Ի՞նչ անենք, եթե որոշեն վերցնեն․ էթանք Սևանում լողանանք ու խեղդվե՞նք

Ի՞նչ անենք, եթե որոշեն վերցնեն․ էթանք Սևանում լողանանք ու խեղդվե՞նք

Այսօր տեղեկացանք, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ նա այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Ըստ տարածված լուրերի, Միլիտոնյանի դիմումը կապված է «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելելու հետ։ politik.am կայքը գրեց, որ ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանն՝ առանց Միլիտոնյանի գիտության, հրապարակել է պաշտոնական փաստաթուղթ՝ որոշում, որով արգելվել են Սոլովյովի հաղորդումները եւ Միլիտոնյանը՝ որպես բողոքի նշան է հրաժարական տվել։ Մենք կապվեցինք ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանի հետ, նա «Հրապարակի» հետ զրույցում հերքեց լուրերը, որ ինքն առանց Միլիտոնյանի իմացության փաստաթուղթ է ստորագրել. «Նման բան չկա»,- նշեց նա: 

Մենք փորձեցինք կապ հաստատել Մուշեղ Միլիտոնյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր:

Կապվեցինք Մուշեղ Միլիտոյանի հոր` Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ` հասկանալու համար, թե ինչու է որդին ազատման դիմում գրել, Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դա իր գործն է, ժամկետը լրանալու էր ու այդպես, ուրիշ ոչ մի խնդիր չկա, դա իր գործն է»: 

Ե՞րբ էր ժամկետը լրանում, Միլիտոնյանն ասաց. «Տեղյակ չեմ»: 

Իսկ գուցե Գրողների միության շենքը վերցնելու թեման կապ ունի՞ Ձեր որդու որոշման հետ, հարցրեցինք մենք։ Հիշեցնենք, որ Դատախազությունը պատրաստվում է մի քանի ստեղծագործական միությունների, այդ թվում ՀԳՄ-ի շենքը վերցնել, Միլիտոնյանն ասաց. «Չէ, ի՞նչ կապ ունի նա: Բացարձակ կապ չունի այդ թեմաների հետ: Երեկ էլ դատախազությունը նոր տեքստ էր հրապարակել, մենք հիմա այդ հարցով զրուցում ենք փաստաբանի հետ», - նշեց նա: Ի՞նչ քայլեր եք նախատեսել այս առումով. «Ի՞նչ անենք, եթե որոշեն վերցնեն, էթանք Սևանում լողանանք ու խեղդվե՞նք: Պետք է պայքարենք, այլ տարբերակ չկա», - եզրափակեց նա: