Հավաքվեց «դուխները գցած» ՔՊ-ականների փոքր խումբ

Հավաքվեց «դուխները գցած» ՔՊ-ականների փոքր խումբ

Հարցազրույց գրող, դրամատուրգ Սամվել Խալաթյանի հետ

- Պարոն Խալաթյան, վարչապետի հրաժարականը նախօրեին պահանջեց նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբը, ինչը Նիկոլ Փաշինյանը որակեց ռազմական հեղաշրջման փորձ եւ իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։ Դուք ինչպե՞ս կորակեք այդ քայլը։

- Մեկ նախադասությամբ ասած՝ ձեռքը փրփուրներին գցեց: Նրան թվում էր, թե հիմա «դուխովների» մի հսկայական բանակ է հավաքվելու, այնինչ բերման ենթարկվեցին պետական հիմնարկների աշխատողներ՝ նաեւ մարզերից, հավաքվեց «դուխները գցած» ՔՊ-ականների փոքր խումբ: Արդյունքում չկայացած թատերախաղ էր՝ կեղծ ժպիտների շիրայոտ ծորով, աչալուրջ ոստիկանների բազմաշարք շղթայով ու մայթով նրան ուղեկցող, մ.թ.ա. 3-րդ հարյուրամյակից մեզ ծանոթ կլյակյորների՝ վարձու ծափահարողների գոչյուններով ու ծափերով: Ի դեպ, ռազմական հեղաշրջումը հայտարարությամբ չի լինում, այլ՝ ռազմական ուժերով կառավարության շենքի պաշարմամբ, կառավարության անդամների ձերբակալմամբ, կարեւորագույն օբյեկտների գրավմամբ: Վախի աչքերը մեծ են ցույց տալիս: Մեր բանակի հայրենասիրական այդ հայտարարությունը նրա աչքին հեղաշրջում է երեւացել:

- Երեկ թե՛ Ազատության հրապարակը, թե՛ Հանրապետության, մարդաշատ էին, երկու հրապարակներում էլ կար բազմահազարանոց ժողովուրդ, բայց վարչապետն ասում է՝ չկա իր հրաժարականի համաժողովրդական պահանջ․ ի վերջո, ո՞վ է ժողովուրդը, ո՞րն է նրա պահանջը, ո՞ր հրապարակում փնտրել ժողովրդին։ 

- Համաժողովրդական պահանջը այդ հրապարակներում հավաքվող ժողովրդի քանակով չի պայմանավորված, թեկուզ՝ բազմահազար: Դրանցում 2.9 միլիոն մարդ չի տեղավորվի: Հայրենիքին եւ նրա շահերին դավաճանած, երկիրը կործանման եզրին հասցրած վարչապետի հրաժարականի համաժողովրդական պահանջը բոլորովին ուրիշ՝ երրորդ հրապարակում է, որի անունն է Հայաստանի Հանրապետություն- Արցախ-Սփյուռք։ 

- Ընդդիմությունը վրաններ է տեղադրել ԱԺ-ի դիմաց` վարչապետի հրաժարականի պահանջով, ստեղծված իրավիճակում քաղաքացիական բախումների վտանգ տեսնո՞ւմ եք։

- Ոչ: Սա քաղաքական պայքար չէ, այլ քաղաքական բախտախնդիրների դեմ ժողովրդի վճռական ընդվզում: «Դուխավիկ» տաքգլուխների կողմից հրահրված փողոցային տուրուդմփոցներ, մի երկուսի քիթն արյունոտվելը չեմ բացառում, բայց քաղաքացիական մեծ բախումները բացառվում են, որովհետեւ ապիկար կառավարությանը չհանդուրժող ժողովրդի փոթորկվող ալիքի դեմ ամուր պատնեշներ չկան, թղթե միջնորմներ են: Հանրությունը բաժանված չէ քաղաքական հակադիր մեծ բանակների, ընդամենը կա իշխանական աթոռին կառչած մի խումբ եւ նրանց չհանդուրժող ժողովուրդ: Գուցե Նիկոլը փորձի ոստիկանական զինված ուժեր մեջտեղ բերել, նրանից սպասելի է ամեն մի խելացնորություն, բայց նման դեպքում կա՛մ ոստիկանները, մեծ չափով, չեն ենթարկվի նրան, եւ կա՛մ, ծայրահեղ դեպքում, ժողովրդին իր պաշտպանության տակ կառնեն նրա որդիները՝ բանակը: Այսպես, թե այնպես, ծայրահեղ ու անցանկալի երեւույթներ անգամ եթե լինեն, քաղաքացիական պատերազմ չես անվանի: 

- Ստեղծված իրավիճակում ելքը ո՞րն է։ 

- Նիկոլի հրաժարականը: Պայքարը չպետք է թուլացնել, նա՝ իր կողմնակիցներով, ամենուրեք, ամեն պահի անհանդուրժողականության պիտի հանդիպի: