Ժողովրդավարության դասեր՝ Եվրոպային

Ժողովրդավարության դասեր՝ Եվրոպային

Եվրախորհրդում Փաշինյանի երկարաշունչ ելույթից դժվար էր հասկանալ՝ եվրոպացիների ծափերը ողջույնի՞, թե՞ հրաժեշտի ծափեր էին: Ահավասիկ մեկը, որ հանկարծակի վրա հասած դիսկոմֆորտից չէր դադարում խլշկոտել հսկա դահլիճում, եվրոպացիների առաջ ճառում է ժողովրդավարությունից: Սա, անշուշտ, այդ օրվա անակնկալն էր, եթե չհաշվենք նույն օրը ժողովրդավարական Իսրայելի կողմից պաղեստինյան հիվանդանոցի ռմբակոծումը, որի արդյունքում հազարից ավելի խաղաղ պաղեստինցիներ զոհվեցին:

Փաշինյանը Եվրախորհրդում հարց էր բարձրացրել՝ կարո՞ղ է, արդյոք, ժողովրդավարությունը խաղաղություն հաստատել: Ու մինչ եվրոպացիները մտածում էին՝ կարող է, թե չի կարող, Փաշինյանը պատասխանեց իր իսկ բարձրացրած հարցին՝ այո, կարող է: Խեղճ եվրոպացիներ, նրանք երբեք չէին մտածել այդ մասին, քանզի գիտեին, որ ժողովրդավարությունն ու խաղաղությունը միանգամայն տարբեր բաներ են, եւ ամենեւին էլ մեկը մյուսով պայմանավորված չէ: Հաստատ այնպես չէ, որ ժողովրդավարական հռչակված երկրներն ավելի քիչ մարդ են սպանել պատերազմներում, քան ոչ ժողովրդավարականները: Հետեւաբար, այն պնդումը, որ ժողովրդավարությունը խաղաղության գրավական է, մեղմ ասած, բավականին համարձակ քայլ էր Եվրախորհրդարանում հայտնված կովկասցու կողմից: Ով՝ ով, բայց եվրոպացիները լավ գիտեն, թե ինչեր տեղի ունեցան աշխարհում, երբ ԱՄՆ-ն որոշում կայացրեց ժողովրդավարություն արտահանել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը, Իրաքը, Սիրիան, Լիբիան, Վրաստանը, Ուկրաինան, ինչու ոչ՝ Հայաստանը, Ադրբեջանը… Նույնիսկ փորձ արվեց ժողովրդավարացնել Հյուսիսային Կորեան, ու բախտներս բերեց, որ Թրամփը ժամանակին հետընթաց միացրեց:

Ժողովրդավարությունն այնպիսի բան է, որ կա՛մ կա, կա՛մ չկա: Եվրոպացիները սա էլ գիտեն: Էն, որ նրանք երբեմն հայտարարում են, թե իրենց ուսումնասիրություններով՝ այս կամ այն երկիրն այս կամ այն չափով է ժողովրդավարական՝ քիչ, մասամբ, մասամբից մի փոքր ավելի, դա ընդամենը տվյալ երկրին ոգեւորելու համար են անում: Եվրոպացու համար միեւնույն է՝ դու մասա՞մբ ես ժողովրդավարական, թե՞ մի փոքր ավելի: Դու պարզապես ժողովրդավարական երկիր չես, եթե քո վարած քաղաքականությամբ չես տեղավորվում իրենց շահերի մեջ: Դու ինչքան ուզում ես, գոռա՝ կեցցե ժողովրդավարությունը, Հայաստանը եւ Եվրոպան ուս-ուսի են առաջ տանում ժողովրդավարությունն ու ձգտում խաղաղության, միեւնույն է, եվրոպացին իր դրած ոսկե կանոնից չի շեղվելու: Գուցե քեզ ծափահարի այդ պաթոսի համար, բայց ոչ ավելին: Ու բավական է մի քիչ էլ խոսես քո կարիքներից, փողի անուն տաս, եվրոպացիներն իսկույն հասկանում են, որ փորացավդ փողն է, դու էլ՝ ոչ թե ժողովրդավարության մասնագետ, այլ՝ շարքային փող ուզող: Զելենսկին՝ վկա:

Փաշինյանը մի քանի անգամ փորձեց հավասար հարթություններում դիտարկել «ընդհանրապես ժողովրդավարություն» եւ «հայկական ժողովրդավարություն» հասկացությունները: Սա ելույթի ամենածիծաղելի մասն էր: Ծիծաղելի՝ այն իմաստով, որ ՀՀ ղեկավարը պարծենում էր, թե իր՝ իշխանության գալուց 6 տարի անց Հայաստանը ժողովրդավարության մակարդակով հայ-հայ է՝ «աբգոն է անում» Եվրոպային: Ավաղ, դահլիճում այդ պահին կուրթանեցիներ չէին նստած, այլապես տպավորությունը ցնցող էր լինելու: Թե բա՝ հայ ժողովուրդը վերջապես հասկացավ, որ ժողովրդավարական ընտրություններով հնարավոր է իշխանություն փոխել: Իսկ թե ինչպիսին են եղել բոլոր այն ընտրությունները, որ տեղի են ունեցել հայկական ժողովրդավարության հայր Նիկոլ Փաշինյանի օրոք, եվրոպացիները լավ գիտեին թե՛ քարոզարշավների տեսանյութերից, թե՛ ձայնագրություններից եւ թե՛ չագուճով լուսանկարներից: Եվրախորհրդարանում ժողովրդավարությունից ճառող այս մտքի գիգանտը չէ՞ր արդյոք, որ քաղաքական մրցակիցներին սպառնում էր բռնել եւ շինել: Եվրոպացիները «շինելը» չէ, բայց «բռնելը» լավ են հասկանում ու տեղեկացված են, որ Հայաստանի բանտերն այսօր լիքն են քաղբանտարկյալներով: Ու ստացվում է, որ այդ ամենի հեղինակը կարող է կանգնել Եվրախորհրդարանում ու անկաշկանդ խոսել ժողովրդավարությունից, ընդ որում՝ թե՛ ժողովրդավարությունից՝ ընդհանրապես եւ թե՛ դրա հայկական դրսեւորումներից՝ մասնավորապես: