Աշոտ Հովսեփյան․ Արդյոք ինքնաճանաչման ժամանակը չէ՞...

Աշոտ Հովսեփյան․ Արդյոք ինքնաճանաչման ժամանակը չէ՞...

Հայտնի բան է, չէ՞, թշնամուդ հեշտ կհաղթես, եթե նրան լավ ճանաչես: Իսկ որ մարդու թիվ մեկ թշնամին թերևս… հենց ինքն է, կարծում եմ՝ դա էլ մի մեծ գաղտնիք չէ: Եվ ուրեմն ինքն իրեն հաղթելու համար մարդը նախ պիտի ճանաչի հենց իրեն: Հնոց կողմանե հնուց ի վեր հո զուր չի՞ ասված. «Ծանիր զքեզ»...

Ի դեպ, հայտնի է նաև (այդպես են ասում), թե «Ծանիր զքեզ» ասույթը փորագրված է եղել Ապոլլոնի Դելֆյան (Դելփյան) տաճարի ճակատին: Չգիտեմ՝ իրականություն է՞ դա, թե՝ ոչ. ինքս չեմ տեսել, չեմ կարդացել, բայց որ ասում են, երևի թե հիմքեր չկան չհավատալու: Ավելին, ըստ մի ավանդության՝ այս իմաստությունն ունի հեղինակ, այն էլ՝ իմաստասեր, հույն իմաստասեր՝ սպարտացի Քիլոնը: Ըստ մեկ այլ ավանդության՝ հետագայում մեկ այլ հույն իմաստասեր՝ աթենացի Սոկրատեսը, երիտասարդ տարիքում իբր այցելում է Դելֆոս (Դելփիք): Նրան մեկեն հուզում ու հրապուրում է հիշյալ մակագրությունը: Եվ ըստ էության այն ոչ միայն մասամբ կանխորոշում է նրա ճակատագիրը` դառնալ փիլիսոփա, այլև որոշ չափով կանխորոշում է նրա փիլիսոփայական որոնումների հիմնական ուղղությունները: Ի միջի այլոց ասենք նաև, որ ենթադրվում է, թե նրա փիլիսոփա դառնալն ինքնին կանխորոշված է եղել նաև ոչ այնքան հաջող ամուսնությամբ, ինչը թերևս այլ զրույցի թեմա է: Աստ լոկ նշենք, որ ըստ պատմական տարբեր փաստերի համադրության, նրան՝ Սոկրատեսին է պատկանում (գու­ցե՝ ընդամենը՝ վերագրվում) հետաքրքրական մեկ այլ ասույթ, որ արտաբերել է նա մի երիտասարդի՝ իբրև խորհուրդ. «Ամուսնացեք, երիտասարդ, եթե ամուսնությունը հաջող լինի, դուք էլ կլինեք երջանիկ, իսկ եթե՝ ո´չ, ապա կդառնաք փիլիսոփա» (թերևս երևի՝ որպես արդյունքի ամրագրում՝ անձնական փորձառությամբ):

Եվ ուրեմն, Սոկրատեսն Ապոլլոնի տաճարի ճակատի մակագրությամբ հրապուրված՝ նախ և առաջ այն ընկալել է որպես մարդու էության, բնության, նրա կյանքի իմաստի ու նպատակի ճանաչողության կոչ, միով բանիվ՝ որպես մարդու կողմից աշխարհում իր ճիշտ տեղը ճանաչելու կոչ, որպես փիլիսոփայական խորհրդածությունների ելակետ: Ըստ այդմ՝ այդուհետ մարդը և այս աշխարհում նրա տեղն այլևս եղան հարցերի այն շրջանակը, որոնց վրա Սոկրատեսը կենտրոնացրեց իր ուշադրությունը: Ու այդուհետ նրա փիլիսոփայական որոնումներում տեղի է ունենում շրջադարձ՝ բնափիլիսոփայական հարցերի տիրույթից դեպի բարոյափիլիսոփայական հարթություն:

Վերոհիշյալ արձանագրումը՝ «Ծանիր զքեզ», որպես մարդ-անհատին ուղղված կոչ դիտելուց զատ՝ ամենևին էլ անընդունելի չէ այն դիտարկել նաև ազգերի առնչությամբ։ Առավել ևս՝ մեր նման ազգի, որ ըստ ամենայնի ինքնաճանաչման, ինքնամաքրման, ինքզինքը վերագտնելու կարիքն ունի անկասկած։ Եվ՝ աներկբայորեն։ Եվ ըստ այդմ՝ փրկվելու և վերհառնելու հրամայականների առաջ է կանգնած, քանզի կողոպտված, թերագնահատված ու բարդույթավոր­ված մի հանրույթի համար դա գոյապահպանման մի նոր շունչ կարող է հանդիսանալ և ի արդյունս՝ վերս­տին կայացման գրավական:

Այս առումով որպես ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐԻՆ պիտի ընկալել Սունյաց փրկիչ սպարապետի՝ Գարեգին Նժդեհի պնդումը, թե՝ «Գիտենք, որ ինքնաճանաչությամբ կարելի է տիրապետել այն տարերքին, որ հավիտենական է հայ էության մեջ... Հազար խորհուրդ ունի հայ հոգին, որ իր խանդավառ մարգարեին է սպասում, որ պիտի հայտնվի մի օր և այն բացահայտի մեզ»:

Ըստ այդմ, որպեսզի «Ծանիր զքեզ» արձանագրումը (Ապոլլոնի տաճարի ճակատից բացի) երբևէ չդաջվի նաև հայոց հանուր տապանաքարին, հարկ է գիտակցել ազգային համընդհանուր ցավի ճշգրիտ ախտորոշման անհրաժեշտությունը, այլև այդ գիտակցումով առաջնորդվել նաև դրանից ածանցյալ ազգային ու համընդհանուր առողջացման գործում: Ուստի հետամուտ այդ տեսլականին (հանց կասեին դաշնակցական մեր եղբայրները), նորեն ու նորեն անդրադարձ կատարելով ու ընթերցելով մեծերին, այդ առումով հրամայական անհրաժեշտություն է նախանձախնդիր ու խորազնին հայացք նետել հատկապես Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» հանրահայտ ու խորիմաստ խոհական ստեղծագործության (ավելի ստույգ՝ ստեղծագործական ԽՈՀԻ) բնագրային՝ ամբողջական տար­բերակից ներս, այլև ընթերցել նրա ոչ պակաս հետաքրքրական «Ավելորդը» պատմվածքը: Ընթերցեք, խնդրում եմ, ով դեռ չի ընթերցել (իսկ ով արդեն ընթերցել է, բնավ չի խանգարի՝ նորեն ու վերստին ընթերցել), ու կասկած անգամ չունեմ, որ կհամոզվեք, որ եթե իր ամբողջ կյանքում Դ. Դեմիրճյանն էլ ոչ մի բան չգրեր, նրա գրչի տակից այլևս ոչ մի բան էլ դուրս չգար, «Հայը» և «Ավելորդը» լիովին բավ էին նրան ոչ միայն հայոց դասականների տաճարում գրանցելու համար։ Ընթերցեք հայկական մումիայի (հանց Պարույր Սևակն է դիպուկ բնորոշել նրան) գրչի հիշյալ վեհ ու վսեմ արգասիքները։ Գուցե ներսից ճանաչեք ինքներդ ձեզ էլ։ Եվ ամենքս՝ մեզ...