Անձնիշխանություն, կուսակցապետություն եւ ոստիկանապետություն

Անձնիշխանություն, կուսակցապետություն եւ ոստիկանապետություն

Անձնիշխանության հետ մեկտեղ՝ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի կուսակցապետության եւ ոստիկանապետության հաստատում: Մի քիչ դժվար է, իհարկե, հավատալ այս պնդմանը՝ հատկապես 2018-ի գարնանային իրադարձությունների հետեւանքով երկրում հաստատված «ժողովրդի իշխանության» լույսի ներքո:

Սակայն մեր հավատալուց կամ չհավատալուց իրականությունը չի փոխվում: Այն ունի իր զարգացման տրամաբանությունը, եւ ես կասեի՝ նաեւ ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունն այն է, որ Սերժ մերժելով եւ հայկական «ագորայի» խոստում տալով՝ «դուխով» ժողովրդի «դուխով» առաջնորդը սկզբում հաստատեց անձնիշխանություն (1), իսկ այնուհետեւ երկիրը տարավ դեպի ադրբեջանաթուրքական երկյակից կախված կուսակցապետության (2) եւ ոստիկանապետության (3) անդունդը: Հիմնավորո՞ւմ եք պահանջում՝ խնդրեմ:

Կարծում եմ, որ անձնիշխանության առումով ամեն ինչ պարզ է: Հեղափոխություններից հետո սովորաբար հաստատվում է բարիկադների վրա ելնող կամ փողոց փակող (մեր դեպքում) ժողովրդի առաջնորդի իշխանություն: Որքան գիտեմ՝ այս կանոնից չկա որեւէ բացառություն: Դժվար է նույնիսկ պատկերացնել մի այնպիսի իրավիճակ, երբ ժողովրդին ընդդեմ գործող իշխանության կռվի տանող անձը հաղթանակից հետո հրաժարվի դրա պտուղները վայելելուց: Եվ նշանակություն չունի, թե ինչ խոստումներ է տվել այդ անձը ժողովրդին փողոց դուրս բերելու նպատակով:

Անցնենք երկրորդ հանգամանքին. 2015-ին, երբ ակտիվ փուլ մտավ սահմանադրական փոփոխությունների գործընթացը, հատկապես ակտիվ ընդդիմությունը մեղադրում է Սերժին երկրում կուսակցապետություն հաստատելու ցանկության մեջ: Փաստորեն, մեզ անհրաժեշտ էր 2018-ի իշխանափոխությունը, որպեսզի «ժողովրդի իշխանության» անվան ներքո իսկապես կյանքի կոչվեր կուսակցապետության հաստատումը: Առաջինի վկայությունը համայնքների խոշորացման գործընթացն է, որ իրականացվում է զուտ քաղաքական նկատառումով:

Դրան հետեւեց խոշորացված միավորումներում ՔՊԿ-ական ավագանու հաղթանակի ապահովման նպատակով համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը: Բնականաբար, դրանք կա՛մ ՔՊԿ-ական են, կա՛մ իշխանական կուսակցությանը հարող անձինք: Բայց քանի որ ՔՊԿ-ում հավաքվել են ոչ թե գաղափարի մարդիկ, այլ պատեհապաշտներ, ապա իշխող կուսակցությունը չխուսափեց պաշտոնների համար առաջացող ներկուսակցական բախումներից: Ես կասեի՝ «ռազբորկաներից»: Այդ ամենը վկայում է կուսակցապետության հաստատման մասին:

Անցնենք ոստիկանապետության հաստատման խնդրին: Երիտասարդ տնտեսագետների խումբն ուսումնասիրել էր ամենից շատ հարկեր մուծած հազար կազմակերպությունների հերթական ցուցակը ու հետաքրքիր փաստեր արձանագրել: Այսպես՝ 2021 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, այդ ցանկում հայտնվել են պետական կառույցներ, որ նախկինում բացակայել են: Դրանցից են, օրինակ, իրավապահ կառույցները (ոստիկանություն, անվտանգության ծառայություն, քննչական եւ այլն): Հաշվարկելով դրանց մուծած հարկերը (հիմնականում 22 տոկոս կազմող եկամտահարկը)՝ խումբը գտել էր, որ այդ ծավալի եկամտահարկ մուծելու համար դրանց աշխատակիցների լրացուցիչ կիսամյակային եկամուտները պետք է կազմեին 30 մլն ԱՄՆ դոլար:

Եվ քանի որ նշված ժամանակահատվածում աշխատակազմի կամ աշխատավարձի չափի ավելացում չի եղել (դա ճշտվել էր), լրացուցիչ եկամուտները եղել են պարգեւավճարների հաշվին: Ինչը նշանակում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հոգ է տանում ոչ թե խայտառակ պարտությունից հետո երկրում ահագնացած սոցիալական խնդիրների, այլ սեփական իշխանության ամրապնդման մասին: Ինչն ուղիղ ճանապարհ է դեպի ոստիկանապետության կայացում: 

Արագացված տեմպերով ոստիկանապետության հաստատման վկայությունը ոչ միայն պարգեւավճարների բաշխումն է, այլեւ ոստիկանների վայրագություններն են բողոքների ակցիաների մասնակիցների նկատմամբ: Նշանակություն չունի, թե ովքեր են բողոքավորները, եւ ինչն է բողոքի բովանդակությունը: Բոլոր դեպքերում, ոստիկանությունը ոչ միայն պատ է կազմում նրանց առջեւ (սա դիտարկենք որպես պասիվ խոչընդոտ), այլեւ մխրճվում է բողոքավորների խմբի մեջ (իսկ սա արդեն նման է թշնամու ակտիվ գործողությանը)՝ ծեծ ու ջարդի ենթարկելով մեծին ու փոքրին, կանանց եւ տղամարդկանց: Ուղղակի զարմանալի է՝ մարդ որքան պետք է անհայրենիք արարած լինի, որ խայտառակ պարտությունից հետո շարունակի ապահովել ժողովրդից, այսպես կոչված, պողպատյա մանդատ ստացած անձի անվտանգությունն ու նրա իշխանության պահպանումը: Այսօր համացանցում առկա են բազմաթիվ վկայություններ պատերազմն ապաշնորհ ղեկավարելու եւ կամ նույնիսկ նախապես ծրագրավորված պարտության հասցնելու առումով: Սակայն պետբյուջեից սնվող իրավապահ համակարգի կառույցների ղեկավարությունը հոգ է տանում ոչ թե պետության, այլ վերը նշված անձի անվտանգության մասին: 

Այս ամենի ֆոնին զարմանալի է նաեւ արեւմտյան պետությունների շարունակական հովանավորությունը Նիկոլի իշխանությանը: Նախքան պատերազմը, երբ իշխանությունը փորձում էր ռուսական կողմնորոշումը փոխել արեւմտյանի, դա հասկանալի էր: Եվ հասկանալի էր նաեւ նպատակադրումը՝ ռուսներին հեռացնել մեր տարածաշրջանից: Սակայն պատերազմից հետո, երբ 180 աստիճանով փոխվեց Նիկոլի վարքագիծը, եւ հակառուսականությունն իր տեղը զիջեց ռուսական հովանավորչության պահանջին, դա արդեն չի ընկալվում:

Հիշենք՝ 2018-ին Նիկոլն իշխանության էր գալիս պետության սուվերենությունը բարձրացնելու կարգախոսներով: Սակայն այսօր Հայաստանը շատ ավելի է կախված Ռուսաստանից, քան թե նախկինների ժամանակ: 26 տարի շարունակ Ռուսաստանը փորձում էր ռուսական խաղաղապահներ տեղակայել արցախաադրբեջանական շփման գծում, սակայն դա նրան չէր հաջողվում: Իսկ նախկինում հակառուսական ակցիաներով հայտնի դարձած հեղափոխականների իշխանության շնորհիվ դա կյանքի կոչվեց: Այս ամենից հետո զարմանալի է արեւմտյան պետությունների «կուրությունը» Հայաստանում տեղի ունեցող գործընթացների առումով: