Նիկոլ Փաշինյանը հասել է Բրեժնեւի զառամյալությա՞նը

Նիկոլ Փաշինյանը հասել է Բրեժնեւի զառամյալությա՞նը

Այն, որ Նիկոլ Փաշինյանն առավոտյան կարող է մի միտք ասել, կեսօրին իր ասածի հակառակը պնդել, երեկոյան էլ նույն թեմայով բոլորովին այլ բան շաղակրատել, վաղուց անեկդոտների թեմա է Հայաստանում։ Փաշինյանի կիսագրագետ վիճակն ու հեղհեղուկ էությունը ոմանց զայրացնում է, այլոց՝ զարմացնում, երրորդներին՝ զվարճացնում, բայց, ամեն պարագայում, դա որեւէ ղեկավարի չի պատշաճում։ Նույնիսկ՝  ինքնագործ թատերախմբի ղեկավարին։
Սակայն Փաշինյանն այժմ իր անձի երկվությունը տարածելով միջազգային իրադարձությունների եւ հարաբերությունների վրա՝ այնտեղ է հասել, որ ոչ թե առանձին մտքեր, այլ մի 15-20 օրվա տարբերությամբ երկու կատարելապես փոխբացառող մենախոսությամբ է Կառավարական տնից դիմում ժողովրդին։ Սեպտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին դիմում է անկախության ուղերձով, հոկտեմբերի 10-ին մենախոսում է Հ1-ի եթերում՝ Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» ծրագրին հյուրընկալվելով, եւ ինչ է ասում։ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից ստորեւ արտատպում ենք երկու հատված այդ երկու մենախոսությունից։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

10.10.2023
Պետրոս Ղազարյան - Պարոն վարչապետ, ճիշտ եք ասում, բայց այդ 20 տարվա մեջ մենք այսպիսի աննախադեպ մեղադրանքների եւ դիվանագիտական, այսպես ասած, դիմակայության մեջ Ռուսաստանի հետ չենք եղել: Նրանք մեզ ուղղակի մեղադրում են, որ վեկտոր ենք փոխում եւ գնում ենք Արեւմուտք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք՝ մենք ոչ մի վեկտոր չենք փոխում: Ես Ձեզ մի փաստ արձանագրեմ եւ մի գաղտնիք բացեմ. նախ՝ Եվրամիության հետ մեր հարաբերությունները հիմա, ըստ էության, զարգանում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի հիման վրա եւ դրա շրջանակներում: Այդ պայմանագիրը 2018թ.-ից առաջ է ստորագրվել եւ վավերացվել: Ուժի մեջ է մտել 2018 թվականից առաջ, երբ այն ժամանակ Ռուսաստանի հետ Ձեր նշած տերմինաբանությունը ոչ մեկ չէր օգտագործում:

Այո, դա հարաբերությունների որոշակի բարդ ժամանակաշրջան էր: Իմիջիայլոց, բարդություններ կան ե՛ւ Ռուսաստանի համար, ե՛ւ Հայաստանի համար, ե՛ւ աշխարհի համար, ե՛ւ գլոբալ աշխարհակարգերի համար, որովհետեւ պրոբլեմը մեր ու Ռուսաստանի հարաբերությունների մեջ չէ, պրոբլեմըն ուրիշ՝ մեծ տերությունների հարաբերությունների մեջ է: Այդտեղ մենք ոչ մի բան էլ չենք փոխում: Մենք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ: Այն մեզնից առաջ է ստորագրվել, այսինքն՝ մենք ոչ մի բան չենք փոխում: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները՝ ինչ որ կա, ոչ մի բան մենք չենք չեղարկել, ոչ մի տեղից դուրս չենք եկել:

Պետրոս Ղազարյան - Գիտեք՝ կա չեղարկելու երկու ձեւ: Մեկը, որ վերցնում ես ու ստորագրում, մյուսը՝ չես գնում զորավարժությունների, չես նշանակում քո ներկայացուցչին, հանդիպումներում քո ներկայությունն իջեցնում ես փոխնախարարի մակարդակի: Դրանք նույնպես մեսիջներ են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք նաեւ երբեք չենք թաքցրել այն խնդիրները, որոնք ունենք: Նույն ՀԱՊԿ-ի հետ կապված՝ 2021թ. իրադարձությունները: Տեսեք՝ մենք, օրինակ՝ 2020թ.-ին ՀԱՊԿ-ի հետ կապված պրետենզիաներ չենք ներկայացրել, ոչ էլ՝ Ռուսաստանի Դաշնության, բայց 2021թ. Սոթք-Խոզնավարի իրադարձությունների ժամանակ, մենք, այո՛, շատ կոնկրետ խնդիրներ ենք բարձրացրել եւ շարունակում ենք բարձրացնել: Եվ այդտեղ մեր գնահատականները չեն փոխվել:

Բայց ուզում եմ նաեւ մի գաղտնիք բացել Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ իմ միջեւ տեղի ունեցած առաջին հանդիպման մասին. 2018թ. Սոչիում` մայիսին էր, թե հունիսի սկզբին, առաջին մեր խոսակցությունը եղել է հետեւյալի մասին. Ռուսաստանի Դաշնության նախագահն ինձ ասաց, որ ես գիտեմ, որ շատ են այն խոսակցությունները, որ Ռուսաստանը միջամտում է տարբեր երկրների գործերին, նրանց սուվերենությունն անընդհատ նսեմացնում է եւ այլն, եւ այլն: Եվ ինքը վերահաստատել է, որ անվերապահ հարգանք ունի Հայաստանի ինքնիշխանության, անկախության, սուվերենության եւ որոշումներ կայացնելու ազատության վրա, եւ մենք, ըստ էության, մեր հարաբերությունները կառուցում ենք հենց այդ առաջին խոսակցության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Մենք ոչ մի բան չենք փոխում, մենք ոչ մի մեր պարտավորություն չենք հրաժարվել կատարել, ոչ մի այդպիսի բան չի եղել: Բայց նաեւ, մյուս կողմից, հենց իմ նշած պարագաներում մենք պրոբլեմներ տեսել ենք, տեսնում ենք եւ խոսում ենք դրանց մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ անկախության մասին

24.09.2023
«2020թ. դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Խծաբերդի եւ Հին Թաղերի գրավումն ու 60-ից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ահաբեկման բազմաթիվ արտահայտությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա՝ լրջագույն հարցեր են բարձրացնում նաեւ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակների եւ մոտիվների մասին:
Ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում: Եվ եթե Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ եւ էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումն իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է:

Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վրա: Իհարկե, Հայաստանի կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների ձեւավորման վրա: Բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, կառավարությունը Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին եւ եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետությունում:
Սրանով, սակայն, վերը հիշատակված հարցերը ոչ միայն չեն հասցեագրվի, այլեւ ավելի կսրվեն: Հայաստանի Հանրապետությունն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել եւ իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել: Բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը եւ այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու եւ հայ ժողովրդի՝ անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել: Ընդ որում, նման քաղաքականությունն ամենեւին էլ կապ չունի 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ հաստատված կառավարության հետ, եւ այդ քաղաքականության դրսեւորումները մենք պարբերաբար տեսել ենք վերջին տասնամյակներում: Այդ քաղաքականության արտահայտություն էր նաեւ 2016թ. չորսօրյա պատերազմը, 2014-2015թթ. տեղի ունեցած սահմանային լարումները եւ այլն:

Մենք Հայաստանի անկախությունը կասկածի տակ դնող ձեւակերպումներին երբեք չենք համաձայնել: Բայց մտահոգիչ է այն, որ անկախ, ինքնիշխան, ազատ եւ ժողովրդավարական պետություն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն մեր որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր խոցելիություններն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում՝ հիմա արդեն հարվածի տակ դնելով ոչ միայն մեր արտաքին, այլեւ ներքին անվտանգությունն ու կայունությունը՝ այս ընթացքում խախտելով դիվանագիտական, միջպետական հարաբերությունների էթիկային, կոռեկտության բոլոր նորմերը՝ ընդհուպ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

Այս քայլերին ի պատասխան, մենք կոչ ենք անում եւ հորդորում ենք մեր գործընկերներին՝ հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը, եւ մեր վճռական կամքն ենք արտահայտում՝ ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին եւ ներքին անվտանգությունը: Միջազգային հանրությանը կոչ ենք անում՝ անսասան աջակցություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը»:

Հիմա օրինաչափ հարց․ եթե Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ իր ամենաառաջին հանդիպման  ժամանակ պայմանավորվել է, չգիտենք՝ գրավո՞ր, բանավո՞ր, ջենթլմենական համաձայնությա՞մբ, թե՞ բակային «տղայականով», որ ՌԴ-ն անվերապահորեն հարգելու է «Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, սուվերենությունը եւ որոշումներ կայացնելու ազատությունը», եւ ՀՀ-ՌԴ փոխհարաբերությունները կառուցում են «ըստ էության, հենց այդ առաջին խոսակցության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա», այդ դեպքում Փաշինյանը գիտակցությա՞ն հետ խնդիրներ ունի, հիշողությա՞ն, թե՞ հոգեկան հավասարակշռության, որ սեպտեմբերի 24-ին հատուկ ուղերձով դիմում էր ժողովրդին եւ ասում․ 

«Բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը եւ այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու եւ հայ ժողովրդի՝ անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել: ․․․Անկախ, ինքնիշխան, ազատ եւ ժողովրդավարական պետություն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն մեր որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր խոցելիություններն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում՝ հիմա արդեն հարվածի տակ դնելով ոչ միայն մեր արտաքին, այլեւ ներքին անվտանգությունն ու կայունությունը՝ այս ընթացքում խախտելով դիվանագիտական, միջպետական հարաբերությունների էթիկային, կոռեկտության բոլոր նորմերը՝ ընդհուպ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները: Այս քայլերին ի պատասխան, մենք կոչ ենք անում եւ հորդորում ենք մեր գործընկերներին՝ հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը․․․»։

Ի՞նչ անենք, փորձենք կռահե՞լ, թե երբ էր ստում Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունների մասին իր որակումներում՝ սեպտեմբերի 24-ի՞ն, հոկտեմբերի 10-ի՞ն, թե՞ երկու օրերին էլ։ Գրողը տանի, այս Կառավարական տանը բազմած թյուրիմացությունը պատասխանատվություն չունի, ճշմարտախոսություն չունի, պարկեշտություն չունի, բայց գոնե սեփական ելույթները մտապահելու չափ հիշողությո՞ւն էլ չունի։ Արդեն Լեոնիդ Բրեժնեւի զառամյալությա՞նն է հասել։