Հայաստանում ենք մնալու, որ մի օր լույս բացվի՝ վերադառնանք մեր տները

Հայաստանում ենք մնալու, որ մի օր լույս բացվի՝ վերադառնանք մեր տները

Արցախից Հայաստան բռնագաղթածներից շատերը հասցրել են վերցնել միայն իրենց անձնագրերը` ուրիշ ոչինչ։ Այսօր նրանք փորձում են տեղավորվել Հայաստանում եւ առաջին հերթին` աշխատանք գտնել: Արցախցիները հայտնի են իրենց աշխատասիրությամբ, ստեղծելու, արարելու բնույթով:

Ալվարդ Ավագյանն ու ամուսինը բնակվում էին Արցախի Մարտակերտ քաղաքում, երկուսն էլ զինվորական էին։ Ալվարդը շատ համեղ էր պատրաստում: Հայաստան գալով՝ որոշել է իր նախասիրությունը դարձնել ապրելու միջոց։ Արդեն իսկ պատվերներ է ստանում՝ պատրաստում է ժենգյալով հաց։ Քանի որ ժենգյալով հացի մեջ օգտագործվող կանաչեղենը Հայաստանում չի աճում, փորձում է այստեղից-այնտեղից գտնել։ Ալվարդն այժմ Հրազդանում է բնակվում։ «Հրազդանի ժողովրդի համար եմ թխում ժենգյալով հաց, միշտ լինում է։ Երեւան եմ առաքում` հարյուրից ավելի։ Ամեն օր ունենում եմ պատվեր, օրինակ՝ այսօր Հրազդանի մեջ է եղել պատվեր, իսկ վաղվա համար 50 հատի պատվեր արդեն ունեմ»,- պատմում է Ալվարդը։ Երեւանից միջոցառումների ու նաեւ լանչերի համար են պատվիրում, ցանկալի է, որ պատվերը մեկ կամ երկու օր առաջ արվի: Եթե քանակը մեծ է, առաքման ծառայություն էլ ունեն։ Ալվարդն ընդամենը մեկ շաբաթ է, ինչ սկսել է աշխատել, սակայն գոհ է պատվերներից։ Ասում է. «Ուզում եմ մնալ Հայաստանում՝ գուցե մի օր հետ գնանք։ Ճիշտն ասած՝ մենք ամեն օր սպասում ենք, որ մի օր լույսը կբացվի, ու մենք հետ կգնանք մեր տները»։
Անահիտ Աթայանն ապրել է Ստեփանակերտում: Նա հայկական զարդանախշերով կրծքազարդեր է պատրաստում։ Այս բիզնեսով սկսել է զբաղվել 2020 թվականից անմիջապես հետո։ «Միտք ծագեց՝ մեր հայկական ավանդական զարդանախշերը պահպանելու, ինչ-որ ներդրում ունենալու համար ճաշակ թելադրել կրծքազարդի տեսքով»,- պատմում է Անահիտը։

Նա թեեւ դեռ պատվերներ չի ստացել, սակայն համագործակցության առաջարկ արդեն ստացել է: Քանի որ բոլոր գործիքները թողել է Արցախում՝ նախօրեին գնել է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի զբաղվի սիրած գործով։ Անահիտը պատրաստ է համագործակցել թե՛ անհատների, թե՛ խանութների հետ։ «Իմ նպատակը ոչ միայն գումար վաստակելն է, այլեւ մեծ կարիք ունենք՝ մեր հայկականը տարածելու․ օտարամոլություն է տիրում մեզ մոտ, թեկուզ փոքր մասով, ինչն ինձնից կախված է, ուզում եմ անել։ Ես կարող եմ ավելի շատ գումար աշխատել՝ հայկականից բացի այլ դիզայնով կրծքազարդեր պատրաստելով, սակայն հրաժարվում եմ՝ կարեւորելով մեր հայկական զարդանախշերը»,- ասաց Անահիտը։ Մնալո՞ւ են Հայաստանում, թե՞ կարող է տեղափոխվեն այլ երկիր, ասաց` ո՞ւր, Արցա՞խ։ Անահիտ Աթայանը նշում է․ մեկուկես տարի առաջ Ռուսաստան էին գնացել, այնտեղ բարեկամներ ունեն, ամեն հնարավորություն ունեին մնալու, սակայն մեղավոր էին իրենց զգում` իրավունք չունեն իրենց հայրենի հողը թողնել, եւ վերադարձան Արցախ։ «Մենք նյութապաշտ չենք, մենք օտարամոլ չենք, մենք հող սիրող, մենք մեր մշակույթը, լեզուն սիրող ենք։ Երբ տեսնում եմ, որ խանութների վրա անվանումը լատինատառ է գրված, մտնում ասում եմ` ինչո՞ւ է անվանումը լատինատառ։ Արցախում էլ կային այդպիսի խանութներ՝ զանգահարում էինք մեր Լեզվի տեսչություն։ Եթե մենք չպահենք մեր լեզուն, ո՞վ պիտի պահի։ Երեք տարեկան, չորս տարեկան երեխաներին տանում ենք անգլերեն սովորելու, երբ այդ երեխաները դեռ հայերեն էլ նորմալ չեն խոսում։ Սա ազգային ցավ է, ողբերգություն է»։

Զարդերի միջոցով Անահիտը փորձում է խոսել, հաճախորդներին եւս բացատրում է հայկական զարդանախշերի բովանդակությունը, նշանակությունը, եւ հաճախորդները հայկական զարդանախշերի մասին հստակ պատկերացումներով են հեռանում։ Ու չնայած այժմ բնակվում են Արմավիրի Ալաշկերտ գյուղում, պատվեր ստանալու դեպքում պատրաստ է առաքում կազմակերպել։ Նշում է, որ ժամանակավոր են Ալաշկերտում հաստատվել, մինչեւ կողմնորոշվեն, թե որտեղ են վերջնական բնակվելու։

Կարինե Մուսայելյանը Ստեփանակերտից տեղափոխվել է Հայաստան ու որոշել է այստեղ շարունակել բիզնեսի վերածած իր հոբբին։ Նա հյուսում է մանկական կախովի զամբյուղներ, տուփեր, պայուսակներ, խոհանոցի ու լոգարանի պարագաներ, երեխաների համար նախատեսված իրեր, փաբուջներ` այն ամենը, ինչ հնարավոր է պատկերացնել։ «Սկսել եմ զբաղվել պատերազմից անմիջապես հետո՝ 2021 թվականի փետրվարից։ Արդեն բավականին շատ պատվերներ ունեմ»,- հպարտանում է նա։

Որոշել են հաստատվել Հայաստանում` այլ տեղում չեն պատկերացնում իրենց կյանքը․ «Որ իմ երեխաները մեծանան հայ, հայի միջավայրում, հայի մեջ, իրենց հայրենիքում: Հայաստանը մեր հայրենիքն է։ Հավատում ենք, որ վերադառնալու ենք Արցախ՝ առանց հավատքի մենք ուղղակի գոյություն չենք ունենա»։ Նա վստահ է, որ սա վերջը չէ, ու ամեն ինչ դեռ շարունակություն է ունենալու։