Փաշինյանի եւ Ալիեւի անհավանական արկածները Կրեմլում

Ազգս երեկ չէ առաջին օրը Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած քաջությունն էր քննարկում, երբ ինձ մի քանի զայրացած տղաներ մոտեցան:
- Դու լրագրող ես, չէ՞:
- Այո:
- Ո՞նց կարանք Հովիկ Աղազարյանին տենանք:
- Ոնց ուզում եք՝ տեսեք,- ուսերս թոթվեցի ես:
- Դու չես իմանո՞ւմ՝ ուրդե ա ըլում ինքը:
- Չէ:
- Բա ասում ես՝ լրագրող եմ:
- Բա որ լրագրող եմ, ի՞նչ ասեմ:
- Ախպեր, իրան որ տենաս, կասես՝ ուրիշի հացին վայիս ըլնելը վատ բան ա:
- Որ տեսնեմ՝ կասեմ,- խոստացա ես:
Արդեն մոռացել էի այդ տղաների մասին, երբ կայքերից իմացա, որ կարտոֆիլի փողոցում մետաղյա ինքնաշեն կրպակներից մի քանիսն ապամոնտաժել են: Դաաաա, Աղազարյանի գործերը լավ չեն: Ասա՝ ինչո՞ւ այդքան խորացար, ո՞ւմ համար արեցիր այդ ամենը… Երեւի հիմա մոտակա շենքերի բնակիչներն էլ են քրֆում` դռան վրա կարտոֆիլ էին առնում, վա՞տ էր: Հիմա ստիպված են «սիթիից» քարշ տալ…
Կներեք, բայց Հովիկ Աղազարյանի մասին չէի գրելու: Պատահական ստացվեց, ավելի ճիշտ՝ համընկավ թեման: Պատկերացրեք, որ դուք մի երիտասարդից կարտոֆիլ եք գնում, փողը տալիս եք, շրջվում, որ կարտոֆիլը դնեք մեքենայի մեջ, մեկ էլ մի ուրիշ երիտասարդ ձեր ձեռքը բռնում է՝ ախպեր, էս ի՞նչ ես անում:
- Կարտոֆիլը դնում եմ մեքենայի մեջ:
- Ո՞ւմ կարտոֆիլն ես դնում քո մեքենայի մեջ:
- Իմ կարտոֆիլը, հենց նոր առա, այ, այն տղայից…
Ուզում ես ցույց տալ կարտոֆիլ վաճառած տղային, իսկ նա չկա, ասես՝ անհետացավ:
- Հետ տուր կարտոֆիլը կամ էլ վճարիր, ես եմ այդ կարտոֆիլի տերը:
- Բայց ես վճարել եմ:
- Ո՞ւմ եք վճարել:
- Այն տղային, որ հիմա չկա…
Եվ ամբողջ կարտոֆիլի փողոցը ծիծաղում է վրադ:
Մոսկվայում ճիշտ այս սցենարն էր խաղարկվում Նիկոլի ու Ալիեւի գլխին: Ալիեւը, ըստ էության, առել էր Ղարաբաղը, փողը տվել, բայց Պուտինը բռնել էր նրա ձեռքը, թե Ղարաբաղն ո՞ւր ես տանում, ախպեր, մեր խաղաղապահներին էլ հետը: Ալիեւն էլ, թե՝ փողը տվել եմ, այ, այն տղան էլ Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: Պուտինը զարմացել է՝ ո՞ր տղան… Նիկոլը, իհարկե, չի հասցրել ծլկել սեղանի մոտից ու ստիպված լեզվակռվի է բռնվել՝ փողի թեման կտուրը գցելով: Թե բա՝ իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, իսկ Լաչինի կարիդորը հե՞չ, որ Ալիեւը, առանց ռուս խաղաղապահներից ամաչելու, փակել ա: Այդտեղ Ալիեւը չքմեղացավ, թե ռուս խաղաղապահների ցավն էլ տանեմ, ես անցակետը նրանցից 20 մետր հեռու եմ դրել, իսկ Ղարաբաղում ապրող Ադրբեջանի քաղաքացիները հանգիստ գնում-գալիս են այդ անցակետով: Ղարաբաղը ես Նիկոլից եմ առել, նա Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, ես էլ իմ տարածքում անցակետ եմ դրել, հո օրենք չե՞մ խախտել: Պուտինն այս երկուսին մի քիչ էլ «երկխոսեցրեց», հետո տարավ առանձին հանդիպումների: Ամեն մեկին ինչ պետք էր՝ ասաց, ու Ղարաբաղի թեման միանգամից փակվեց: Նիկոլին, հավանաբար, ասել էր՝ դու ո՞վ ես, որ ցարական Ռուսաստանի ունեցվածքը քամուն տաս, իսկ Ալիեւին էլ հասկացրել, որ սխալ մարդու է դիմել՝ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ մտցնելու համար:
Քաղաքականության մեջ ընդունված է, որ վերջում թույլերն ուժեղին ջան ասեն՝ ջան լսեն: Հիշեք թեկուզ Շուրա Բալագանովին եւ Պանիկովսկուն, որոնք, չնայած անընդհատ կռվում էին, բայց Օստապ Իբրահիմովիչի ներկայությամբ դառնում էին համավոր հարս: Այդպես էլ՝ Ալիեւն ու Նիկոլը: Ոնց կասես, շեֆ՝ խելոքացան Պուտինի մոտ եւ խոստացան, որ կզբաղվեն ճանապարհների բացման, սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներով: Իսկ Ղարաբա՞ղը… Դա շատ զգայուն հարց է, ասաց Պուտինը, թող մնա հետո:
Որոշ հպարտ պողոսներ պատմում էին, թե ոնց է Նիկոլը պատերով տվել ոչ միայն Ալիեւին, այլեւ Վլադիմիր Վլադիմիրովիչին: Եվ այդպես զայրացած էլ շրջապատել էին ինձ՝ տեսա՞ր, ինչ արավ Նիկոլը, դե խոսա, է՞: Եվ ես, չիմանալով ինչպես բացատրել Մոսկվայում բացահայտված Նիկոլ-ալիեւյան գործարքի նրբությունները, սկսեցի պողոսներին պատմել կարտոֆիլ առնելու պատմությունը:
Կարծիքներ