Մենք գնում ենք 1998 թվականի իշխանափոխության ուղիով

Մենք գնում ենք 1998 թվականի իշխանափոխության ուղիով

Մեր ոչ այնքան երկար պատմության ընթացքում մենք երկու դեպք ենք ունեցել, երբ երկրի ղեկավարը ոչ թե հերթական ընտրություններով կամ օրինական ընթացակարգով է հեռացել իշխանությունից, այլ՝ արտահերթ ու անսպասելի։ Մեկը 1998-ին էր, երբ 1996-ին ընտրված Լեւոն Տեր-Պետրոսյանն անսպասելիորեն հրաժարական տվեց, ու խախտվեց 10-ամյա պաշտոնավարման արդյունքում իշխանությունը փոխանցելու էստաֆետը։

Մյուսը 2018-ին էր, երբ երրորդ ժամկետի գնացող Սերժ Սարգսյանին թույլ չտվեցին պաշտոնավարել, պարտադրեցին հրաժարական, եւ նա՝ ԱԺ-ում վարչապետ ընտրվելուց մեկ շաբաթ անց, ստիպված եղավ հրաժարականի դիմում գրել։ 

Մենք բոլորս դա համարեցինք ժողովրդի արդար պահանջի իրականացում, եւ այն անձը, ով հասունացրել եւ հասել էր այդ հրաժարականին՝ փողոցի աջակցությամբ, կարգվեց հաջորդ վարչապետ։ Այսօր, երբ ետ ենք նայում եւ փորձում հասկանալ, թե ինչ եղավ, վերլուծում ենք դեպքերի հաջորդականությունը, կրկին ու կրկին համոզվում ենք, որ ժողովրդի կամքին դեմ գնալը, օրենքով սահմանված ժամկետից ավելի պաշտոնավարելը, ճիշտ ժամանակին եւ կամովին հեռանալն այլընտրանք չունեն։ Երբ իշխանության ղեկին հայտնված մարդը փորձում է փոխել դեպքերի ընթացքն ու դեմ գնալ ընդունված կառուցակարգերին, անպայման պատժվում է։ Ընդ որում, պատժվում են ոչ միայն ինքն ու իր նեղ շրջապատը, այլեւ՝ ողջ երկիրը։ Բայց մենք երկու եւ ավելի տարի վերլուծում ենք 2018-ի դեպքերը, սակայն, չգիտես ինչու, չենք անդրադառնում 1998-ի դեպքերին։

Անշուշտ, բազմաթիվ տարբերություններ կան Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հրաժարականների միջեւ, բայց կան նաեւ նմանություններ։ Մի դեպքում կուլիսային իրադարձությունների արդյունքում եղավ հրաժարականը, մյուս դեպքում՝ փողոցի ազդեցությամբ։ Առաջին դեպքում լայն հասարակությունը մասնակից չէր եւ տեղեկացված չէր, թե ինչ է կատարվում նախագահականում։ Թերեւս դրանով էր նաեւ բացատրվում հանրության իներտությունը։ Մանավանդ գործող անձինք բավականին իրարամերժ սցենարներ էին ներկայացնում, եւ մասնավորապես՝ գերակշռում էր ղարաբաղյան խնդրի տարբերակը։ Այն, որ ազգայնական ուժերը պարտադրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռանալ, որպեսզի կանխեն փուլային լուծումը՝ հավակնելով, որ իրենք ավելի լավ լուծում կգտնեն։ Ինքը՝ Տեր-Պետրոսյանն էլ այդ թեզը լայնորեն շրջանառության մեջ դրեց՝ «խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել» հայտարարելով։ Բայց իշխանության խոհանոցին ծանոթ մարդիկ շատ լավ գիտեին, որ Ղարաբաղը փոքր դերակատարում ուներ այդ հրաժարականի մեջ։

Իրականում Տեր-Պետրոսյանի իշխանությունը վաղուց հայտնվել էր փակուղում։ Եվ այդ փակուղին սկսվել էր դեռեւս 1994-1995 թվականներից, երբ երկրի նախագահը գնաց մի ամբողջ կուսակցություն փակելու եւ նրա առաջնորդներին ձերբակալելու քայլին։ Որքան էլ որ այդ մեղադրանքի հիմքում ճշմարտության նմանվող դետալներ կային, սակայն ՀՅԴ-ն փակելը, դաշնակցականներին կալանավորելը դարձավ Տեր-Պետրոսյանի վերջի սկիզբը։ Ապա 1995-ի խորհրդարանական ընտրություններում թույլ տված կեղծիքները, ողջ քաղաքական դաշտը մոնոպոլացնելը եւ մի ահռելի, անգաղափար միավորում՝ «Հանրապետություն» բլոկը ձեւավորելը փակուղու երկրորդ փուլն էին։ Փակուղին վերջնական դարձավ 1996-ին, երբ կոպտորեն կեղծվեցին ընտրությունները, սկսեցին հալածել ընդդիմադիրներին, 96-ի սեպտեմբերյան դեպքերին հաջորդեցին կալանավորումներ, ԱԺ-ում ծեծի ենթարկեցին Վազգեն Մանուկյանի կողմնակիցներին։ Հասկանալի էր, որ իշխանությունն ահռելի քայլերով սկսում է նահանջել ժողովրդավարության սկզբունքներից եւ գնում է դեպի մայրամուտ։

Այս իրադարձություններն ուղեկցվում էին խորքային, հասարակության համար անտեսանելի պրոցեսներով։ Երբ ՀՀ իշխանության վրա միջազգային ճնշումներ սկսվեցին, տարբեր մակարդակներից ազդակներ էին ուղղվում նրանց՝ անթույլատրելի վարքի հետ կապված։ Նրանց չէին հրավիրում միջազգային հարթակներ՝ այնպես, ինչպես այսօր գործող իշխանություններին, այցեր Հայաստան չէին լինում։ Ցանկացած մանր ու միջին կալիբրի հայ չինովնիկի առաջ, ամեն պատեհ առիթով, դնում էին Տեր-Պետրոսյանի թույլ տված սխալների ողջ փաթեթը։ Զրկում էին միջազգային աջակցությունից եւ հասկացնում, որ դուք կարմիր գծեր եք խախտում՝ Արցախի շուրջը գրաված տարածքները քիչ են, դեռ ներսում էլ ժողովրդավար ու առաջադեմ չեք։

Եվ պետությունը հետեւողականորեն սկսում էր մտնել փակուղի, ինչը հստակ տեսնում էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, չցանկացավ ամեն գնով աթոռին մնալ եւ 1998 թվականի փետրվարի 3-ին՝ շատերի համար անսպասելի, հայտարարեց․ 
«Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։ Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը եւ հայտարարում իմ հրաժարականը»։ 

Վերադառնալով մեր օրեր՝ նշենք, որ այսօրվա փակուղին ավելի խորն է ու տեսանելի։ 1998-ին Տեր-Պետրոսյանը հաղթած նախագահ էր՝ Արցախը չէր հանձնել եւ 5 հազար զոհ չէր տվել, բայց հասկացավ, որ երկրի կայունությունն իր պաշտոնավարումից կարեւոր է, եւ կամովին հեռացավ։ Ի դեպ, այդ ժամանակ էլ պարզ չէր, թե ով է ստանձնելու երկրի ղեկը, եւ այդ անորոշությունն էր նաեւ պատճառը, որ 98-ի նախագահական ընտրություններին 12 թեկնածու էր մասնակցում։ Բայց երկիրը դուրս եկավ այդ փակուղուց, եւ անգամ 98-ի ընտրությունների կեղծման պարագայում էլ ցնցումներ, անկառավարելի վիճակ ու անիշխանություն չառաջացավ։ Չստեղծվեց այն վիճակը, որն այսօր կա։

ՀԳ․ Մենք սեւեռվել ենք 2018-ի իշխանափոխության տարբերակի վրա, երբ փողոց հորդած մարդիկ հեղափոխություն արեցին, սակայն այսօր երկրում հասունանում է 1998 թվականի տարբերակը։