ՌԴ-ն ի վիճակ չէ օգնել ՀՀ-ին և Արցախին, նախընտրելին Արևմուտքը և Իրանն են․ ամերիկահայ քաղաքագետ

ՌԴ-ն ի վիճակ չէ օգնել ՀՀ-ին և Արցախին, նախընտրելին Արևմուտքը և Իրանն են․ ամերիկահայ քաղաքագետ

Շուտով կլրանա 4-րդ ամիսը, ինչ Ադրբեջանն ապօրինաբար շրջափակել է Լաչինի միջանցքը, 120․000 արցախցիների ենթարկելով հումանիտար աղետի՝ նրանց նկատմամբ իրականացնելով էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն։ Բաքուն շարունակում է ոչ միայն անտեսել համաշխարհային հանրության դապարտող կոչերն ու չկատարել Հաագայի միջազգային դատարանի պահանջը, այլև նոր սադրանքների է դիմում ԼՂ-ում և Հայաստանում։ Իրավիճակն իրապես օրհասական է, իսկ փորձագետները չեն բացառում նոր էսկալացիայի հավանականությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի դրսևորած առավելապաշտական քաղաքականությունը։

Ի՞նչ զարգացումներ սպասել առաջիկայում և որո՞նք են ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու ողջամիտ ելքերը:

«Հրապարակ»-ի զրուցակիցն ամերիկահայ հասարակական գործիչ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանն է։

- Ադրբեջանը շարունակում է շրջափակված պահել Լաչինի միջանցքը, անտեսում է միջազգային հանրության կոչերն ու պահանջները, դիմում է ռազմական նոր սադրանքների, զուգահեռաբար մեղադրելով, թե Հայաստանն, իբր, իր զինված ուժերը դուրս չի բերում Լեռնային Ղարաբաղից և խոչընդոտում է խաղաղության գործընթացին։ Բաքվի բացահայտ անպատժելիության այս հորձանքի դեմն ինչպե՞ս առնել։

 - Եթե կար ժամանակ, երբ պարզ չէր թե ինչպիսի՞ լծակներով պետք է ստեղծված իրավիճակը լուծել, հիմա արդեն շատ հստակ է, որ միմիայն լուրջ միջազգային ճնշումների միջոցով է, որ կարելի է առաջխաղացում արձանագրել։ 

Հայաստանը պարզապես չունի պետք եղած չոր ուժը՝ Ադրբեջանի հետ լայնամաշտաբ բախումներու գնալու, կամ այն սանձելի դարձնելու համար, և Ադրբեջանը գիտակցում է այդ իրականությունը։ Ադրբեջանը նաև գիտե, թե Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ներկա աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակների մեջ անհավանական է, որ հակադրվի իրեն՝ հօգուտ Հայաստանի։ 
Հետևաբար, Հայաստանին մնում է նախաձեռնել այնպիսի անկանխատեսելի միջոցներ եւ ճնշումներ, որոնք վերոհիշյալ սցենարի մեջ կկարողանան հավելյալ ազդեցիկ միջազգային ուշադրութիւն հրավիրել Լաչինի շուջ։ Այլապես, այս մաշեցման քաղաքականությունը կշարունակվի՝ աղետալի հետևանքներով։

- Արցախում ադրբեջանական զինուժը վերջին օրերին ինտենսիվորեն և պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, կրակում է խաղաղ բնակիչների վրա, տարածքային և դիրքային առաջխաղացում գրանցում որոշակի հատվածներում։ Հընթացս, Ալիևը Բաքու է հրավիրում Արցախի ներկայացուցիչներին՝ այսպես կոչված վերաինտերգրման հարցեր քննարկելու համար։ Այս շանտաժի ու վերջնագրի պայմաններում, ինչպիսի՞ն պետք է լինեն հայկական կողմի, այդ թվում՝ պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի գործողությունները։

- Ինչպես արդէն ակնարկեցի, Ադրբեջանի ծրագիրը մաշեցման քաղաքականությունն է, Արցախի և, ինչու չէ, նաև Հայաստանի բնակիչների հաշվին։ Իրենց քայլերը լավ ծրագրված և ոչ շատ ծանր գին պահանջող քայլեր են։ Միակ ելքը՝իրավիճակի վրա աննախընթաց ու հավելյալ միջազգային հետաքրքրություն հրավիրելն է, ինչը ինքն իր մեջ կարող է որոշ ռիսկեր պահանջել, սակայն միակ ձևն է մաշեցնող ընթացքից դուրս գալու համար։

- Նոր էսկալացիայի վերահաս վտանգի մասին շատ է խոսվում, ընդ որում՝ միջազգային փորձագետների, ԱՄՆ-ի, ՌԴ-ի և այլ երկրների պաշտոնական ներկայացուցիչների մակարդակով։ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է տեղակայել ՀՀ-ում, իսկ ՀԱՊԿ-ն հայտարարել է նման առաքելություն ուղարկելու մտադրության մասին։ Արևմու՞տք, թե՞ Ռուսաստան․ ըստ ձեզ, այս բևեռներից որի՞ն պետք է, ի վերջո, ապավինի Հայաստանը՝ իր անվտանգային շահերից ելնելով։

- Չնայած որ Հայաստանի նման սահմանափակ ուժի և համեստ կարողականությամբ պետության համար «կամ-կամ»-ի քաղաքականությունն այդքան էլ ճիշտ չէ՝ իր դաշնակիցներին կամ գործընկերներին ճշտելու ընթացքին, այսուամենայնիվ, պետք է հասկանալ, թե ո՞ր պետութիւնները ներկայումս ունեն հարկ եղած լծակները Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու, ու նաև՝ ո ՞ր պետություններն են պատրաստ «գին» վճարելու նման ճնշում բանեցնելու համար։ 

Ներկա իրավիճակում Ռուսաստանը ոչ ի վիճակի է, ոչ էլ պատրաստակամ իր առաքելությունները  ծախսելու՝ հօգուտ Հայաստանին կամ Արցախին։ Հետևաբար, մնում են Արևմուտքը և Իրանը, որոնցից յուրաքանչյուրը իր շահերից ելնելով շահագրգռված է հօգուտ հայկական կողմի՝ թեկուզ սահմանափակ ճնշումներ բանեցնելու։ Անշուշտ երկուսի պարագայում էլ ակնկալիքներ կան, որոնք պետք է բավարարվեն Հայաստանի կողմից։ Կգտնվի՞ բավականաչափ քաղաքական կամք՝ նման քայլեր վերցնելու. այդ արդեն կախված է ՀՀ իշխանություններից։

Զրուցեց՝ Արա Ալոյանը