Ինչու մեր մտավորականները չեն դառնում Սոլժենիցին, այլ դառնում են Մանսուրյան

Ինչու մեր մտավորականները չեն դառնում Սոլժենիցին, այլ դառնում են Մանսուրյան

Յուրաքանչյուր մարդ մտավորականի իր էտալոնն ունի: Մեկի համար էտալոն են Անդրեյ Սախարովը, Ալեքսանդր Սոլժենիցինը, Սերգեյ Դովլաթովը, մյուսի համար Վացլավ Հավելը, անգամ` Էդվարդ Սնոուդենը: Հայ մտավորականի էտալոններն էլ տարբեր են, մեկը Էդմոնդ Ավետյանին է համարում իրական մտավորական, մյուսը` Հովհաննես Թումանյանի կերպարն է գնահատում, երրորդը` Չարենց ու Սեւակ է գնահատում: Բայց մտավորականի էտալոնային նկարագրի պարտադիր պայմանն աշխարհի բոլոր երկրներում ազատ միտքն է, ընդվզելու ունակությունը, ժամանակի իշխանությունների կցորդը չլինելու համարձակությունը: Դա է պատճառը, որ բոլոր իրական մտավորականները հալածվել են իրենց ժամանակի իշխանությունների կողմից, եղել են այլախոհ, ասել են այն, ինչ չեն համարձակվում ասել շարքային քաղաքացիները եւ կորցրել են խաղաղ ու բարեկեցիկ ապրելու հնարավորությունը: Ոմանք անգամ դատապարտվել ու աքսորվել են, բայց չեն նահանջել իրենց սկզբունքներից, չեն դավաճանել իրենց հայացքներին:

Մեզանում, ցավոք, այս որակը կամ քիչ է եղել կամ տասնամյակների ընթացքում նկատելիորեն նվազել է: Իրական հայ մտավորական, որը չի վախենա ճշմարտությունն ասելուց եւ կասի` անգամ աչքի առաջ ունենալով զրկանքներն ու հալածանքները, մեզանում գրեթե չի հանդիպում: Մեր մտավորականները, որպես կանոն, կոմֆորմիստ են, իշխանական կերակրատաշտին կցված եւ իշխանական բարեհաճությանը կարոտ: Անգամ նրանք, ովքեր ֆինանսական կախվածություն չունեն իշխանություններից եւ կարող են անկաշկանդ հայտնել իրենց կարծիքը, ճշմարտությունը բացահայտել, չեն անում դա, որովհետեւ հեշտ կյանքի են ձգտում, երկրային վայելքների, գայթակղությունների դեմ անզոր են դիմադրել:

Թվում է` ի՞նչն է խանգարում հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին համապատասխանել իրական մտավորականի էտալոնին եւ ազատ ու անկաշկանդ հայտնել սեփական կարծիքը, քննադատել օրվա իշխանություններին, ցույց տալ նրանց սխալները, հանրությանը ճշմարիտ ուղի ցույց տալ եւ առաջնորդել: Մարդը կայացած երաժիշտ է, հարգանք է վայելում, նրա խոսքը լսելի է բոլորին, նաեւ մեծ գումարներ է վաստակում` իր երաժշտությամբ, գնահատված է դրսում, պատվերներ ունի, զբաղվածություն ունի, տարիքն առել է: Մի խոսքով` ոչնչով կախված չէ իշխանական բարեհաճությունից: Բայց ոչ` նա միշտ օրվա իշխանությունների կողքին է, նրանց կից, երբեք չի քննադատում, երբեք նրա կարծիքը չի տարբերվում պաշտոնական կարծիքից:

Նա մտավորականի կեցվածքը պատկերացնում է նախագահների ու վարչապետների հետ մի սեղանի շուրջ նստելու, նրանց ժպիտներին արժանանալու, նրանց ձեռքից տարբեր պարգեւներ ստանալու տեսքով: Իշխանությունները փոխվում են, իսկ Մանսուրյանը երբեք չի փոխվում` նա հարսանեկան գեներալի նման ներկա է բոլոր պաշտոնական միջոցառումներին, նրան սիրում եւ պարգեւներ են շնորհում բոլոր իշխանությունները, նրա աջակցության վրա կարող են հույս դնել բոլորը` անգամ պետության եւ ազգի դեմ հանցանք կատարածներն ու թալանչիները: