Թեմա են ստեղծում

Թեմա են ստեղծում

Լրատվամիջոցներից մեկը յուրօրինակ քայլ է արել՝ հարցազրույց է վերցրել Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության համակարգող Վահան Բադասյանից, ապա դրա շուրջ մեկնաբանություն արել՝ եզրահանգելով, որ եթե արցախցի գործիչը կրկնում է մարտի մեկի շուրջ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թեզերը, ապա «դա լուրջ ահազանգ է, որ Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ առաջացել է խոր անջրպետ, որը միայն խորանում է քաղաքական լուծումների բացակայության հետեւանքով»:

Վահան Բադասյանը գլխավորում է մի շարժում կամ կուսակցությունը, որն Արցախում դերակատար չէ, չունի հանրային քիչ թե շատ նկատելի աջակցություն: Նրա տեսակետը վստահաբար կարելի է համարել մասնավոր-անձնական, ինչից հեռուն գնացող եզրակացություններ անել՝ նշանակում է անտեղյալ լինել Արցախի ներքաղաքական իրողություններից: Բայց դա՝ եթե խնդրին մոտենանք լավատեսական կանխավարկածով: Այլ դեպքում հարկ կլինի ենթադրել, որ տվյալ լրատվամիջոցը պարզապես թեմա է ստեղծում, ինչն արդեն անհանգստացնող է, որովհետեւ հազիվ թե նման հրապարակումների թիկունքում չկա քաղաքական որոշակի շահ:

Խնդիրն այն է, թե ու՞մ է ձեռնտու ձեւավորել քարոզչա-տեղեկատվական միջավայր, որ «Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ առաջացել է խոր անջրպետ, որը պանահջում է քաղաքական լուծում»: Խոսքն ի՞նչ լուծման մասին է՝ ահա հարցը: Եթե Արցախում կան անհատներ կամ խմբեր, շրջանակներ, որոնք մարդկային կամ նույնիսկ քաղաքական մղումներով սատարում են, կարող են սատարել Ռոբերտ Քոչարյանին, ապա դա նշանակում է, որ Երեւան-Ստեփանակերտ հարաբերություններն անջրպետային են, եւ առկա է հանգուցալուծման անհրաժեշտությու՞ն:

Վահան Բադասյանը Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ անցել է պատերազմը: Եւ եթե համարում է, որ մարտի մեկի գործով մեղքի բաժին ունի նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դրանից չի հետեւում, թե Արցախի իշխանություններն էլ նույն տեսակետն են պաշտպանում կամ արցախյան հանրությունը կիսում է Բադասյանի մոտեցումները: Երեւանում էլ կան Քոչարյանին սատարող շրջանակներ: Հիմա ի՞նչ, իշխանությունը նրանց պետք է պատերա՞զմ հայտարարի: Նման մակարդակի հրապարակումները պարզապես արջի ծառայություն են, որովհետեւ տպավորություն են թողնում, թե Քոչարյանի գործը ոչ այնքան իրավական, որքան քաղաքական է: Բայց տվյալ դեպքում վտանգավորը Երեւան-Ստեփանակերտ «խոր անջրպետի» քարոզչությունն է: Ենթատեքստում դա ընկալվում է իբրեւ վարչապետ Փաշինյանին ուղղված հորդոր՝ «գնալ քաղաքական լուծումների»:

Այսինքն՝ Արցախում իրավիճակ փոխե՞լ: Հայաստանում իշխանափոխությունից ի վեր նման սպասումներ բազմիցս են դրսեւորվել: Պատասխանը եղել է միանշանակ՝ Արցախում մինչեւ սահմանադրությամբ նախատեսված նախագահական ընտրությունների անցկացումը ստատուս-քվոն պահպանվելու է: Եւ, առհասարակ, չի կարելի մի ձեռքով պաշտպանել Արցախի սուբյեկտության, մյուսով՝ Հայաստանից այնտեղ «քաղաքական լուծումներ նախաձեռնելու» թեզը: Այս թեման պետք է փակվի: Այլապես հարկ կլինի փաստել, որ որոշակի շրջանակներ, հայտնի չէ՝ ում պատվերով, փորձում են Հայաստան-Արցախ դիմակայություն սադրել: Իսկ հետեւանքների մասին մտածե՞լ են: