Մարդիկ՝ Բոսխի նկարած արյուն պահանջող ու նզովող բերաններով  

Մարդիկ՝ Բոսխի նկարած արյուն պահանջող ու նզովող բերաններով  

Հենրիկ Հարթենյանը պատժված է, նրան «Իմ քայլը» հեռացրեց իր շարքերից։ Ի դեպ, կա նաեւ կարծիք, որ իշխանությունը նրա ծառայությունից օգտվեց՝ հասարակության ուշադրությունը «գրիչից» շեղելու համար։ Նաեւ դիվիդենտներ հավաքեց, թե բա՝ հեղափոխականները չեն խնայում անգամ յուրայիններին, սխալները պատժվում են։ Սակայն նաեւ մատնեց իշխանություններին, որոնք շարունակ ձեւացնում են, թե ֆեյսբուքյան գրոհները ոչ մի տեղից ուղղորդված չեն, այլ ուղղակի մարդկանց արդար զայրույթի արգասիքն են։ Իրոք որ՝ արգասիքը, բայց երբեմն իրենց թիմակիցների կարճատեսության, չարացածության եւ հասարակությանը սեւ-սպիտակի բաժանելու։
Իրականում Հարթենյանը ոչ մի «սխալ» ու արտառոց բան չի արել։ Ինչ արել է, արել է վերջին 1․5 տարում Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի կամ Արմեն Աշոտյանի տների մոտ կազմակերպված «թաղումների», Ֆեյսբուքում տարածվող անեծքների ու հայհոյանքների տրամաբանության շրջանակներում։ Գործողություններ, որոնք գրեթե հիշեցնում են նացիզմից ազատագրված հաղթողներին, որոնք նրանց հետ համագործակցած անձանց գլուխները սափրում էին ու քարշ տալիս փողոցներով՝ գազազած ամբոխի լուտանքների ներքո։ Միջնադարում այս մարդիկ Բոսխի նկարած՝  արյուն պահանջող ու նզովող բերաններով  մարդ-հրեշներն էին, որոնք հրապարակային քառատումների ժամանակ հաճույքից ամենաբարձրն էին գոռում, եւ որոնց այսօր մենք կերպավորված՝ հանդիպում ենք շատերի գրառումներում։ Նման «մարդ-հրեշներից» մեկը, օրինակ, հույս էր հայտնել, որ մինչեւ Նիկոլը Կապանից գա, Թովմասյանն ինքնասպանություն կգործի։ 120-ից ավելի մարդ «լայքել» էր գրառումը։

Այս տրամադրությունները ոչ միայն Ֆեյսբուքում են, այլեւ մամուլի տարբեր միջոցների հարթակներում, որոնք գործարանային հոսքագծի պարբերականությամբ թողարկում եւ Youtube են նետում հազարավոր՝ 70, 100, 150 հազար դիտումներ ապահովող նյութեր՝ հիմնականում ուղղված պողոսներին մշակելուն։ Perfect TV-ի՝ «Նիկոլը հենց հիմա պայթեցնում է համացանցը, փշաքաղվելու տեսանյութ» կոչվող տեսանյութում, օրինակ, հակալրագրողական ձայնով մեկը կարդում է․ «Նիկոլը գալու է բոլորիդ հետեւից»։ «Զինված հարձակում. Նիկոլի ոչնչացնող հակահարվածը. Քոչարյանի շների խաղերը» վերնագրով տեսանյութում էլ ուղիղ սպառնալիքներ են հնչում՝ ուղղված մամուլին, որին Perfect TV-ի անտիլրագրողն ասում է․ «Իհարկե, սա մամուլի կողմից փոքրիկ պրովոկացիա էր եւ մանիպուլյացիոն գործողություն՝ ընդդեմ իշխանությունների, եւ այդ գործողությունները համակարգողներն այն մարդիկ են, որոնք շատ շուտով հայտնվելու են դատարանների առջեւ, թող որեւէ մեկը հանկարծ չկասկածի»։ Ի դեպ, այս նյութն ունի 80 հազար դիտում։ Արթուր Վանեցյանի նկարով տեսանյութը՝ «Սա արդեն չի ներվի, այլանդակ, լկտի քայլ, ոչ ոք չէր սպասի», 36 հազար դիտում ունի։ Մեկ այլ՝ ամեն ինչ ասող վերնագիր․ «Բիզնեսդ տուր, թե չէ վատ կլնի․․․ Ծառուկյանը կորած է»։ Կամ՝ «Վերջ, մտան Տաշիր՝ Սամոյենց տները»։

Այս արտադրանքի ծագումնաբանության ուղղությամբ հետազոտություն արած Նարեկ Սամսոնյանը նշում է, որ այս ֆեյք-լրատվությունը հենց կառավարությունն է պատվիրում։

«Այդ, որ ասում եք՝ 70, 80, 100 հազար, ապա այդ դիտումներն ամբողջությամբ գնված են։ Այդ նյութերի վրա իրենք հարյուր հազարավոր դոլարներ են ծախսում, որ դրանք Youtube-ում երեւան։ Դրա համար կառավարությունը ծախսում է գումար՝ հատուկ անմեղսունակ նյութեր սպառողների համար։ Ու հետո այդ դիտումների հաշվին նույն Youtube-ից ստանում է գումար»,- ասում է Սամսոնյանը։ Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու իմքայլական անդամ Հենրիկ Հարթենյանին, ապա նրան կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի ու այս լրատվության ստեղծած ատելության մթնոլորտի «զոհը», որը կարծել է, թե 18-ի հրահանգները՝ երեխաների, ընտանիքների դեմ մարդկանց զայրույթն ուղղորդելու եւ տեռորի, դեռ ուժի մեջ են եւ կարելի է շարունակել նաեւ Հրայր Թովմասյանի դուստրերի ու ընտանիքի դեմ։ Չէ որ այն ժամանակ ՀՀԿ-ականների ընտանիքների հանդեպ տեռոր անելու հրահանգն անձամբ Փաշինյանն էր տալիս՝ կոչ անելով զանգել պատգամավորներին ու պաշարել նրանց տները։

Ֆիզիկայի օրենք կա՝ ազդեցությունը ծնում է հակազդեցություն, ատելությունը՝ ատելության նոր մակարդակ, եւ երեկ արդեն Հրայր Թովմասյանի աղջկա (իրականում՝ եղբոր աղջկա) վրա ֆեյքերին «քսի տված» անձի քրոջ պրոֆիլն էին ման գալիս։ Նիկոլ Փաշինյանն ու թիմը այդպես էլ չեն հասկանում, որ այն, ինչ արել են իշխանության գալու համար, մի օր շրջվելու է ու արդեն իսկ շրջվում է իրենց դեմ։ Ինչպես Աշոտյանն էր գրել՝ գրիչն էնպիսի մի բան է, որ այսօր ձեռքումդ է, վաղը դառնալու է «ազգիս ուրախության առարկան»։ Պոպուլիզմն ու մարդկանց ամենաստոր զգացմունքների վրա խաղալը՝ առավել եւս։