Իմ վրա գործ են կարում, հատ-հատ ապացուցելու եմ. Արգավանդի գյուղապետ 

Իմ վրա գործ են կարում, հատ-հատ ապացուցելու եմ. Արգավանդի գյուղապետ 

Արգավանդի գործող գյուղապետ Գագիկ Օրդուխանյանը, ով մեղադրվում է համայնքիn 60 միլիոն դրամի վնաս հասցնելու ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ,   հայտարարում է՝ ինքն անմեղ է, չի ընդունում մեղքը։ «Ես ինձ ճանաչում եմ անմեղ։ Ավելին՝ իմ վրա գործ են կարել»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը, ով սկզբում, ի դեպ, սպառնում էր դատի տալ նրան, ով, խախտելով անմեղության կանխավարկածը, իր մասին որևէ  բան կգրի, իսկ տեղեկանալով, որ խոսքը ՔԿ պաշտոնական հաղորդագրության մասին է, ասաց․ «Քննչական կոմիտեն իրավունք չունի ըտենց բան հրապարակել, քանի դեռ իմ մեղավորությունն ապացուցված չէ»։

Նշենք, որ ըստ ՔԿ-ի՝ նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ս. Ս.-ն 2016թ. օգոստոսի 4-ին դիմում է ներկայացրել նշված ժամանակահատվածում Արարատի մարզի Արգավանդ համայնքի ղեկավար Գ. Օ.-ին՝ խնդրելով փոխել համայնքում իր ունեցած 0,75 հա չափով վարելահողի հողատարածքի նպատակային նշանակությունը և միաժամանակ տվյալ տարածքին տրամադրել հասցե: Նշված հողամասում Ս. Ս․-ն ունեցել է դեռևս 2005 թվականին ինքնակամ կառուցած 2412,35 քմ ջերմոցային տնտեսության ու 119,4 քմ օժանդակ շինություններ: Իսկ համայնքի ղեկավարը, ելնելով մտավախությունից, որ դիմումի մերժման դեպքում ունենալու է խնդիրներ, օրենքով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված մուծումներից և տուգանքների վճարումից Ս. Ս.-ին ազատելու նպատակով, ղեկավարվելով համապատասխան օրենքներով եւ ՀՀ կառավարության 2002 թվականի մի որոշման՝ տվյալ պահին ուժը կորցրած իրավակարգավորմամբ, 2016 թվականի օգոստոսի 5-ին կայացրել է որոշում՝ փոխելով համայնքում Ս․ Ս․-ին սեփականության իրավունքով պատկանող 0.75 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը եւ այն դարձնելով արդյունաբերական ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների գործառնական նշանակության։ Այդ որոշմամբ նաեւ Ս․ Ս․-ին տրամադրվել է սահամանված կարգով շինարարության թույլտվություն ու հողամասին հատկացվել է հասցե։ Դրանից հետո Ս․ Ս․-ն որոշումը ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե եւ ստացել պետական գրանցում։ Արգավանդի գյուղապետը մեզ հետ զրույցում ավելացրեց, որ դեպքը տեղի է ունեցել 2015-ին, և նախկին գուղապետը տվյալ քաղաքացուն տվել է շինթույլտվություն ու ավարտական ակտ։

 «Եթե բնակիչը գալիս է, դիմում գրում՝ հողի կատեգորիան փոխելու, մենք պարտավոր ենք գործին օրինական ընթացք տալ՝ կառավարության որոշումով։ Բայց ինքը չի եկել շինթույլտվություն տալու, ինքը հետո պետք է գար ինձնից շինթույլտվոթյուն պահանջեր, ես հետո իրեն պետք է տրամադրեի ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինթույլտվություն, նոր ինքը գնար կադաստր։ Բայց էդ մարդն առանց իմ մոտ գալու վերցրել է հին շինթույլտվությունը՝ 20015-ին գնացել է կադաստր, կադաստրում երգ է ասել, պար է ասել, գիտեք՝ մի հատ ստորակետ եք սխալ գրում, կադաստրը մերժում է, բայց արի ու տես՝ կադաստրը գրանցեց։ Էդ ինչի՞»։
Գագիկ Օրդուխանյանը շարունակում է․ այսինքն՝ տեղի է ունեցել կաշառատվություն։

Իսկ եզրակացությունը մեկն է՝ բոլորին արանքից հանել են, այդ թվում՝ հին գյուղապետին, ով տվել էր շինթույլտվությունը, և ամեն ինչ ուզում են կոտրել իր վրա։

 «Կռայնին ե՞ս եմ դառել, դե հիմա դատարանում կապացուցեմ՝ ով է մեղավոր, ով՝ չէ։ Ես, նորից եմ ասում, շինթույլտվություն չեմ տվել։ Քննիչը գրել է, որ ես տվել եմ շինթույլտվություն։ Թող բերեն մտցնեն աչքս իմ տված շինթույլտվությունը»,- ավելացրեց գյուղապետը։