30 տարի պայքարել ենք, 3 պատերազմ տարել, 12 հազար զոհ տվել,  որ այսօր արցախցիներին 100 հազար դրամով ապահովենք

30 տարի պայքարել ենք, 3 պատերազմ տարել, 12 հազար զոհ տվել,  որ այսօր արցախցիներին 100 հազար դրամով ապահովենք

Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Եվրախորհրդարանում ելույթ ունեցավ, այլեւ հանդիպեց ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ Հանդիպման օրակարգում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայերին առնչվող հումանիտար իրավիճակն էր, դրա հաղթահարման քայլերը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները եւ այլն։ Այս եւ այլ հարցերի մասին զրուցել ենք ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:

- Ստրասբուրգում վարչապետ Փաշինյանի ելույթից հետո Եվրախորհրդարանի ողջ կազմը հոտնկայս ծափահարում էր, ի՞նչ գնահատական կտաք դրան:

- Որ ծափահարեցին, ի՞նչ` Արցախը հե՞տ բերեցին, թե՞ արցախահայությունը վերադարձավ Արցախ:

- Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը: Բայց հնչեցին բավականին կոշտ հակառուսական հայտարարություններ Փաշինյանի կողմից: Նա հերթական անգամ մեղադրեց Ռուսաստանին, ռուս խաղաղապահներին` Արցախի հայաթափման համար: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս ելույթը հետագայում: Եվրոպացիները կգնահատե՞ն, իսկ ռուսական կողմն ինչպե՞ս կարձագանքի:

- Ինձ համար գոյություն ունի հայկական հարց եւ Հայաստանի Հանրապետություն: Այսօրվա Արցախի իրավիճակն ու կարգավիճակը հայաթափված լինելն է: Այդ միջոցառումը, որին հրավիրել էին Նիկոլին, Նիկոլն էլ գնաց, ելույթ ունեցավ, ու իրեն ծափահարեցին, այդտեղ չկար ոչ մի ազնվություն, ոչ մի անկեղծություն: Փոխարենը կար հերթական սադրանք, սա հերթական միջոցառումն էր, որի ժամանակ փորձ արվեց նորից պոկել Հայաստանը Ռուսաստանից՝ Հայաստանը դարձնելով Վրաստան, Ուկրաինա, Աբխազիա: Մենք ականատես ենք եղել, թե ինչ եղավ Վրաստանի հետ, ինչ է տեղի ունենում այժմ Ուկրաինայում: Կորուստներ, տնտեսական ճգնաժամ: Արդյունքում ոչ մի բանով չեն շահել այդ պետությունները, ուղղակի գոնե նրանք ահռելի տարածքներ ունեն, իրենց աչքին չեն երեւում իրենց կորուստները, իսկ մեզ՝ հայերիս համար արդեն նույնիսկ շարժվելու տեղ չկա: Ինձ համար գոյություն ունի այս պահին միայն Արցախի հարցը: Այդ հանդիպմանն անգամ չխոսվեց Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման մասին: Չէ՞ որ Փաշինյանն ասում է, որ ապահովելու են արցախահայության իրավունքներն Արցախում: Բայց այսօր հետքայլ ենք արել ինքնորոշման իրավունքից: Տարիներ շարունակ բանակցության սեղանին եղել է տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման հարցը: Բազմիցս ասել եմ, հիմա էլ կասեմ` որոշողը մարդն է եւ մարդն է որոշում՝ տվյալ տարածքում ինչ կարգավիճակով ապրի: Մեկ անձը չի կարող որոշել ողջ ժողովրդի համար: Հետքայլ` հետքայլի ետեւից: Իշխանությունները կենցաղային մակարդակի որոշակի հարցեր են լուծում, օրինակ՝ հայտարարում են, որ արցախցիները ստանում են 100 հազարական դրամներ: Փաստորեն, 30 տարի պայքարել ենք, 3 պատերազմ ենք տարել, 12 հազարից ավելի զոհ ենք տվել, որ այսօր արցախցիներին 100 հազար դրամով ապահովենք: Վերադառնանք Ստրասբուրգի հավաքում տեղի ունեցած հանդիպմանը` այնտեղ չկար ոչ մի ազնվություն, ոչ ոք չէր ցանկանում մեր վիշտը կիսել եւ աջակցել մեզ:

- Այդ դեպքում ո՞րն է Արեւմուտքի նպատակը:

- Արեւմուտքից ամպագոռգոռ ու լալահառաչ հայտարարություններ անելով հարց չի լուծվում: Նիկոլն ասում է, որ եվրոպացի դիտորդները մասնակցել են անվտանգության խնդիրներին, բայց այդ եվրոպացի դիտորդների աչքի առաջ էթնիկ զտում տեղի ունեցավ, մեր ու մանուկ կոտորվեցին, ու բոլորը լռեցին:

- Իշխանությունն ասում է` ռուսներն էին արցախցիների անվտանգության երաշխավորը, եւ նրանք փաստացի չկարողացան իրենց աշխատանքը պատշաճ իրականացնել:

- Իհարկե, ռուսները ոչ միայն անվտանգության երաշխավորն էին, այլեւ Լաչինի միջանցքը պետք է կարողանային պահել, ռուսները եթե թուլացել էին Ուկրաինայի պատճառով, պետք է ազնիվ լինեին եւ պարզ խոսեին կամ գուցե ասել են, սակայն մերոնք են անազնիվ գտնվել այդ հարցում, չեմ կարող հստակ ասել: Ռուսներն ունեն իրենց մեղքի բաժինը, որ մեծ է ու բավականին ծանրակշիռ: Եթե կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որին հղում են անում, ապա Ռուսաստանը պետք է համապատասխան կետերը կյանքի կոչեր, սակայն կա՛մ Ռուսաստանն ի զորու չի եղել, կա՛մ էլ թուրք-ադրբեջանական տանդեմն ավելի ուժեղ է գտնվել, որին անգամ չի կարողացել դիմադրել ՌԴ-ն: Արդյունքում ունեցանք հայաթափված Արցախ եւ խեղված ճակատագրեր: 30 տարվա բանակցությունների մեջ որեւէ անգամ Արցախն առանց հայերի չի էլ քննարկվել: Հայ ժողովուրդն արարել է Արցախում, Ադրբեջանը եւս չի հերքել այդ փաստը, բայց Փաշինյանը Պրահայում հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ի՞նչ աներ Ռուսաստանը: Նա էլ իր, այսպես ասած, կոզրն ունեցավ` հօգուտ իրեն: Ղարաբաղը, ի վերջո, Ռուսաստանինը չէ, մերն է, ռուսը չի կարող մեր փոխարեն ինչ-որ բան անել:

- Իշխանությունները մեղադրում են նաեւ Սամվել Շահրամանյանին` Արցախը հանձնելու մեջ:

- Սամվել Շահրամանյանին երբեւէ տեսած չկամ: Այդքան այցելել եմ Արցախ, բայց ոչ մի անգամ նրան չեմ հանդիպել: Չեմ հասկանում, թե որն է Շահրամանյանի մեղավորությունը, իրոք չեմ հասկանում: Նա ի՞նչ պետք է աներ, եթե Հայաստանից արդեն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել էին: Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, սա էստեղ նստած՝ ասում էր․ ուշադիր հետեւում ենք: Լավ է՝ չէր ասում․ պոպկորն ուտելով ենք նստած հետեւում Արցախի պատերազմին: