Նրանք պատրաստ են ծառայել հայրենիքին, բայց առաջարկներ չեն ստացել

Նրանք պատրաստ են ծառայել հայրենիքին, բայց առաջարկներ չեն ստացել

Անցած մեկ տարվա ընթացքում մամուլում արծարծվել է այն հարցը, թե ինչու ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը  կադրային քաղաքականության մեջ չառաջնորդվեց նախկինում իր հետ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ռեժիմների դեմ պայքարած, բանտերով ու զրկանքների միջով անցած համախոհներին ներգրավելու սկզբունքով։ Այդ հարցն ավելի արդիական է դառնում հատկապես այն ժամանակ, երբ հերթական անգամ պատասխանատու պաշտոն է վստահվում անփորձ, հանրությանն անծանոթ, տվյալ ոլորտի քաղաքականության համար հեռահար պատկերացումներ չունեցող երիտասարդին։ Իսկ փորձառու, քաղաքական սկզբունքներ ունեցող կադրերի տեղը, կարծում ենք, վարչապետին ցույց տալու անհրաժեշտություն չկար։ 

Նախկինում ակտիվ ընդդիմադիր Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը մեզ հետ զրույցում, ինչպես նախորդ մեկ տարվա ընթացքում, կրկին վերահաստատեց, որ իրենք պաշտպանել եւ պաշտպանում են թավշյա հեղափոխությունը։ Նա համամիտ չէ մեր այն դիտարկմանը, որ կադրային սխալ  քաղաքականություն է իրականացնում վարչապետը։

«Ցանկացած իշխանության օրոք էլ կարող են լինել եւ՛ հաջողված կադրեր, եւ՛ չհաջողված կադրեր։ Ընդհանուր առմամբ այսօր կառավարող քաղաքական ուժի գործունեությունը ես համարում եմ դրական, եւ այստեղ խնդիր չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է համատեղ պայքարի ճանապարհ անցնելուն, ապա ես հատուկ  չեմ ուսումնասիրել,  թե պետական համակարգում ում են ներգրավել, ում՝ ոչ։ Եվ հետո ի՞նչ է նշանակում, թե ժամանակին իր հետ պայքարել են»,- ասաց Գրիգոր Հարությունյանը՝ հավելելով, որ ՀԺԿ-ին որեւէ առաջարկ՝ կառավարման համակարգում ներգրավվելու համար չի արվել։

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի պատասխանը մեր այն հարցին, թե՞ եղել է առաջարկ՝ իր ղեկավարած կուսակցությանը ներգրավվելու պետականաշինության գործընթացում, լակոնիկ էր՝ ո՛չ, չի եղել։ Հիշեցնենք, որ վերջերս հրաժարական ներկայացրած արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ էր, սակայն պաշտոնավարման ընթացքում սառեցրել էր իր անդամակցությունն այդ կուսակցությանը։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանը հիշեցնում է, որ իրենք եղել են թավշյա հեղափոխության շահառուներից, նախաձեռնողներից մեկը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը անհասականալի է, հատկապես  27-ամյա Ռուստամ Բադասյանի նշանակումը արդարադատության նախարարի պաշտոնում։ Մակեյանը հիշեցնում է, որ նորանշանակ նախարարի հայրը եղել է ոստիկանական համակարգի բարձրաստիճան չինովնիկ, պաշտոնատար անձ, եւ ծառայել է նախկին ռեժիմին։ 
«Եթե լինի առաջարկություն, մենք պետք է հասկանանք, թե սա ինչ կադրային քաղաքականություն է, ինչ են ուզում անել, որից հետո մենք կհայտնենք մեր մոտեցումները։ Մեզ որեւէ առաջարկ չի արվել, եւ բնականաբար, քննարկումներ էլ չեն եղել դրա վերաբերյալ»,- նշեց Մակեյանը։
Մեր հարցին, թե ԺՀԿ-ն ունի՞ համապատասխան կադրեր, որ առաջարկի դեպքում էլ կարողանան աշխատել պետական կառավարման համակարգում, Պետրոս Մակեյանը պատասխանեց․ «Մենք ունենք կադրեր, որոնք տասնամյակներ շարունակ պայքարել են, քրեական հոդվածներ են նրանց առաջադրել այդ պայքարի համար, ունեն բարձրագույն կրթություն, սկզբունքային են, երբեք  չեն համագործակցել նախկին ռեժիմի հետ։ Օլիգարխիայի ընտանիքից դուրս եկած, օլիգարխիկ, քրեական տարրերի հետ առնչվող կադրեր մենք չունենք»։

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին ուղղեցինք հետեւյալ հարցը․ «Մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ եղան տարբեր կադրային տեղաշարժեր, նշանակում-ազատումներ։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հետ ժամանակին ընդդիմադիր պայքարի ճանապարհ անցած նրա ոչ բոլոր համախոհներն են այսօր տեղ գտել պետական կառավարման համակարգում։ Արվե՞լ է Ձեզ պետական պաշտոն զբաղեցնելու առաջարկ։ Ինչպե՞ս եք պատկերացնում նոր Հայաստանում Ձեր աջակցությունը պետական շինարարրությանը»։

Միքայել Հայրապետյանը պատասխանեց բառացիորեն հետեւյալը․ «Ինձ առաջարկ չի արվել։ Ես չէ, որ  պետք է իմ կարողությունների գնահատականը տամ, դա խորթ է իմ կուլտուրոլոգիային»։
Իսկ հարցին, թե Պահպանողական կուսակցությունն ունի՞ անհրաժեշտ կադրեր, որոնք կարող են ներգրավվել պետական շինարարության մեջ, Միքայել Հայրապետյանն արձագանքեց․ «Պարոն վարչապետը գրեթե իմ չափ գիտի, թե Պահպանողական կուսակցությունը որքան եւ ինչպիսի կադրեր ունի, որոնք պատրաստ են ոչ միայն ներգրավվելու պետական շինարարության մեջ, այլ նաեւ  ամբողջ պետական իշխանությունը ստանձնելու»։