Փաշինյանի նոր հեծանիվի և Բոլթոնի զարկերակային ճնշման մասին

Փաշինյանի նոր հեծանիվի և Բոլթոնի զարկերակային ճնշման մասին

Հաստատ չենք կարող ասել, բայց Փաշինյանը, կարծես, լրատվամիջոցներին հրահանգ է իջեցրել` հանրությանը համոզել, որ ինքն Արցախի հարցի լուծման այլ տեսակետ ունի` սեփականը, որը խիստ տարբերվում է Սերժ Սարգսյանի որդեգրած եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտպանած տեսակետից: Եվ դա կառուցվում է Փաշինյանի մի հայտարարության վրա․ «Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը»: Մի շարք խելացի հոդվածագիրներ այս հայտարարությունից եզրակացնում են, որ Փաշինյանն այդկերպ մերժում է Ղարաբաղի հարցի լուծման Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի փայփայած տարբերակը, որն առկա է այս պահին բանակցությունների սեղանին: Մեր կարծիքով, սակայն, Փաշինյանն ընդամենը խաղադրույք է կատարում հնարամտության օրենքների վրա եւ փորձում է արանքը ճղել` հետագա պատասխանատվությունից խուսափելու համար: 

Հետաքրքիր է, որ այս «հանճարեղ» հայտարարությունը նա արել է Մոսկվայից վերադառնալուց հետո, այսինքն`ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների 4-ժամյա բանակցություններից, իր եւ Իլհամ Ալիեւի 1.5 ժամ տեւած «դավոսյան խորաթայից», Բոլթոնի հուժկու զանգերից (իրեն եւ Ալիեւին) հետո: Հուսալ, որ Մոսկվայում այդքան բանից հետո աչքաթող կանեին Փաշինյանին կամ կհավատային Ալիեւի հետ «հենց-ընենց» հանդիպելու թեզին, միամտություն է: Իր հերթին կրակի վրա ջուր է լցնում նաեւ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը:

Պաշտոնական Վաշինգտոնը ղարաբաղյան խնդիրը դասում է աշխարհում անվտանգությանը սպառնացող մարտահրավերների շարքում՝ չբացառելով Կրեմլի միջամտությունը: Ամերիկյան հետախուզական այլ ծառայությունների ղեկավարների հետ Սենատում ծավալված քննարկման ժամանակ Դեն Քոութսը ներկայացրել է համաշխարհային անվտանգությանը նվիրված հերթական զեկույցը եւ նշել, որ «…Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը մնում է լայնածավալ ռազմական հակամարտության առաջացման հնարավոր աղբյուր, որի մեջ կարող է ներքաշվել Ռուսաստանը»: Սա ի՞նչ է, եթե ոչ պարզ նախազգուշացում, որ եթե Հայաստանը չարդարացնի ԱՄՆ հույսերը եւ չգնա ժողովուրդներին «խաղաղության նախապատրաստելու» ճանապարհով, այն է` «տարածքների վերադարձ», ապա մեծ պատերազմ կարող է սկսվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որին կմիջամտի (կներգրավվի) Ռուսաստանը: Եվ ահա, եվրոպական բավականին «առարկայական եւ բովանդակալից» քննարկումներից հետո Փաշինյանը Մոսկվայի վրայով վերադառնում է Հայաստան եւ հայտարարում. «Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը»:

Հայաստանում որեւէ մեկը կա՞, որ տեղեկություն ունի, թե Փաշինյանի այդ հայտարարությունից հետո ինչքան է բարձրացել Բոլթոնի ճնշումը: Իսկ Հայաստանում կա՞ մեկը, որ գիտի, թե ով չի թողնում, որ Փաշինյանը «կարողանա» քննարկել «տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձեւը: Բոլթոնը, եթե հիշում եք, ասել էր` Նիկոլ ջան, ԱԺ ընտրություններում ծանրակշիռ հաղթանակ տանելուց հետո դու ամեն ինչ «կկարողանաս» անել: Փաշինյանը, կարծես, տարել է այդ հաղթանակը, նրա թիմն ու անձնական ընդդիմությունը, կարծես, կարող են ամեն ինչ անել տերպետրոսյանական անփառունակ բանաձեւը կյանքի կոչելու համար, բայց մեկ էլ՝ հոպ, Մոսկվայից վերադարձած Փաշինյանը հայտարարում է` «նույնիսկ չենք կարող քննարկել»: Ինչո՞ւ, իսկ ո՞վ կարող է քննարկել, քանի դեռ Արցախը բանակցությունների սեղանի մոտ չէ:

Փաշինյանը շատ «խորիմաստ» պատասխան է տալիս այս հարցին` բա գիտե՞ք, ես ղարաբաղցիների կողմից չեմ ընտրվել եւ նրանց փոխարեն չեմ կարող որոշում կայացնել: Իսկ քո արտգործնախարարը, պարոն Փաշինյան, «կարո՞ղ է» ՄԽ համանախագահների հովանու ներքո 4,5 ժամ բանակցել «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» հարցը: Իսկ գուցե Արցախի ժողովո՞ւրդն է Մնացականյանին ՀՀ արտգործնախարար նշանակել, պարոն Փաշինյան:
Թե ինչի կարող է հանգեցնել Արցախի հարցով բանակցություններում Հայաստանի դիրքերի այս «օպտիմալացումը», դժվար չէ գուշակել: Վաղը, մյուս օրը Հայաստանին կարող են վերաբերվել որպես Մինսկի խմբի մյուս ոչ համանախագահ երկրներին` Բելառուսին, Գերմանիային, Իտալիային, Շվեդիային, Ֆինլանդիային եւ Թուրքիային: Ինչպե՞ս ենք հետ բերելու որպես բանակցող կողմի մեր դիրքերը, եթե Փաշինյանը շարունակի նոր հեծանիվ արարել արդեն 30 տարի ձգվող բանակցություններում:

Ավարտելով` երկու խոսք ասենք նաեւ վերեւում ակնարկած մեր գլխավոր մտահոգության մասին: Մենք, ի տարբերություն ԱՄՆ հետախուզության, առանձնապես տեղեկացված չենք վերջերս Մոսկվայում Փաշինյանի մասնակցությամբ բանակցությունների մանրամասներին: Հետեւաբար, մենք բոլոր հիմքերն ունենք չբացառելու, որ հենց Մոսկվայում են Փաշինյանին «խնդրել» չմտնել «հողային բազարների» մեջ, մանավանդ որ այդ հողերի պատկանելության հարցը կարգավորված է վաղուց եւ միանգամայն այլ պետությունների` Ռուսաստանի եւ Իրանի միջեւ կնքված համաձայնագրերով: Եթե, այնուամենայնիվ, մեր կասկածներն անհիմն են, Հայաստանն անհապաղ պետք է ձեռնամուխ լինի Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը եւ հող նախապատրաստի ճիշտ պահին պետական ամենաբարձր մակարդակով Արցախի անկախությունը ճանաչելու համար: Պետք չէ տուրք տալ «խաղաղության այլընտրանքը պատերազմն է» կամ «խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է» անմիտ սոփեստություններին: Ժամանակակից աշխարհում, եթե հարկ լինի, Անտարկտիդան էլ կներգրավեն Սիրիայի պատերազմի մեջ: Հետեւաբար, ուզածդ պատերազմ կարելի է կանխել միայն ավելի ուժեղ զենքով: Եվ այդ զենքը մենք ունենք` դա Արցախի հայության անկախության իրավունքն է, որի դեմ ոչինչ են պատերազմի սպառնալիքները: