Գնդակը միշտ թուրքական կողմում է. Հայաստանը սպասում է հերթական գոլին

Գնդակը միշտ թուրքական կողմում է. Հայաստանը սպասում է հերթական գոլին

Թուրքիայի իշխանությունները ստորացնում են Հայաստանի իշխանություններին, սրանք ստորաքարշորեն ձեւ են անում, թե ոչ մի բան էլ չի պատահել, թե իրենք պատրաստ են էլ ավելի մեծ ստորացման: Թուրքիայի նախագահը, արտգործնախարարը, պաշտպանության նախարարն անվերջ խոսում են «Զանգեզուրի միջանցք» բացելու իրենց մտադրության մասին, Հայաստանի իշխանությունները դեռ խոսում են ինչ-որ հայ-թուրքական սահման բացելու պայմանավորվածության մասին, իրենց արեւին՝ Թուրքիայի հետ ֆուտբոլ են խաղում: Հայաստանի արտգործնախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Վահան Կոստանյանը, նախորդ օրը պատասխանելով հայ-թուրքական սահմանի բացման մասին հարցին, ասում է, որ գնդակը գտնվում է թուրքական կողմում: Հարց է առաջանում` իսկ ե՞րբ է գնդակը եղել հայկական կողմում, եթե սա ֆուտբոլ է, ապա միայն խաղ է մի դարպասի վրա, երբ միշտ թուրքերն են գոլ խփում, իսկ մենք ընդամենը հաշվում ենք գոլերի քանակը:

Վահան Կոստանյանը եւ նրա ներկայացրած իշխանությունը պետք է արձանագրեին ոչ թե գնդակը թուրքական կողմում լինելու փաստը, այլ իրենց կողմից սկսված հարաբերությունների կարգավորման ձախողումը: Պետք է հայտարարեին, որ Թուրքիան այդ գործընթացից ստացավ այն, ինչ պետք էր, իսկ մենք` ոչինչ: Անցած տարվա հունիսին Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը եւ թուրք դիվանագետ Սերդար Քըլչը ստորագրեցին մի փաստաթուղթ, ըստ որի՝ շատ սեղմ ժամկետում հայ-թուրքական սահմանը պետք է բացվեր երրորդ երկրների քաղաքացիների, ենթադրաբար՝ Ռուսաստանի համար: Ռուսներն Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց հետո մտավախություն ունեին, որ Վրաստանը կարող է միանալ Արեւմուտքի կողմից սահմանվող հակառուսական պատժամիջոցներին, եւ փորձում էին այդ պատժամիջոցները շրջանցելու այլընտրանքային ուղիներ գտնել, որոնցից մեկն էլ կարող էր լինել հայ-թուրքական սահմանի բացումը: Գուցե նաեւ Թուրքիայի ջանքերի շնորհիվ, ինչպես նաեւ իր տնտեսական շահերը հաշվի առնելով՝ Վրաստանը չմիացավ պատժամիջոցներին, ինչի արդյունքում Ռուսաստանի եւ Թուրքիայի համար հայ-թուրքական սահմանի բացումը դարձավ անիմաստ: Բայց ոգեւորված թուրքերի տված խոստումներից՝ Հայաստանի իշխանություններն ինչ ստորացման ասես չգնացին, միայն թե ցույց տան, որ իրենց հաջողվել է լուրջ հաջողություն գրանցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում եւ բացել 30 տարի փակ սահմանը: Այդ սահմանը բացվելուց Հայաստանն ավելի շատ օգտվելու էր, թե վնասվելու` այլ հարց է:

Նախ՝ Հայաստանը երկու անգամ մարդասիրական օգնություն ուղարկեց երկրաշարժից տուժած Թուրքիայի շրջաններ, որին Թուրքիայի իշխանությունները պատասխանեցին շնորհակալությամբ: Իսկ ինչո՞ւ շնորհակալ չլինեն. իրենք թշնամություն են անում Հայաստանի դեմ, մասնակցում են Արցախի եւ Հայաստանի դեմ պատերազմին՝ սիրիացի գրոհայիններ մատակարարելով, հատուկ ջոկատայիններ, ռազմական խորհրդատուներ պատրաստելով, ժամանակակից զենք ու զինամթերք մատակարարելով Ադրբեջանին, իսկ Հայաստանն անինքնասերի նման մարդասիրական օգնություն է ուղարկում Թուրքիա: Թուրքիան բացեց սահմանը մարդասիրական օգնության համար, բայց հասկացրեց, որ դա միակողմանի է: Սահմանը կբացվի, եթե Հայաստանի իշխանությունները որոշեն իրենց ժողովրդից հավաքած հարկից մասհանում անել Թուրքիային: Օրինակ, պետք է Վահան Կոստանյանին հարցնել, թե Թուրքիան ինչ մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանված 100 հազարից ավելի արցախցիներին:

Հետո Փաշինյանը մասնակցեց Թուրքիայի նախագահի երդմնակալությանը: Նա գնաց Թուրքիա` շնորհավորելով Հայաստանի դեմ թշնամություն իրականացնողի վերընտրությունը, որ նա շարունակի թշնամությունն ու պահանջի, որ Հայաստանը Թուրքիային ու Ադրբեջանին հանձնի Սյունիքը: Փաշինյանը հայտարարեց, որ պետք է նորովի մոտենալ եւ վերաշարադրել խորհրդահայ պատմագրությունը` թուրքերին ներկայացնել ոչ թե ցեղասպաններ եւ մեզ հայրենազրկողներ, այլ թշնամանքի սլաքն ուղղել ռուսների կողմը, որ նրանք են միշտ թշնամացրել հայ եւ թուրք ժողովուրդներին, որպեսզի մեր թշնամությունն օգտագործեն իրենց շահերի համար: Փաշինյանը պատրաստ էր Էրդողանի առաջ պպզել, որ նա իր վրայով թռչի, բայց Էրդողանը դրա ո՛չ հավեսն ուներ, ո՛չ էլ առողջությունն էր ներում: 
Այդ ընթացքում Փաշինյանը ճանապարհ կառուցեց դեպի Թուրքիայի սահման, հարյուրավոր միլիոններ ծախսեց մաքսային հսկողության ենթակառուցվածք ստեղծելու համար, մաքսայինում նույնիսկ սկսել էին իրար մեջ պաշտոններ բաժանել: Էս աստիճանի ողորմելի իշխանությունը պետք է ներառվի հատուկ պահպանության եւ ուսումնասիրման համաշխարհային օբյեկտների ցանկում, որովհետեւ նման բան դժվար է պատկերացնել, ուր մնաց՝ իրականության մեջ տեսնել:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մահախոսականը Գրանադայում Փաշինյան-Մակրոն-Շոլց-Շառլ Միշել քառակողմ հայտարարությունն էր, որտեղ անդրադարձ կար Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը: «Ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության եւ բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, բացման կոչ են արել»,- ասվում է այդ հայտարարության մասին պատմող հաղորդագրության մեջ։ Այսպիսով Փաշինյանը եւ ԵՄ ներկայացուցիչներն ընդունում էին, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ երկխոսությունը՝ հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման հարցով, ձախողվել է, եւ ԵՄ-ն հանդես է գալիս որպես միջնորդ՝ կոչ անելով Թուրքիային` բացել սահմանը: Թե ինչպես է վերաբերվում Թուրքիան նման կոչերին, ավելորդ է անգամ որակումներ տալը:

Իսկ Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ փոխարտգործնախարարը, երեւակայում են, որ իրենք Թուրքիայի հետ ֆուտբոլ են խաղում` գնդակը փոխանցել են Թուրքիային եւ սպասում են, թե երբ է Թուրքիան հերթական գոլը խփելու հայկական դարպասին: Սրանք ոչ թե իշխանություն պետք է լինեին եւ պետական պաշտոնյա,  այլ մարզադաշտի էլեկտրոնային ցուցատախտակ, որ հաշվեին գոլերի քանակը:

Ավետիս Բաբաջանյան