Պաշտոնյաների հայտարարագրերը կան, հանձնաժողովը՝ ոչ

Պաշտոնյաների հայտարարագրերը կան, հանձնաժողովը՝ ոչ

Ազգային ժողովում այսօր արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն առաջարկեց երկարաձգել հայտարարագրման ժամկետը։ Նա նշեց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փաստացի չի ստեղծվել, և դրա չստեղծմամբ խոչընդոտներ են առաջացել գույքի  եկամուտների հայտարարագրման հետ կապված։

Այսինքն՝ չկա այն մարմինը, որտեղ պիտի ներկայացվի հայտարարագիրը։ Ուստի, ըստ Քրմոյանի, մենք փաստացի ունենք մի իրավիճակ, որը բավականաչափ վտանգավոր է գույքի և եկամուտների հայտարարագրման գործընթացի անընդհատությունն ապահովելու տեսանկյունից։
Հիշեցնենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է վաղուց ստեղծված լիներ և փոխարիներ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին, սակայն իշխանափոխության և այլ պատճառներով պայմանավորված՝ այդ նոր հանձնաժողովի ստեղծումն անընդհատ ձգձգվում էր, ու մինչ օրս չի ստեղծվել այն։

«Մենք առաջարկում ենք փոփոխել օրենքը, մասնավորապես այն դրույթները, որոնք պետք է ուժի մեջ մտնեին 2019 թվականի հունվարի 1-ից և, փաստացի, հանձնաժողովի բացակայության պատճառով ուժի մեջ չեն մտել, երկարաձգենք ժամկետը և 2020 թվականի հունվարի 1-ից հայտարարագրման նոր մեխանիզմները ներդնենք։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ հայտարարագրման ժամկետը մարտի վերջ է ամրագրված օրենքով, մենք երկարաձգում ենք այդ ժամկետը, և 2018 թվականի համար հայտարարագրերը կներկայացվեն մինչև մայիսի 31-ը»,-ասաց Սուրեն Քրմոյանը։