Քամի բան անողների մասին

Քամի բան անողների մասին

44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը մերժել են «Իմ քայլը» մեծամասնությունը եւ ՀՀԿ-ն: Բոլորը՝ ԲՀԿ, ԼՀԿ, ՀՅԴ եւ այլն, համաձայն են, իսկ իշխող ուժն ու իշխանությունը նրան փոխանցած հանրապետականները՝ ոչ: Արդյունքում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել շախմատային խաղատախտակի վրա: Առաջին անգամ, 2018 թվականից այսկողմ, ԻՔ-ն ու ՀՀԿ-ն, կարծես, հայտնվել են նույն կիսադաշտում եւ, շախմատային լեզվով ասած, խաղում են նույն գույնի ֆիգուրներով: Ի՞նչ է սա, շահերի «պատահական» համընկնո՞ւմ, թե՞ մտածված եւ կշռադատված համագործակցություն «դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքով:

Այսինքն, դու չես հրապարակում 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը, ես էլ չեմ պահանջում, որ հանձնաժողով ստեղծվի՝ 2020թ. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով: Կարծում եմ՝ թե՛ ԻՔ-ն եւ թե՛ ՀՀԿ-ն կպարզաբանեն այս զավեշտալի իրավիճակը, մանավանդ, որ նրանցից մեկն իր ընտրողների, իսկ մյուսը՝ միասնական ընդդիմության առաջ արդարանալու խնդիր ունեն:

Ժամանակին, երբ ստեղծվում էր Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովը, միասնական ընդդիմության ուժերը եւ ՀՀԿ-ն մասնավորապես, դժգոհ էին եւ զանազան պատճառաբանություններ էին բերում (հիմնականում՝ արդարացի), որ դա լինելու է քաղաքական հերթական գործիքն իշխող մեծամասնության ձեռքին՝ ընդդիմության նկատմամբ հետապնդումների նոր ալիք հրահրելու համար: Ընդդիմության այս մտավախությունն արդարացավ շատ արագ: Անդրանիկ Քոչարյանը վերածվել էր մի դագանակի՝ կախված նախորդ իշխանության գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների եւ Ապրիլյան պատերազմի ժամանակ դերակատարում ունեցած զինվորական չիների գլխին:

Անդոն նրանց կանչում էր հարցաքննությունների, ահ տալիս, վախեցնում դատուդատաստանով, իսկ ժողովրդին էլ ստեպ-ստեպ աչքալուսանք տալիս, թե «հեսա-հեսա» զեկույց է ներկայացնելու այդ պատերազմի մեղավորների, տարածքային եւ մարդկային կորուստների պատճառների մասին: Անդոյի մոտ վերջին ամենալուրջ «հարցաքննվողը», եթե չեմ սխալվում, Սերժ Սարգսյանն է եղել, որը, ինչպես պարզվեց, ավելի շատ հարցեր է տվել հանձնաժողովին, քան պատասխաններ: Սերժ Սարգսյանին «հարցաքննելուց» հետո Քոչարյան Անդոն մի տեսակ փոխվեց․ ոչ այն է՝ ծերացավ, ոչ այն է՝ առողջական-քաղաքական խնդիրներ ձեռք բերեց: Նա հանկարծ դադարեց խոսել իր գլխավորած հանձնաժողովի զեկույցի մասին, որը պարտավոր էր հրապարակել, քանզի բավականաչափ պետական փող էին մսխել իրենց վստահված այդ «ճակատը» պահելու վրա: Չկա ո՛չ զեկույց, ո՛չ էլ Անդոն կա, որ հաշիվ պահանջենք: Մորուք է պահել, դարձել իմքայլական, լրագրողների հետ էլ այնպիսի տոնով է խոսում, որ նույնիսկ հպարտ քաղաքացիների սիրտն է խառնում: Ասելիք չունի՞ Անդոն, ինչո՞ւ է դեմ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ձեւավորելու առաջարկին:

ՀՀԿ-ն իր մերժողական կեցվածքը բացատրում է այս իշխանությունների առկայությամբ՝ քանի սրանք են, ոչինչ չի ստացվի, սրանք կգնան, հետո կստեղծենք այդպիսի հանձնաժողով: Կարծում եմ՝ լուրջ փաստարկ է, բայց, այնուամենայնիվ, կա մի հայտնի ասացվածք՝ երկաթը տաք-տաք կծեծեն: ՀՀԿ-ն ինչի՞ց է վախենում, գուցե իրեն ոչ հաճելի որեւէ բացահայտումի՞ց: Բայց մի՞թե 44-օրյա պատերազմի հետ կապված դեռ որեւէ բան է մնացել առանց բացահայտման: ՀՀԿ-ի փոխարեն, եթե ճիշտ եմ հասկանում, որ այդ քաղաքական ուժից ուղղակի «խլել» են իշխանությունը, հալածել նրան մինչեւ վերջ, ես կհամաձայնեի եւ նույնիսկ կողջունեի ԼՀԿ-ի առաջարկը: Ավելին, կհավաքեի բոլոր բարձրաստիճան զինվորականներին եւ կհորդորեի ազատ արտահայտել այն ամենը, ինչ ներս են գցել կամ թաքցրել այս ընթացքում՝ վախենալով ՀՀ եւ ԱՀ իշխանություններից:

Ի վերջո, առանձին անհատներ արդեն խոսել են, չէ՞, պարզվել է, չէ՞, որ աննախադեպ դավաճանություն է տեղի ունեցել, որի արդյունքում մենք բազմահազար զոհեր, անհետ կորածներ ու գերիներ ենք տվել, տարածքներ կորցրել, կանգնել պետականությունը կորցնելու վտանգի առաջ: Այսքանից հետո սպասել այս իշխանության հեռանալուն, որ բան բացահայտենք՝ պարզապես միամտություն է: Հետո այդ ե՞րբ, երբ այս «ավազակախումբը» թռա՞ծ կլինի: Ես հասկանում եմ Ռոբերտ Քոչարյանին, որ իր կամքով կանգնեց դատարանի առջեւ եւ կանգնած է մինչ օրս, ես հասկանում եմ Սերժ Սարգսյանին, որ Քոչարյան Անդոյի հրավերով գնում է հարցաքննության ու մեծ արժանապատվությամբ դուրս գալիս «հարցաքննության» սենյակից: Տիրոջ զգացումով երկրին վերաբերվող մարդիկ հենց այդպիսին են լինում: Բայց ես չեմ հասկանում այդ մարդկանց, երբ այս նվաստացուցիչ կապիտուլյացիայից հետո էլ նրանք այս իշխանությունների վիզը ոլորելու եւ բանտ նետելու ուղղակի կոչ չեն անում ժողովրդին եւ թույլ են տալիս, որ դավաճանների ու պատահական անցորդների այս իշխանությունը հեռանա իր ուզել-չուզելով, իր նազուտուզով, եւ դրանից հետո միայն հանձնաժողով ստեղծեն՝ նրանց գործերը քննելու համար:

ՀԳ. Անապատում էլ շատ քամի կա, գնացեք բռնեք: