Փաշինյանը պատմական թվեր հաղորդեց

Փաշինյանը պատմական թվեր հաղորդեց

Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ ցուցանիշներ հայտնեց` ապրիլ ամսվա հարկային եկամուտները, ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 միլիարդ դրամ:

Եվ այս ամենը, ըստ նրա, մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի համար:

Հետո խոստովանեց. «Ճիշտ է, այստեղ կա մի փոքր խորամանկություն այն առումով, որ անցյալ տարի, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել, այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա, ինչը ոչ թե վատ է, այլ լավ, արդարացվել է նախկինում կայացված մեր որոշումը: Դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել , որ այն գումարները, որոնք պետք է բիզնեսը վճարեր, մնա շրջանառության մեջ ու օգնի ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել»: 

Նա նաև հայտնեց, որ Հայաստանում պատմականորեն միշտ խնդրահարույց է եղել ավելացված հարկի վերադարձի պրոցեսը և հարյուր միլիարդավոր դրամների անհույս պարտքեր են եղել կուտակված:

Շարունակելով պատմական էքսկուրսն ու շարքային թվերին պատմական կարևորություն հաղորդելը` Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի դրությամբ բիզնեսին հարկերի վերադարձման գծով ունենք պարտքերի պատմական մինիմում, այսինքն` ապրիլ ամսվա արդյունքներով պարտքը կազմել է 67,4 միլիարդ դրամ: Եվ դրանով, ըստ «պատմական անձ», իրենք գերազանցել են իրենց իսկ ռեկորդը: