ՀԱՄԱՍ-ի ռեժիմը կվերանա, Գազայում նոր, ավելի չափավոր եւ թույլ ռեժիմ կհաստատվի

ՀԱՄԱՍ-ի ռեժիմը կվերանա, Գազայում նոր, ավելի չափավոր եւ թույլ ռեժիմ կհաստատվի

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածից զանգվածային եւ տարաբեւեռ հարձակումներ սկսեց ընդդեմ Իսրայելի՝ օդային հարվածներին զուգահեռ իրականացնելով նաեւ զինված խմբավորումներով ներթափանցումներ հրեական պետության մի շարք բնակավայրեր։ Կատարվածը, իրապես, անակնկալ էր եւ առայսօր հարցականներ է ծնում, քանի որ խոսքը մարտունակ բանակ եւ անվտանգային հզոր համակարգ ունեցող Իսրայելի մասին է։ Ի՞նչ իրավիճակ է պատերազմի թատերաբեմ դարձած Իսրայելում, ինչո՞ւ ՀԱՄԱՍ-ը դիմեց նման քայլի, եւ ինչպե՞ս կասեցնել մարդկային հազարավոր կյանքեր խլող արյունահեղությունը։ Զրուցել ենք Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի ուսումնասիրությունների Մոշե Դայան կենտրոնի Պաղեստինի ուսումնասիրությունների ֆորումի ղեկավար Միխայիլ Միլշտեյնի հետ (Իսրայել)։

- Հոկտեմբերի 7-ն արյունալի ամսաթիվ դարձավ տասնյակ հազարավոր մարդկանց համար․ հոլիվուդյան մարտաֆիլմերին հատուկ ահասարսուռ տեսարաններ, դաժան սպանություններ, առեւանգումներ, մարդկային խեղված ճակատագրեր։ Ինչո՞ւ տեղի ունեցավ այս ողբերգությունը։ Մի՞թե հնարավոր չէր կանխատեսել, կանխարգելել այս ամենը։

 - Ինչ վերաբերում է պատճառներին՝ արեւմտյան աշխարհի մարդկանց մեծամասնության համար դա բավականին դժվար է հասկանալ, քան կատարվածի մոլեռանդ հավակնությունները: Նման հարձակումը չունի այնպիսի «պատճառներ», ինչպիսին Գազայի կյանքը բարելավելու քաղաքական պայմաններն են. ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները գործել եւ գործում են գազանների պես եւ այլ «պատճառի» կարիք չունեն, քան հրեաներին սպանելը եւ կոտորելը, անկախ նրանից, թե ովքեր են նրանք: Եվ, իհարկե, անակնկալ կար. երկու տարի շարունակ Իսրայելը սխալ հաշվարկներ էր կատարում եւ փորձում բարելավել իրավիճակը Գազայում` ենթադրելով, որ դա կկանխի ՀԱՄԱՍ-ի հարձակումը: Ի վերջո՝ ՀԱՄԱՍ-ը նախընտրեց Ջիհադը եւ բոլորովին չի հետաքրքրվում իր ժողովրդի վիճակով։

- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի հարձակումից անմիջապես հետո երկրում ստեղծված իրավիճակը որակեց որպես պատերազմ։ Ոմանք սա գնահատեցին որպես շարունակվող ողբերգություն՝ Հոլոքոստի ժամանակներից ի վեր հրեա ժողովրդի դեմ կատարված ամենամեծ ոճրագործություն։ 

- Իհարկե, բոլորովին կասկած չկա դրանում: Սա ռազմական գործողություն չէր. դա մարդկանց բարբարոսական սպանդն էր՝ սարսափելի պատերազմական հանցագործություններ, ներառյալ երեխաներին այրելը, կանանց հոշոտելը եւ ծեր կանանց մահապատժի ենթարկելը: Սա ոչ թե Իսրայելի եւ ահաբեկչական կազմակերպության միջեւ հակամարտություն է, այլ արեւմտյան աշխարհի եւ բարբարոսական ուժերի միջեւ հակամարտություն՝ խեղաթյուրված արժեքներով եւ մարդկանց կյանքի նկատմամբ անհաղորդ վայրագությամբ։

- Ի՞նչ իրավիճակ է այժմ Իսրայելում, ինչպիսի՞ն է համազգային զորակոչի ընթացքը, որքա՞ն մարդ է համալրել բանակի շարքերը։

- Դաժան եւ բռնի կոտորածների պատճառով 2-3 օր շոկից հետո մարդիկ վերականգնվեցին. կա զորակոչային հավաքագրման ավելի քան 100% ցուցանիշ, այդ թվում՝ մարդիկ, ովքեր ժամանում են դրսից։ Բոլորը ցանկանում են միանալ պայքարին եւ վերջ տալ այս չարիքին ու սպառնալիքին։

- Որքան տեղյակ եմ, զուգահեռաբար իրականացվում են նաեւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ, որպեսզի Իսրայելի քաղաքացիները կարողանան դիմակայել ահաբեկչական հարձակումներին եւ պաշտպանել իրենց ու իրենց ընտանիքների տարրական անվտանգությունը։

- Իրավացի եք։ Շատ իսրայելցիներ հարձակման ժամանակ փրկվեցին հենց դրա շնորհիվ։

- Վերջին սրացման ֆոնին բավականին ուշագրավ է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հայտարարությունը, թե ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում պաղեստինցիներին։ Այդուհանդերձ, արաբական աշխարհը, մեծ հաշվով, ՀԱՄԱՍ-ի կողքին է։ Ի դեպ, Թուրքիան եւ Իրանն էլ, կարծես, բացեիբաց աջակցում են դիմադրության շարժմանը։ Ի՞նչ սպասել ուժերի այս հարաբերակցությունից։

- Նախ, Աբասը հեռացրել է իր հայտարարությունը հրապարակվելուց 2 ժամ հետո: Զարմանալի չէ, քանի որ պաղեստինցիների մեծ մասը կապված է Գազայի ժողովրդի հետ, ուստի կարող եք տեսնել զրո քննադատություն ՀԱՄԱՍ-ի ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Ինչ վերաբերում է Իրանին, Թուրքիային եւ ամբողջ արաբական աշխարհին՝ բացառությամբ ԱՄԷ-ի, ոչինչ զարմանալի չէ, այդ համայնքներում երբեք իրական բարոյական ողնաշար չի եղել. նրանք աջակցում են ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված ջարդերին, բայց դատապարտում են Իսրայելին՝ պատասխանելու եւ պայքարելու ՀԱՄԱՍ-ի դեմ։

- Գազայի հատվածում տիրող պատերազմական իրավիճակը մտահոգիչ է նաեւ հումանիտար ճգնաժամի եւ անկլավի շրջափակման առումով։ Միջազգային համայնքը, ճիշտ է, դատապարտում է ՀԱՄԱՍ-ի գործողություններն ընդդեմ Իսրայելի, այնուամենայնիվ, կոչեր են հնչում մարդասիրական միջանցք բացելու, սպանդը դադարեցնելու, հումանիտար առաքելությունների եւ առաքումների մուտքն ապահովելու համար։ Ի՞նչ սպասել այս ուղղությամբ։

- Իսրայելը չի ցանկանում վնասել անմեղ խաղաղ բնակիչներին, թեեւ հազարավոր պաղեստինցիներ կային, որոնք ներգրավված են եղել մարդկանց հոշոտելու, թալանելու եւ նույնիսկ դիակապտության ահասարսուռ գործողություններում։ Եգիպտոսը` պաղեստինցիների մեծ քույրը, պետք է հոգ տանի նրանց մասին, քանի որ Իսրայելը նրանց ոչինչ պարտք չէ: Ինչ-որ մեկն իսկապես ակնկալում է, որ մենք ՀԱՄԱՍ-ի գլխավորությամբ Գազայի բնակչությանը կմատակարարենք սնունդ, ջուր եւ էլեկտրականություն։ Մենք պատերազմի մեջ ենք, նրանք կստանան այն ամենը, ինչն անհրաժեշտ է գոյատեւելու համար, բայց ոչ ավելին:

- Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում առաջիկայում։ Իսրայելում, կարծես, երկար պատերազմի են պատրաստվում՝ դատելով պաշտոնական շրջանակների հայտարարություններից, ինչպես նաեւ ՀԱՄԱՍ-ի՝ պայքարից չհրաժարվելու մտադրությունից։

 - ՀԱՄԱՍ-ի ռեժիմը կվերանա նույնիսկ երկար, կոշտ պատերազմի գնով: Հուսով եմ, որ պատերազմի ավարտի հաջորդ օրը Գազայում նոր, ավելի չափավոր եւ թույլ ռեժիմ կհաստատվի, բայց, անկասկած, ՀԱՄԱՍ-ի ռեժիմի նշույլ չի լինի՝ առանց Իսրայելի համար որեւէ ռազմական սպառնալիքի։

Արա 
Ալոյան