Փաշինյանը նախօրեին մի բան է արած լինում: Երեկ 7 րոպեում (ես մոտ 7 րոպեում եմ անցնում այդ պողոտան) աչքիս առաջ 3 վթար տեղի ունեցավ․ 2-ը՝ Նոր Նորք տանող կամրջի մոտակայքում, 1-ը` Հերացու փողոց չհասած` «Բելաջիոյի» մոտ: Մեկը մյուսից ապուշ վթարներ, որոնցից կարելի էր խուսափել, եթե վարորդներն իրենց ուղեւորների հետ քննարկելիս չլինեին Նիկոլ Փաշինյանի` նախորդ օրը Նուբարաշենի մաքսակետ կատարած պատմական այցը եւ, իհարկե, պատմական պահելաձեւը: Դրանից մեկ օր առաջ Մյասնիկյան պողոտայում 3 մեքենայի մասնակցությամբ վթար տեղի ունեցավ, որի արդյունքում մեքենաներից մեկը գլխիվայր էր շրջվել: Պատճառների մեջ ես շատ էլ չխորացա, որովհետեւ դա «Սպայկայի» հայտնի ցույցի նախօրյակն էր, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից մեկ-երկու օր առաջ եղել էր այդ ընկերությունում: Քանի որ թերթը գիշերն է տպվում, չեմ կարող ասել, թե այսօր առավոտյան ինչ տեղի կունենա Մյասնիկյան պողոտայում: Բայց մի բան հաստատ կլինի, որովհետեւ Փաշինյանը երեկ այցելում էր ԲԴԽ, իսկ նա միշտ անկանխատեսելի է:

Ինձ մնում է միայն կոչ անել Մյասնիկյան պողոտայով երթեւեկող վարորդներին` հարգելի «գործընկերներ», մեքենա վարելիս մի քննարկեք Փաշինյանին, որովհետեւ այդ քննարկումներն էյֆորիկ միջավայր են ստեղծում ավտոմեքենայի սրահում եւ շեղում ձեր ուշադրությունը: Հայկական բոլոր ռադիոկայաններին հորդորում եմ` առավոտյան ժամը 8:30-ից մինչեւ 9:00-ն ընկած հատվածում դնել բացառապես գովազդ եւ չտալ Նիկոլ Փաշինյանի անունը, որովհետեւ այդ անունը հայաստանցիների վրա նույն ազդեցությունն է ունենում, ինչ Կիմ Չեն Ընի անունը` հյուսիսկորեացիների վրա:

Ասում են` Կիմ Չեն Ընը մի անգամ հրամայել է կախել իր նախարարներից մեկին, որ համարձակվել է ժպտալ, երբ առաջնորդը զայրացել է աշխատակիցներից մեկի վրա: Մի խոսքով` հիրավի ծանր դեպքի հետ գործ ունենք Հայաստանում:
Ժողովրդական խոսք կա, ասում է` փորձանքն իր ոտքով է գալիս, այսինքն` քայլելով: Եթե համարենք, որ ամեն ինչ հենց այդպես է, էլ ինչո՞ւ ենք ճանապարհային ոստիկանություն պահում, ճանապարհային նշաններ, արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրում, կանգնում ու շարժվում լուսացույցի թելադրանքով: Ի վերջո` կարելի էր ոտքը դնել գազին, ու որտեղ կտրի կապը… Բայց՝ չէ, մենք մտածում ենք, որ պետք է ամեն ինչ կարգուկանոնով լինի, հերթով լինի, շնորհքով լինի, որ փորձանք չպատահի: Էն էլ, ինչպես ասացի, ամեն ինչ գնում է գրողի ծոցը, երբ Փաշինյանն իր հերթական շոուն է բեմադրում:

Կար մի շրջան, որ ես էլ անուշադիր էի երթեւեկում: Ինձնից անկախ՝ երթեւեկության մեջ «Opel» մակնիշի այն «հեղափոխական» տաքսին էի փնտրում, որ հեղափոխության օրերին վնասեց իմ ավտոմեքենան եւ «թռավ» դեպքի վայրից: Հետո Փաշինյանն ու Օսիպյանն ինձ հանգստացրին, թե սրտիդ մոտ մի ընդունիր, տար ավտոմեքենադ սարքիր, իսկ մենք ԱՊՊԱ-ին կասենք` փողը կտա: Ես նրանց այդ ազնվությունից նույնիսկ հուզվեցի եւ մի պահ քիչ էր մնացել անցնեի հեղափոխության կողմը: Իսկ չանցա, որովհետեւ ԱՊՊԱ-ից ինձ մատչելի հայերենով ասացին` հո դու ցնդած չե՞ս, եւ ուղարկեցին գրո… ներողություն, Փաշինյանի եւ Օսիպյանի մոտ, թե ինչպես խոստացել են, այնպես էլ թող տան փողը: Ես այս մասին շատ եմ գրել` Փաշինյանն ու Օսիպյանն ինձ ուղիղ 300 հազար դրամ են պարտք: Հիմա հարցնում եմ` դուք ինչպե՞ս կերթեւեկեիք, եթե ձեր վարչապետն ու ոստիկանապետը ձեզ այդքան գումար պարտք լինեին ու «դուխով» չտային: Մեռա ամոթանք տալով, տեղ չի հասնում, ի՞նչ անեմ, գա՞զ տամ, ճըռռըռցնե՞մ», «լա՞յվ մտնեմ», ԱԱԾ-ին ու ՀՔԾ-ի՞ն բողոքեմ: Հերթական ակտն եմ ստացել` 3 հազար դրամի: Չմուծեմ` տունս ձեռքիցս կառնեն, «հաշիվներս» կսառեցնեն, դեսպանատներին կասեն` վիզա չտան… Այ, այսպիսի երկրում եմ ապրում, որի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է: