Վատ երազ, որ կամաց-կամաց իրականություն է դառնում

Վատ երազ, որ կամաց-կամաց իրականություն է դառնում

Ոչ մի վատ երազում չէի տեսնի, որ կգան ժամանակներ, երբ կներեմ նախկին նախագահներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Նրանցից ամեն մեկն իմ պատկերացումներում մի-մի ճիվաղ էր, որոնցից ամեն մեկը յուրովի քանդել ու քայքայել է իմ երկիրը։ Մեկի ժամանակ սովետական հարուստ երկրի ամբողջ ունեցվածքը քամուն տվին ու ընտրակեղծիքների հիմքը դրեցին, մյուսի ժամանակ օլիգարխիան ու կրիմինալը ծաղկեցին, երրորդի ժամանակ երկիրը մտավ խոր ճգնաժամի մեջ, ու էդ ճահճից դուրս գալու ելքն էլ չէր երեւում, քանի որ իր թիմը, իր մերձավորներն այնքան էին հաբրգել ու անպատժելի դարձել, որ դրանցից իշխանություն խլելը թվում էր անհնարին։

Այս պատկերն էր պատճառը, որ առաջիններից մեկը ես ողջունեցի Նիկոլ Փաշինյանին ու հավատացի, որ նա մեր ավգյան ախոռները մաքրելու է ու երկրից «վռնդելու» է ամենաթողությունը, պաշտոնյաների լկտիությունը, կրիմինալի բեսպրեդելը, կոռուպցիան ու․․․ երկիրը ծաղկելու է։ Ո՞վ կպատկերացներ, որ ընդամենը 2 տարի հետո երազելու եմ նախկին «ճիվաղների» իշխանությունը եւ երանի եմ տալու, որ երեք նախագահներից մեկնումեկը վերադառնա ու երկիրը դուրս բերի Նիկոլի փորած փոսից։

Հիմա եմ հասկանում, թե ինչքան անհեթեթ ու ծիծաղելի էր մեր պայքարը, ասենք՝ ճռռացնելով փողոցում մեքենա վարող պաշտոնյաների լակոտների դեմ, ո՜նց էին մեզ համոզել, որ Սաշիկի արագաչափերը կհանեն, հենց որ Նիկոլը վարչապետ դառնա։ Ինչպե՜ս էինք հավատում, որ կոռուպցիան է մեր գլխավոր չարիքը, ու մի միջին պաշտոնյայի կաշառք վերցնելն ավելի մեծ չարիք է, քան մեր անվտանգությանն ուղղված վտանգները։

Չէինք հասկանում, որ երբ վտանգված լինի մեր ֆիզիկական գոյությունը, ու թշնամին գա մեր սահմանի եզրին կանգնի, զենքը մեր կողմն ուղղի, ոչ մի ազնիվ պաշտոնյա մեզ չի փրկելու այդ վտանգից։ Բայց հասկացանք նաեւ, որ «ազնիվ պաշտոնյա» հասկացություն էլ չկա բնության մեջ․ նրանք թաքուն էին գողանում, սրանք ափաշկարա՝ պարգեւավճարների, ոչ մի բան չանելու դիմաց բարձր աշխատավարձ ստանալու, հիմնադրամներին մուծվելու, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ ռեկետ անելով։

Ասենք, եթե Հայկ Մարությանի արածների մի մասն աներ Տարոն Մարգարյանը, նրան հրապարակում կախաղան կհանեինք։ Եթե 2018-ից առաջ աշխատած մարզպետներից մեկն այնքան ոչ կոմպետենտ լիներ ու այնքան սկանդալների մեջ հայտնված լիներ, ինչքան, ասենք, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կամ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվեր, եթե հանկարծ նախագահը համարձակվեր նրանց այդ պաշտոններից հաներ ու նշանակեր՝ մեկին նախարար, մյուսին՝ պետգույքի վարչության պետ։ Կամ՝ եթե 2016 թվականին ունենայինք 2020 թվականի աղետի մի չնչին մասը, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանեինք այն ժամանակվա Պնախարար Սեյրան Օհանյանի ու գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխին։ Օրինակները դուք շարունակեք։

Մեր կառավարման համակարգը գլորվել-հասել է անդունդին։ Բոլոր համակարգերում նույն վիճակն է՝ կրթություն ու մշակույթ, կենցաղսպասարկում եւ բանակ, տրանսպորտ ու կապ, սոցիալական քաղաքականություն ու սպորտ, ֆինանսներ ու հարկային համակարգ, արդյունաբերություն ու շինարարություն, գիտություն եւ առողջապահություն։ Ոչ մի ոլորտում չկան հաջողություններ, հակառակը՝ ամենուր հետընթաց է, դեգրադացիա։ Բայց պատասխան տվող չկա։ Ոլորտը ձախողած պաշտոնյաները պատասխան չեն տալիս, որովհետեւ ձախողելն արտառոց բան չէ՝ նույն վիճակն է ամեն տեղ։ Քաղավիացիայի ոլորտը տապալած կինը հենց քաղավիացիայի կոմիտեի շենքում երեխա է մեծացնում, իսկ ավիացիան վերացած է։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահին ազատում են աշխատանքից՝ հայտնի չէ ինչի համար, նույնը՝ Սոցիալական ապահովության ծառայության պետին։ Երկուսն էլ հազիվ մեկ տարի են աշխատել։ Պաշտպանության ոլորտի հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց նշանակում են պաշտպանության փոխնախարարներ։ Առողջապահության նախարարին հանում են եւ պատժելու փոխարեն նշանակում կառավարության աշխատակազմի ղեկավար, իսկ թե նախկին ղեկավարին ինչու ազատեցին՝ ոչ ոք չգիտի։ Վարչապետի օգնականներ են նշանակվում իջեւանցի ստոմատոլոգն ու ինչ-որ համայնքապետի օգնական։ Ո՞ր մեկն ասեմ։

Կառավարման համակարգում, կներեք արտահայտությանս համար, «բարդակ» է տիրում։ Ոչ մի հարցում օպերատիվ ու գործունյա չեն։ Միայն շաբաթ օրվա երկրաշարժը բավական էր, հասկանալու համար, որ ոչ ոք իր տեղում չէ։ Իրարամերժ հայտարարություններ տարածեցին ԱԻՆ-ը, ԱԻ փոխնախարարը։ Մի դեպքում հայտարարեցին, թե վտանգ չկա՝ մնացեք տներում, փոխնախարարը գրեց, թե՝ դուրս եկեք փողոց։ Իսկ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 3-4 անգամ խմբագրեց իր գրած ստատուսը երկրաշարժի մասին, մե՛կ էպիկենտրոնն էր սխալ գրել, մե՛կ ուժգնությունը, ավերածությունները։ Եթե երկրի առաջին դեմքն է այդքան անպատասխանատու եւ ոչ ճշգրիտ, բա մյուսների՞ց ինչ պահանջենք։ Եթե մի թեթեւ ցնցումը չեն կարողանում որոշել ու ժողովրդին ուղղություն ցույց տալ, պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի, եթե խոշոր աղետ լինի՝ 88-ի երկրաշարժի նման։ Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչի՞ համար է պետությունը՝ միայն հարկեր հավաքելո՞ւ, քաղաքացիների իրավունքները սահմանափակելո՞ւ։

Այս երկու տարում մենք մի բանում համոզվեցինք՝ մեր փրկությունը մեր ձեռքերում է, իրականում՝ մենք պետություն, իշխանություն չունենք։ Մենք չենք կարող պետական կառույցների հետ հույս կապել՝ նրանք ընդունակ չեն ոչ միայն 21-րդ դարին բնորոշ պատերազմում հաղթել, այլեւ շարքային, առօրեական խնդիրներ լուծել։ Մեր հասարակությունը թողնված է ինքն իր հույսին՝ ձյուն ու սառույց կկապի, մասնավորն ու անհատ մարդիկ պետք է մաքրեն։ Պատերազմի հետեւանքները մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պետք է վերացնենք, այդ թվում՝ բժիշկները բարեգործություն անեն եւ բուժեն պատերազմում վիրավորվածներին, հաշմանդամներին։ Մարդիկ կարիքի մե՞ջ են՝ բարերարները պետք է հոգան նրանց կարիքները, այդ թվում՝ տներ կառուցեն, գումար տան, որ մարդիկ տուն վարձեն, հագուստ ու սնունդ գնեն։ Թշնամին մոտեցե՞լ է սահմանին՝ գյուղացիներն ու համայնքապետերը թող ինքնակազմակերպվեն ու իրենց բնակավայրերը պաշտպանեն։ Անգամ պետության արտաքին հարաբերություններ կառուցելն է մնացել անհատ անձանց՝ քաղաքական գործիչների, նախկին նախագահների, ժողովրդական դիվանագիտության հույսին։

Մեր պետությունը կամաց նահանջում է իր դիրքերից եւ կորցնում իր նախնական նշանակությունը, այն է՝ կազմակերպել իր քաղաքացիների անվտանգ, ապահով եւ բարեկեցիկ կյանքը, պաշտպանելով ու հոգ տանելով նրանց մասին, հատկապես՝ նրա անապահով ու օգնության կարոտ հատվածի մասին։

Սվետա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ