Մնացել է, որ հրաժարվեն ցեղասպանության ճանաչումից 

Մնացել է, որ հրաժարվեն ցեղասպանության ճանաչումից 

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն օրերս մի խոցելի միտք էր արտաբերել․ «Սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախի ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ Թուրքիան այլեւս պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ»։ Եթե հիշում եք՝ դեռ 10-11 տարի առաջ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները չկայացան․ զույգ արձանագրությունները սառեցվեցին եւ հետ կանչվեցին այն պատճառով, որ Երեւանը դեմ էր թուրքական նախապայմաններին, այն է՝ Արցախի հարցով պայմանավորելուն։ Հիմա Արա Այվազյանը, փաստորեն, ընդունում է թուրքերի այդ նախապայմանը, եւ որ, ըստ այդմ, այս երկու հարցերը փոխկապակցված են։

Հարց ուղղեցինք նախկին փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանին։ Նա ասաց․ «Ես կարծում եմ՝ ինքն ավելի շատ ելնում է այն իրավիճակից, որն այս պահի դրությամբ ունենք։ Այսինքն՝ քանի որ մենք ունենք իրողություն, որը բոլորս գիտենք, դրանից ելնելով է արել հայտարարությունը, որ Թուրքիան պետք է սահմանները բացի։ Այլ բան է, թե մենք ոնց ենք վերաբերվում Թուրքիայի՝ սահմանները բացելուն, եւ թե դա ինչ տնտեսական արդյունք է տալու՝ դրակա՞ն, թե՞ բացասական։ Բայց ես կարծում եմ՝ այլեւս ի՞նչ նախապայման, ոնց որ սաղ․․․ արվել-պրծել է։ Եթե, իհարկե, Թուրքիան հիմա էլ չկապի բացելը ցեղասպանության հետ կապված խնդիրներին»։ Այլ խոսքով՝ հիմա հաղթողի կարգավիճակով կարող են ասել, որ հայերը չպետք է շարունակեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։