Ինչ է ասել Գագիկ Ծառուկյանը Վազգեն Պողոսյանին

Ինչ է ասել Գագիկ Ծառուկյանը Վազգեն Պողոսյանին

«Գագիկ Ծառուկյանն ամեն մի կանչով ներկայացել է վարույթ իրականացնող մարմնին, այս բոլորը վկայում են նրա պատշաճ վարքագծի մասին, իսկ կալանավորում կիրառում են ոչ պատշաճ վարքագծի դեպքում, հետեւաբար թե՛ թաքնվելու, թե՛ խոչընդոտելու հանգամանքները բացառվում են։ Հիմա մենք գորրծ ունենք միջին ծանրության հանցագործության հետ, որի համար նախատեսվում է տուգանք։ Մեղադրում են մի հոդվածով, որը նախատեսում է տուգանք եւ ցանկանում են այդ հոդվածով քաղաքական գործչին ազատությունից զրկել»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանը։

Նշենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանների եւ դատախազության բողոքների քննությունը․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի դեմ տված ցուցմունքներին՝ պաշտպանն ասաց, որ գործում ցուցմունքներ կան, բայց Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունքներ չկան․ «Չկա որեւէ մեկը, որ ասի, թե Գագիկ Ծառուկյանը ասել է, հրահանգել է, որ ընտրակաշառք բաժանվի։ Ի՞նչ է ասել Գագիկ Ծառուկյանը Վազգեն Պողոսյանին․ Գագիկ Ծառուկյանը Վազգեն Պողոսյանին ասել է, որ ընտրական ծախսերի համար կարող եք դիմել շտաբ, բայց ընտրական ծախսերը նորմալ հասկացություն է»։

Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը։ Որոշման դեմ բողոքներ են բերել եւ Ծառուկյանի պաշտպանները՝ վիճարկելով մերժման ձեւակերպումները, եւ դատախազությունը՝ կրկին փորձելով կալանքի սանկցիա ստանալ։