Հատո՞ւկ են անում

Հատո՞ւկ են անում

Երբ այս տարիներին տեղի ունեցած տարբեր փաստեր ու երեւույթներ դնում ես կողք-կողքի, մի մեծ սեւ ցուցակ է ստացվում` այն բոլոր սեւ գործերի, որոնք իրականացվել են այս իշխանությունների թեթեւ ձեռքով: Եվ այդ ցուցակը ոչ միայն ժամանակի մեջ չի կրճատվում, չի ուղղվում, չի շտկվում, չի գնում պատմության գիրկը, չի ջրվում` բարի գործերով, այլեւ օրեցօր մեծանում է: Մենք ուղղակի չենք հասցնում հետեւել ու գրանցել այն բոլոր չարիքներն ու կորուստները, որ իշխանության ղեկին կանգնած այս թիմը բերում է մեր ժողովրդի եւ մեր պետության գլխին: Եվ որքան էլ փորձենք արդարացումներ փնտրել, կամ հավատալ իրենց բերած արդարացումներին, թե աշխարհաքաղաքական իրավիճակը, նախկինների թալանը, տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ են ընկած դրա հիմքում, կան բաներ, որոնք անգամ ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ բացատրել:

Ասենք, ինչո՞վ բացատրել Երեւանի ծառերի այս սպանդը, որ ձեռնարկել է քաղաքապետարանը վերջին տարիներին: Մի քանի հիվանդ մարդու ուղեղում ծնված այդ գաղափարն ինչո՞ւ են այս իշխանությունները համառորեն առաջ մղում` սթրեսի ենթարկելով, զայրույթ ու վրդովմունք պատճառելով անգամ իրենց համակիրներին: Ինչո՞վ բացատրես այն եռանդը, որով տարբեր տուրքերն ու պարտադիր վճարներն են բարձրացնում: Չգիտե՞ն, որ ՀՀ քաղաքացիների եկամուտները չեն ավելացել, եւ մեծ հարկային բեռը, բացի վրդովմունքից ու հայհոյանքից, ոչ մի այլ բան չի ծնելու:

Ի՞նչ իմաստ ունի երկրի առաջ կանգնած այս լուրջ մարտահրավերների թեժ փուլում ակադեմիական հանրությանն էմոցիոնալ հարվածներ հասցնելը` բուհերի միավորման, ակադեմիական ուտոպիստական քաղաք հիմնելու թեմաներով: Վերջապես` 120 հազար արցախցու ինչո՞ւ են վիրավորում՝ Արցախ պետության մասին հիշատակումն անգամ մերժելով: