40 հազա՞ր կեցավայր

40 հազա՞ր կեցավայր

Պարզվում է, որ Փաշինյան Նիկոլը գրկել ու բաց չի թողնում վարչապետի աթոռը, որովհետեւ գորովանքով է վերաբերվում ՀՀ քաղաքացիների կարիքներին: Եվ եթե որպես արժանապատիվ անձնավորություն՝ իրական հրաժարական ներկայացներ, այլեւս չփորձելով վերընտրվել, ապա այդ դեպքում չէր կարողանա արտահայտել իր ողջ սերն ու խոնարհումը բոլորիս նկատմամբ: Նույնիսկ նրանց, ովքեր 2021 թ. հունիսին իրեն ձայն չեն տվել ու, ըստ այդմ, իրեն չեն տվել «պողպատե մանդատը»: Եվ այնքան լայն է նրա մարդասիրությունը, որ որոշել է այն տարածել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրների վրա: Ինչը, ի դեպ, հատուկ ընդգծեց կառավարության հերթական նիստում: Իր դրսեւորած գորովանքն ընդգծելուց հետո չմոռանալով նաեւ ինքնափիառվել որպես երկրի ղեկավար՝ ընդգծելով, որ «երկիր է մտել 100 հազար բռնի տեղահանված, ու երկրի փողոցներում քայլելիս այդ երեւույթը, որպես հումանիտար ճգնաժամ, չի երեւում»: 

ՀՀ քաղաքացիների նկատմամբ գորովանքը չգիտեմ, չէ, ավելի ճիշտ՝ գիտեմ․ այն դրսեւորվում է կարմիր բերետավորների խիստ «հոգատար» վերաբերմունքում, բայց հումանիտար ճգնաժամի բացակայության առումով վստահ չեմ: Որովհետեւ «երկրի փողոցներում քայլելիս» արտահայտությունը, ենթադրում եմ, վերաբերում է զուտ մայրաքաղաքին: Իսկ Երեւանում, բնականաբար, հումանիտար ճգնաժամ չի կարող դրսեւորվել, քանի որ տնավեր արցախցիներին տեղավորել են բոլոր մարզերում՝ բացի մայրաքաղաքից (մի ժամանակ Երեւանն էլ ուներ, չէ՞, մարզի կարգավիճակ): Իսկ եթե անտուն մարդկանց, այն էլ՝ երեխաներով, ուղարկում են գոնե ծածկ ունեցող կացարաններ, ապա աշնան կեսին նրանք չեն երեւա, չէ՞, Երեւանի փողոցներում: Ուրիշ հարց, որ ծածկ ունեցող այդ տարածքները չեն ունենում նաեւ կենցաղային բազմաթիվ այլ հարմարություններ: Բայց դա, հասկանալի է, չի առնչվում «հումանիտար ճգնաժամ» հասկացության հետ ու, բնականաբար, հաշվի չի առնվում արցախցիների կարիքներին գորովանքով վերաբերող Նիկոլի իշխանության կողմից: 

Երբ արդեն պարզ էր, որ արցախահայությունը լքելու է իր նախնիներից ժառանգած հայրենիքը, վարչապետի աթոռից կառչած անձը խոսում էր 40 հազար կացարանի մասին, որ պատրաստվել են արցախցիներին ընդունելու համար: Արցախցիներին ընդունելու, նրանց տեղավորելու եւ առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու գործունեություն ծավալող ֆեյսբուքյան տարբեր խմբերի աշխատանքների հաշվետվություններին ծանոթանալիս տեսնում ես յուրաքանչյուրի կողմից մի քանի հազար անձի նկատմամբ հոգատարության դրսեւորումներ: Չմոռանանք նշել, որ նույն գործով զբաղված էր նաեւ ընդդիմությունը: Ինչը նշանակում է, որ ինչպես մյուս այլ դեպքերում, այս դեպքում եւս սուտ է 40 հազար կացարանի մասին տեղեկատվությունը: Այն կարող է լինել տասը, քսան հազար, բայց ոչ շատ ավելի՝ հաշվի առնելով արցախյան մեծ ընտանիքները: Ու հերթական անգամ մտածում ես, թե ինչու կրկին սուտ թիվ հրապարակվեց: Ոչ ոք Նիկոլին ոչինչ չէր անի, եթե հայտարարեր, որ ունենք, ասենք, 20 հազար կացարան՝ ավելացնելով, որ այդքան է երկրի հնարավորությունը: Բայց նա այդպես չարեց, ցանկացավ փիառվել նույնիսկ մարդկանց դժբախտության վրա:

Եթե չենք ցանկանում կորցնել պետականությունը, ապա մի օր, վերջապես, մենք պետք է հրաժարական պարտադրենք Նիկոլին: Ու այդ օրն էլ, երեւի, հնարավորություն կունենանք հենց իրենից պարզելու, թե ինչու է ինքն անընդհատ սուտ ու կեղծիք տարածել: Եվ դա՝ նույնիսկ այն դեպքում, երբ բացարձակ չի եղել դրա անհրաժեշտությունը: Թե՞ դա իր պատկերացրած «ժողովրդավարության բաստիոնի» անքակտելի հատկանիշն է: Եվ առանց ստի ու կեղծիքի հնարավոր չէր նորմալ երկիր ու հասարակություն կառուցել նախկինների թողած ժառանգության վրա, որքան էլ այն լիներ ընդունելի կամ, ընդհակառակը՝ անընդունելի: Ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրելով ժողովրդավարական գործընթացի իմիտացիայի մեջ՝ մենք, միեւնույն է, նրան չենք մեղադրել ստի ու կեղծիքի համատարած գործադրման առումով: Եվ միաժամանակ հույս ենք ունեցել, որ հաջորդ իշխանության պարագայում կազատվենք իմիտացիոն գործընթացներից՝ սկիզբ դնելով իրական ժողովրդավարացմանը: Սակայն կյանքը ցույց տվեց, որ մենք սխալվել ենք մեծ հաշվով․ մրից դուրս գալով՝ ընկել ենք մրջուրը: Եվ ոչ միայն ձեռք չբերեցինք իրական ժողովրդավարություն, այլեւ կորցրինք Արցախն ու անվտանգային սպառնալիքներ առաջացրինք Հայաստանի Հանրապետության առումով: 

ՀԳ. Ինչպես երեւում է, 40 հազար թիվն ինչ-որ մոգական ուժ ունի: Ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր գլուխ գովում, թե ապահովել է 40 հազար նոր աշխատատեղ: Ու դրա անխնա քննադատներից մեկն էլ ընդդիմադիր լրագրող Նիկոլ Փաշինյանն էր: