«Տականքների» տոնը

«Տականքների» տոնը

Այսօր Ադրբեջանում նշվում է «ազգային վերածննդի» տոնը: 1998թ. նոյեմբերի 17-ին Բաքվի Լենինի անվան հրապարակում կազմակերպվել է առաջին բազմամարդ հանրահավաքը՝ մի քանի ամիս առաջ ստեղծված Ժողովրդական ճակատի նախաձեռնությամբ: Ահա այդ իրադարձությունն է համարվում «ազգային վերածնունդ»: Ադրբեջանում ղարաբաղյան Շարժումը հակակշռելու բոլոր փորձերն, այդ թվում՝ Ժողովրդական ճակատի կազմավորումը, ձեռնարկվել են խորհրդային հատուկ ծառայությունների հուշումներով: Գործընթացների ընդհանուր վերահսկողությունն իրականացրել է Եվգենի Պրիմակովը, որի սերտ համագործակցությունը Հեյդար Ալիեւի հետ առանձին պատմա-քաղաքագիտական ուսումնասիրության թեմա է: Մեր գիտական հաստատությունները, ցավոք, այդ եւ բազմաթիվ այլ խնդիրներով չեն զբաղվում: Նրանք միայն բյուջեից հավելյալ գումարներ, իշխանություններից՝ գուրգուրոտ վերաբերմունք են պահանջում: Իսկ թե ի՞նչ են տալիս փոխարենը՝ նման հարցադրում չի արվում: Բայց թեմայից չշեղվենք: Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը Հյուսիսային Կովկասի իսլամ հոգեւոր գործիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ժողովրդական ճակատի «շարքերում հավաքված էր ազգի տականքը»:

Սա պաշտոնական գնահատական է, որով առաջնորդվում է Ադրբեջանի պատմա-քաղաքագիտական միտքը, եթե, իհարկե, այս բառը հարմար է գալիս նրանց, որ իշխանության ցուցումով այսօր նենգափոխում են ողջ տարածաշրջանի եւ առանձնապես Արեւելյան Անդրկովկասի պատմությունը: Ստացվում է, որ այսօր Ադրբեջանը նշում է տականքների վերածննդի օրը: Որովհետեւ եթե ժողովրդական ճակատի շարքերում հավաքվել էր Ադրբեջանի ազգային տականքը, հետեւում է, որ նրա կազմակերպած բազմամարդ հանրահավաքը ոչ այլ ինչ էր, քան՝ տականքների շքահանդես: Իր տեսակետն ամրապնդելու համար Իլհամ Ալիեւը վկայակոչել էր Ժողովրդական ճակատի «քաջագործություններից» մի քանիսը: Կարելի է ասել, որ նա ընդհուպ մոտեցել է իր երկրի ոչ հեռավոր անցյալի ճշգրիտ գնահատականը հնչեցնելու հրամայականին: Կհերիքի՞ նրա քաջությունը, որպեսզի բացահայտի Բաքվի հայության, առհասարակ ոչ տիտղոսակիր ժողովուրդների նկատմամբ ԱԺՃ գործադրած բռնությունների, զանգվածային սպանությունների եւ տեղահանման ճշմարտությունը: Դրա համար բավարար հիմքեր կան: Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում 1990թ. հունվարյան Բաքուն համեմատում է 1930-ականների նացիստական Գերմանիայի քաղաքների հետ: Սա ճշգրիտ, արդարացի եւ համարձակ գնահատական է: Ալիզադեն արժանի է հարգանքի: Բայց կհետեւի՞ քաղաքագիտական այդ ստույգ բնութագրմանն Իլհամ Ալիեւը: Տականքներ անվանել Ժողովրդական ճակատի առաջնորդներին, ծաղրել նրանց թերուսությունը՝ դեռեւս քիչ է: Հարկավոր է բացահայտել այդ շարժման ազգայնամոլական, այլատյաց անհանդուրժողականության միջուկը եւ սեփական ժողովրդի ինքնությունը հետեւողականորեն ապաազգայնականացնել՝ ձերբազատելով նրան, ի մասնավորի, հայատյացության ծանրագույն բարդույթից: Կգնա՞ այդ քայլին Ալիեւը: Խնդիրը բարդանում է նրանով, որ, ինչպես վերոհիշյալ գրքում Զարդուշտ Ալիզադեն է ստույգ փաստերի համադրմամբ եզրահանգել,  Հեյդար Ալիեւն իշխանության է վերադարձել ԱԺՃ ուսերի վրա: Եւ Ադրբեջանի քաղաքական պատմության ալիեւյան գնահատականը նրա համար կարող է բումերանգի վերածվել: Իսկ եթե նախկին ժողճակատայինները, որոնց նա տականք է անվանում, սկսեն բացահայտումներ անե՞լ: Այդ դեպքում կփլուզվի ալիեւյան իշխանության գաղափարա-քաղաքական հիմքը: Ալիեւը դեռ կարողանում է այն պահպանել եւ ապահովագրել բացահայտումներից: Վաղն ի՞նչ է լինելու՝ ոչ ոք երաշխիք տալ չի կարող: Ադրբեջանական «ազգային ինքնության» պսակազերծումը միայն ժամանակի հարց է: