Արդյոք ուշ չէ՞ Նիկոլի գնալը

Արդյոք ուշ չէ՞ Նիկոլի գնալը

«Որ գնաս, Նիկոլին կբարեւես»: «Նիկոլն ի՞նչ մարդ է, որ բարեւում ես»: «Մեր մարդն է»:
Սա հատված է Սյունիքում նոր սահմաններ գծող ադրբեջանցու եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի զրույցից: Իսկ մենք սա թողած՝ ամիսներ շարունակ քննարկում ենք՝  Նիկոլն ուժե՞ղ բանակցող է, թե՞ թույլ բանակցող է: Էլ ի՞նչ պետք է լինի, որ աչքներս բացենք եւ տեսնենք, թե ինչ կատարվեց Արցախի հետ, եւ ինչ է կատարվում Սյունիքի շուրջը: Ամեն օր Ադրբեջանն իր պետական սահմանն առաջ է բերում՝ Սյունիքում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների հաշվին: Մենք դեռ կշարունակեինք զարմանալով հավատալ, որ այս սահմանախեղումը կատարվում է Նիկոլի եւ Իլհամի միջեւ բանավոր պայմանավորվածությամբ, եթե Սյունիքում ռուս խաղաղապահները ցույց տված չլինեին Բագրատյանին գրավոր հուշագիր, ստորագրված թուղթ՝ դիրքերը, ճանապարհային հատվածները, բանակավայրեր ու արոտավայրեր հանձնելու մասին:

Բանավորի դեպքում դեռ հույս կար, որ մի օր նույն բանավոր փոխըմբռնմամբ էլ կվերականգնվեին սահմանները, իսկ գրավորի՞ դեպքում: Ստորագրել է 72 տոկոս քվե ունեցող վարչապետը, այսինքն՝ հայ ժողովուրդը, ամենաքիչը՝ 72 տոկոսը: Մենք այդ մանդատը տվել ենք Նիկոլին եւ չենք կարող հրաժարվել: Սրանով է Նիկոլը բազմակողմանի եւ անսպառ օգտագործելի մեր ու մեր երկրի դեմ: Օրինական առաջնորդ է, եւ ժողովրդին թեկուզ ճակատագրական հարցերում դիմելու, դրանք քննարկելու խնդիր չկա: Սա ավելորդ ճոխություն է, որ Նիկոլը թույլ չի տա մեզ, որի իրավունքն ունի, ինչն էլ նրան սատարող աշխարհը կարդարացնի՝  օգտագործելով 72 տոկոս խաղաքարտը:   
Մենք դեռ չգիտենք, թե էլ ինչ թղթեր են ստորագրվել, եւ իրականում Սյունիքից դեռ որքան տարածք է հանձնվելու:

Արդյո՞ք Սյունիքից հետո այլ տարածքների համար թղթեր ստորագրված չեն: Հիմք չունենք գոնե 0․1 տոկոս վստահելու Նիկոլին եւ իր թիմին, որ ասում են, թե նոր սահմանազատումն արվում է հանուն Սյունիքի անվտանգություն, երբ ամենուր փակցված են ադրբեջանալեզու հսկայական ցուցանակներ՝  բարի գալուստ, Ադրբեջան, հայկական Սյունիքում: Երբ Ադրբեջանն իր մերձավոր երկրների համաժողովներում հնչեցնում է Մեղրիով անցնելու միջանցքի մասին, բայց մեզ մեր երկրում ասում են, թե Մեղրիի միջանցքի նշում չկա համաձայնագրում: Իսկ համաձայնագրի օժանդակ կամ կից թղթերո՞ւմ: Հանկարծ մի օր էլ Բագրատյանը կամ սրտացավ մեկ ուրիշը պարզի, որ նման որոշում կա: Այս դեպքում էլ Նիկոլը եւ ժողովուրդը գաղտնազերծումը կընդունեն փոխլռությամբ՝ որպես համաձայնություն Ադրբեջանին ու Թուրքիային: Այդպես վարչապետ ու ժողովուրդ հայրենիքը շերտ առ շերտ, մաս առ մաս հանձնում են թշնամուն ամեն օր: Հաջորդ անգամ ադրբեջանցին սահման գնացած կամ սահմանին նրա մոտ եկած հային կասի՝ Նիկոլին եւ ձեր ժողովրդին կբարեւես:   

Երբ ասում ենք՝ եթե նոյեմբերի 10-ին Նիկոլը գնացած լիներ, դրանից հետո տվածն իր տեղում մնացած կլիներ, փաստորեն, միամիտ ցանկություն է: Եթե կա գրավոր համաձայնագիր, որի համաձայն է Ադրբեջանը սահմանն առաջ բերում, ոչ թե բանավոր պայմանավորվածությամբ, նոր եկողն ի՞նչ պետք է աներ: Չէ՞ որ ստորագրել է 72 տոկոս ձայնով ընտրված վարչապետը: Հիմա որ նորը եկավ, ի՞նչ է անելու այս եւ դեռեւս չգաղտնազերծված փաստաթղթերի ի հայտ գալու դեպքում: Մինչեւ նոր ընտրություններ կայանան, դես-դեն, արդեն ամեն բան ավարտված կլինի: Նիկոլն ավելին արեց, քան պետք է աներ, քան նախատեսված էր, ենթադրում եմ՝ «տվողն է տալիս» սկզբունքով: Երանի այդպես մեզ համար արած լիներ:

Հուսիկ Արա