Պատերազմում՝ ինչպես պատերազմում

Պատերազմում՝ ինչպես պատերազմում

Զինվորական պանթեոնների թարմ շիրմաթմբերից բարձրացող տխրությունը կաթնագույն մշուշի պես ցնդում էր գարնանային օդում: Ամեն քայլափոխին մի կարճ կյանք էր ամփոփված, որ իբրեւ ճակատագիր կրեցին շիրմաթմբերի տակ ննջող տղերքն ու դարձան հայրենյաց հերոսական պատմության մի-մի վկայագիր:     

Մարտկոցի հրամանատար կապիտան Արմեն Գեւորգի Պետրոսյան։ Ծնվել էր Սյունիքի մարզի Լծեն գյուղում: Մայիսի 7-ին կդառնար 26 տարեկան… Շնորհավոր ծնունդդ, հերոս հայորդի:
Պատերազմի առաջին օրից Արցախի ՊԲ N զորամասի կազմում պահում էին Մարտակերտի ուղղությունը: Արմենի հետ էր նաեւ նոր զորակոչված կրտսեր եղբայրը՝ Արտակը: Հիշո՞ւմ եք զինվորի երգը՝
Մամ ջան, չտխրես, շատ չմտածես,
Խփում ենք թուրքին ախպերս ու ես…

Արտակին վերաբերվում էր այնպես, ինչպես իր մյուս զինվորներին՝ զինվոր է, պետք է ծառայի: Մարտկոցում կատակում էին՝ Արտակ, կարող ա՞ հրամանատարը քո խորթ եղբայրն է… Կռվում էին առյուծների պես: Թուրքը մի մետր էլ առաջ չի եկել կապիտան Արմեն Պետրոսյանի մարտկոցի ուղղությամբ: Թշնամին, ամեն անգամ թողնելով տեխնիկա եւ սպանվածներ, նահանջում էր Արմենի դիպուկ հարվածներից… Մարտկո՛ո՛ո՛ց, կրա՛կ՝ թնդանոթից ավելի բարձր որոտում էր հրամանատարը, ու բոլորը, մի բռունցք դարձած, պահում էին հայրենի հողը… 2020 թվականի հոկտեմբերի 16-ը, սակայն, ճակատագրական եղավ Արմենի համար: Թշնամու արկը գտավ նրան դիրքում: Բեկորային վնասվածքն անհամատեղելի էր կյանքի հետ: Ծառայակիցներն ասում են՝ աչքը չոր գնաց, իր զինվորներից ոչ մեկի զոհվելը չտեսավ… Բայց քանիսի՞ կյանքը փրկեց՝ որին վիրակապելով ու արնահոսությունը դադարեցնելով, որին կրակի տակից հանելով… Հետո վազքով հասնում էր մյուսների կանչին՝ հրամանատա՛ր, թուրքն առաջ է գալիս…

Կապիտան Արմեն Պետրոսյանի պահած դիրքն այսօր էլ հայկական ուժերի վերահսկողության տակ է: Այսօր այնտեղ իր ծառայությունն է շարունակում Արմենի կրտսեր եղբայրը՝ Արտակը, ու հստակ է մի բան՝ թշնամու ոտքն այնտեղ չի լինելու: Հայրը՝ Գեւորգն է պատմում. «Իմ տղեն ծառայելով Մարտակերտում՝ որպես հրետանավոր, իր մարտկոցով, իր ենթականերով պահել է իրենց վստահված ամբողջ ուղղությունը։ Դա ես չեմ ասում, իր հրամանատարությունն է ասում, որ քո տղեն հերոս է, մենք ներկայացրել ենք քո տղու արժանիքները․․․ Պատերազմից հետո իմացա, որ իմ տղեն ոչ մի սանտիմետր այդ ուղղությունից չի թողել թուրքը ներս մտնի, առայսօր այդ ուղղությունը պաշտպանվում է, որին մասնակից է նաեւ իմ փոքր տղան։ Այն դիրքը, որտեղ զոհվել է Արմենս, հիմա պահում է փոքր որդիս՝ որպես ժամկետային ծառայող»:

Մորը՝ Ժանետային, թաքուն խոստովանել էր, որ սիրած աղջիկ ունի Մարտակերտում: «Անընդհատ հարցնում էինք՝ Արմեն, ի՞նչ ես մտածում… Ասում էր՝ հիմա դրա ժամանակը չէ: Որոշել էր ամուսնանալ, բայց երազանքները կիսատ մնացին, թե՛ տղայիս, թե՛ աղջկա… Հպարտ եմ, որ հերոսի մայր եմ, բայց կցանկանամ, որ ոչ մի մոր աչք արցունք չտեսնի եւ չզգա այն տառապանքը, այն ծանր վիշտը, որ զոհվածների մայրերն են տեսել։ Թող բոլոր զինվորները ծառայեն խաղաղ երկնքի տակ եւ հասնեն իրենց սիրած աղջիկներին ու մայրերին…»։

ՀԳ. Կապիտան Արմեն Պետրոսյանը հետմահու պարգեւատրվել է Արիության եւ Մարտական խաչ առաջին աստիճանի մեդալներով։